Գուրգեն Եղիազարյան. «Սերժ Սարգսյանը խոստացավ և խաբեց հայ ժողովրդին» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրավիրված մամլո ասուլիսում Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը խոսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին` բավական ինքնատիպ խորհուրդ տալով՝ «Տիգրան Սարգսյանից պրծնելու» համար, ինչը բավական զարմացրեց և միաժամանակ զվարճացրեց ներկա լրագրողներին:
Մի փոքր ավելի լրջանալով` Գ.Եղիազարյանն անդրադարձավ Հայաստանի առաջ ծառացած առաջնային խնդիրներին և նշեց, որ դրանք այն 11 կետերն են, որոնք նախագահ Սերժ Սարգսյանը չկատարեց իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում:
«Խոստացավ և խաբեց հայ ժողովրդին: Ես բազմիցս ասել եմ, և, այսպես կոչված, իշխանական թմբից որևէ մեկն ինձ չի ասել, թե սա կատարված է, սա կատարված է: Ես բազմիցս նշել եմ, որ այդ 11 կետերի մեջ նույնիսկ երկու կետեր կան, որոնց գրողներին ուղիղ քրեական պատասխանատվության պետք է ենթարկել, որովհետև ինքն էլ չի կարդացել` ինչ է խոստացել հայ ժողովրդին: Օրինակ` ի՞նչ էր նշանակում` «հայ ընտանիքները կապրեն 2 անգամ ավելի լավ»: Իսկ ի՞նչ է, ուզբեկ ընտանիքը պիտի չապրե՞ր 2 անգամ ավելի լավ: Եվ, ինչպես տեսաք, մենք մի 10 անգամ վատ ապրեցինք»,- ասաց Գ.Եղիազարյանը: Վերջինիս կարծիքով` առաջնահերթ խնդիրը գործող իշխանություններից ազատվելը և արդար ընտրությունների անցկացումն է:
«Եթե (այդ դեպքում.- Ա.Ս.) ընտրվեր Սերժ Սարգսյանը, ես ներողություն կխնդրեի, դուրս կգայի քաղաքականությունից, կասեի, որ ոչինչ չեմ հասկանում, թող ինքը կառավարի մեր երկիրը»,- հայտարարեց Գ.Եղիազարյանը:
«Այսօր Արևմուտքը տպել է Մագնիտսկու ցուցակը: Պարզվեց, թե էդ Մագնիտսկին ի՞նչ է արել, քանի՞ միլիարդ են գողացել Ռուսասատանից: Տո Մագնիտսկու հերն էլ անիծած, մյուսինն էլ: Ինչո՞ւ մենք մինչ օրս չենք տպում Պրեսկոտի ցուցակ: Շուտով ընտրություններ են լինելու: Ինչո՞ւ չենք տպում պրեսկոտատիպ էն կենդանիների ցուցակը, ովքեր գալիս են իմ երկիր միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ են գցում` ամեն անգամ ֆիքսելով ավելի խայտառակ ընտրություններ` որպես քայլ առաջ»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` Հայաստանի առաջին պաշտպանությունը ոչ թե Պաշտպանության նախարարությունն է, այլ ժողովրդավարական ընտրությունները, երբ թեկնածուն գիտի, թե իրականում նա քանի՞ քվե ունի:
«Այսօր ոչ ոք չգիտի` ինքը քանի ձայն ունի, նույնիսկ, ասենք, ՀՀԿ-ի Գևորիկից (ավելի շատ հայտնի է` որպես ՀՀՇ-ի Գևորիկ.- Ա.Ս.)՝ մինչև էսօրվա էս վարչապետը, անունը ո՞նց էր»,- ասաց Եղիազարյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: