Մի նամակագրության պատմություն
Արդեն մի քանի օր է` Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի անունից ու ստորագրությամբ Երևանի վարչական համայնքներում, նոտարական գրասենյակներում և այլ նմանատիպ հիմնարկներում, որտեղ քաղաքացիների ակտիվություն կա, բաժանվում են անվանական նամակներ: Այդ նամակների բովանդակությունը նույնն է` տարբեր են միայն հասցեատերերը: Պարզվում է` նման նամակ տպագրվել է 50.000 օրինակից: Համենայնդեպս, այդպես է գրված նամակում տեղադրված թղթի ներքևի մասում: Նամակները տեղադրված են «Ավելի լավ Երևան» անունը կրող ծրարներում: Բացի նամակից, ծրարում տեղադրված է նաև Տարոն Մարգարյանի քարոզչական բուկլետը:
Իր անունից տարածվող խնդրանք-նամակում Տարոն Մարգարյանը նախ նշում է, որ իր ասելիքը փոխանցելու այս ձևն առաջին անգամ է կիրառում: Ապա շարունակում է. «Անկեղծ ասած, մարդու իմ տեսակը հակված չէ ճառերի ու միտինգային վարվեցողության. ինձ համար միշտ նախընտրելի է եղել սրտամոտ, մտերմիկ զրույցը մարդկանց հետ, նրանց խնդիրը հասկանալն ու հոգսը հոգալը: Ես կողմ եմ անմիջական շփումներին` անկախ քաղաքական անցողիկ հարաբերություններից: Պաշտոնյա և քաղաքացի շինծու տարանջատումն ինձ համար ավելի քան հասկանալի չէ: Եվ, այդուամենայնիվ, նորից միասին կանգնած ենք ընտրության առջև: Ընտրությունգ նոր նախաձեռնությունների, փոփոխությունների, ընտրություն, որը կայունացման շարունակվող շղթայի հերթական հանգրվանն է, երբ ի մի են բերվում արվածն ու դեռ չարվածը, երբ սթափ գնահատական է տրվում առկա իրավիճակին, երբ բնակչությունն իր սատարող քվեով խրախուսում է իրականացվելիքն որ ծրագրերի մեկնարկը: Ավելորդ չեմ համարում բարձրաձայնել, նման աջակցության կարիքն, իհարկե, ունենք»:
Նույն` քաղաքացիներին ուղղված իր նամակում Տ. Մարգարյանը գրում է, թե նախորդ տարիներին մայրաքաղաքում իրականացվել են մեծածավալ ծրագրեր` քաղաքաշինության, ճանապարհաշինության, բարեկարգման, կանաչապատման և այլ բնագավառներում, բայց բուն բնակչի ամենօրյա, անմիջական հոգսերը թեթևացնելու, ապրելու միջավայրը բարելավելու, սոցիալ-կենցաղային կոնկրետ խնդիրները լուծելու առումով, «ընդունում եմ, վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց»: «Ինձ, առավել քան մեկ ուրիշի, հայտնի են այս ամենը, և գիտեմ նաև դրանց կարգավորման դժվարին, բայց իրական ուղիները:
Ես քաջ գիտակցում եմ նաև, որ դյուրին չէ միանգամից լուծել կուտակված խնդիրներն այն քաղաքի, որը գրեթե երեք հազարամյակի պատմություն և ավանդույթ ունի, և, դրա հետ մեկտեղ` կա նաև արդիական կյանքին ու պահանջներին համապատասխանելու հրամայականը: Բայց վստահ եմ, որ բանիմաց իմ թիմակիցներից զատ, մեր կողքին կկանգնեն մեր հարազատ քաղաքի` ինձ համար նույնքան հարազատ բնակիչները, չէ՞ որ առանց ձեզ հնարավոր չէ իրականություն դարձնել ավելի լավ Երևան ունենալու` բոլորիս համար ցանկալի վաղվա օրը:
Գուցե կասեք, որ դա ընդամենը բարի ցանկությո՞ւն է, կամ, որ մարդիկ կորցրե՞լ են հավատը: Ոչ, դա ավելի քան իրատեսական է ու հնարավոր»: «Բայց նախ` պետք է հաղթահարենք մարդկային ջերմության ու սրտացավ վերաբերմունքի ճգնաժամը մեր մեջ, մեր կյանքից դուրս մղենք հարևանի ցավ ու հոգսին անհաղորդ մնալու, ազգային և ընտանեկան բարի ավանդույթներն անտեսելու միտումը: Իսկ դա մենք կանենք միասին` իմ պրոֆեսիոնալ թիմակիցների հետ և ձեր աջակցությամբ»,- գրում է Տարոն Մարգարյանը:
Մեզ հետ զրույցում ՀՀԿ կենտրոնական շտաբի լրատվության պատասխանատու Շուշան Սարդարյան հաստատեց, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում թեկնածու Տարոն Մարգարյանի ստորագրությամբ անվանական նամակներ են ուղարկվում մայրաքաղաքի բոլոր ընտանիքներին:
Ծանոթանալով բնակիչներին ուղղված նամակների բովանդակությանը` «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով, նամակ գրել` նշանակում է` խուսափել ընտրողի հետ անմիջական շփումից: Իսկ պատճառները դրա համար, ըստ Ս. Սաֆարյանի` ակնառու են. «Ինձ համար այդ պատճառները չափազանց հստակ են` Տարոն Մարգարյանը չի կարողանում շարադրել իր մտքերն ու մտքեր չունի էլ, որ դրանք շարադրի: Չեմ ուզում շատ ծանրանալ, բայց իր կրթական ցենզով նա զիջում է ներկայացված բոլոր թեկնածուներին: Նա չունի ո՛չ Արմեն Մարտիրոսյանի («Բարև, Երևան») կրթական ցենզը, որը սպորտի բնագավառում, բայց մանկավարժական գիտությունների թեկնածու է, ո՛չ Արմեն Երիցյանի (ՕԵԿ), ո՛չ Վահագն Խաչատրյանի (ՀԱԿ), ո՛չ էլ Վարդան Օսկանյանի (ԲՀԿ): Տարոն Մարգարյանին ինտելեկտի առումով անգամ «Առաքելություն» կուսակցության երիտասարդ տղաներն են գերազանցում:
Սա է պատճառը, որ Տարոն Մարգարյանը խուսափում է բանավիճել մրցակիցների հետ, պատասխանել լրագրողների հարցերին և արդեն իսկ խուսափում է շփվել ընտրողների հետ»:
Նամակը վերընթերցելուց հետո Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, թե այն Տարոն Մարգարյանի կողմից չի կազմվել: «Այս ձեռագիրը, լիրիկական շեղումներն իրենը չեն: Մեկին նստացրել է, ասել է` գրի»,- շեշտեց նա` ավելացնելով, որ ողբերգություն է, երբ թեկնածուն խուսափում է մարդկանց հետ շփվել: Քանի որ նամակներն ու անգամ դրանց ծրարը գունավոր տպագրության են` Ստեփան Սաֆարյանը նկատեց, թե արդյոք որպես քարոզչական ծախս` դրանք ներառվա՞ծ են նախընտրական հիմնադրամում. «Այս նամակները, էժան հաճույք չեն, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ դրանք ուղարկված են Երևան քաղաքի բոլոր բնակարաններին: Ո՞վ է կատարում այս ծախսերը, որտե՞ղ են դրանք արտացոլված»:
Ս. Սաֆարյանի բարձրացրած հարցն ուղղեցինք Շուշան Սարդարյանին: Վերջինս պատասխանեց, որ ծախսերը կարտահայտվեն նախընտրական հիմնադրամի ծախսային մասում ու կդառնան հրապարակային միայն քարոզարշավի ավարտին: Այնուամենայնիվ, Շ. Սարդարյանը հավաստիացրեց, որ անվանական նամակների համար հատկացված գումարը տեղավորվում է նախընտրական հիմնադրամում առկա բյուջեի կազմում:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Տարոն Մարգարյանն անձա՞մբ է գրել նամակի բովանդակությունը, Շ. Սարդարյանը պատասխանեց, որ թեկնածուն քաջատեղյակ ու քաջածանոթ է բովանդակությանը:
Մեր ճշտող հարցին ի պատասխան, թե Տարոն Մարգարյանն անձա՞մբ է գրել նամակները, խոսնակը կրկնեց նախորդ պատասխանը:
Այնուամենայնիվ, մի հանգամանքում Ս. Սաֆարյանը համամիտ է նամակում տեղ գտած, մասնավորապես, այն արտահայտությանը հետ, թե «պետք է հաղթահարենք մարդկային ջերմության ու սրտացավ վերաբերմունքի ճգնաժամը», բայց, նա ընդգծեց, որ այդ ճգնաժամը ստեղծվել է հենց Տարոն Մարգարյանի ու իր կուսակցական «կլանի» միջոցով: «Տարոն Մարգարյանն այս ճգնաժամի խորացնողն է, այլ ոչ` վերացնողը:
Երևանը չարացած է, որովհետև Երևանը լավն է դարձել Տարոն Մարգարյանի ու իր կլանի ներկայացուցիչների համար, հարմարավետ ու բարեկարգ է դարձել կրկին իրենց համար:
Եթե Տարոն Մարգարյանն ուզում է վերացնել այդ ճգնաժամը, պետք է պարզապես չառաջադրվեր: Եթե 35 տարեկան տղան, որի միակ արժանիքը նախկին վարչապետի որդի լինելն է, եթե նա այդպես է կարիերա արել, անպատկերացնելի հարստության տեր է դարձել ոչ քրտինքով աշխատած միջոցներովգ որտեղի՞ց նրան թանկարժեք ավտոմեքենաներ, թանկարժեք տներ, հեկտարներով հողատարածքներ, երթուղային գծեր, շինություններ ոչ միայն մայրաքաղաքում, այլև` դրանից դուրս: Սոցիալական բևեռացումն ու ճգնաժամն առաջանում են հենց նման արատներից»,- կարծում է Ստյոպա Սաֆարյանը: