
Արտո Թունջբոյաջյան. Չի կարելի ապրել օդի մեջ՝ մենակ մի «ջիփի» համար

«Armenian Navy bend» երաժշտական խմբի ղեկավար, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ մեր զրույցը տեղի ունեցավ ուշ երեկոյան, երբ Արտոն իրերն էր հավաքում ԱՄՆ մեկնելու համար: Սենյակում լրագրողներ կային, ովքեր, այսպես ասած` հերթ էին պահում հարցազրույց անելու համար:
Ուշադիր հետևում էի Արտոյի պատասխաններին` միևնույն ժամանակ նկատելով կենսուրախությամբ շղարշված մտահոգությունները: Դեռևս 2 տարի առաջ Արտոյին հանդիպել էի Ստամբուլում քրդական երաժշտական խմբի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ օրն Արտոն ավելի ընկճված էր, վիրավորված էր իշխանություններից, բայց այդ օրը մեր զրույցն այնքան կարճ տևեց, որ այլևս չհասցրեցինք խոսել այդ հարցերի մանրամասների մասին: Միայն վերջերս կարողացա հանդիպել Արտոյին, ում հետ մեր զրույցը սկսվեց նրա գլխարկի վրա գրված ուղերձից` «Love, respect truth»:
– Արտո, ո՞րն է այդ ճշմարտությունը, որ սիրում և հարգում եք:
– Պետք է աշխատել, որ ամեն ինչ մաքուր, անկեղծ լինի: Եթե չես կարող սեր դնել ամեն ինչի մեջ, ոչինչ, կարևորը` հարգես: Պետք չէ սիրել ամեն մեկին, բայց հարգանքն ու ճշմարտությունն անհրաժեշտ են:
– Իսկ ի՞նչ է ճշմարտությունը:
– Ճշմարտությունը չխաբելն է, որը սկսվում է ինքն իրենից: Ագահ պետք է չլինես, երբ սուտն ու ագահությունն իրար են միանում, ուրիշ բան են դառնում: Ես ագահ եմ երաժշտության մեջ, մեկ-մեկ էլ սուտ եմ ասում մամայիս` ասելով` հա, ուտելիքը կերել եմ, բայց չեմ կերել: Դա վտանգավոր սուտ չէ: Մարդն ամեն տեղ իրավունք ունի ապրել մարդու պես:
– Բայց լինում են դեպքեր, երբ ճշմարտությունն ասելով` տուժում ես:
– Ես երբեմն հայելի եմ լինում, և դա շատերին դուր չի գալիս: Երբ մարդ կեղտոտ միտք ունի, նույնիսկ բարևն այլ ձևով է ընդունում: Բայց դա նշանակո՞ւմ է, որ պետք է չասես: Կարևոր չէ: Մարդը պետք է կարողանա դուրս գալ այդ ոճից:
– Այսօր մեր երկրում ինչի՞ ճգնաժամ եք տեսնում: Ի՞նչն է պակասում մեզ:
– Մենք վախենում ենք: Երկու ձև կա. մեկը վախենում է և գիտի, թե ինչից է վախենում, մեկն էլ գիտի, որ վախենում է, բայց թատրոն է սարքում: Մեկը չի կարող կանգնեցնել մի բան` ճշմարտությունը կա՛մ ուրախ ձևով ես ընդունում, կա՛մ տանջվելով: Ցավալի է, մենք հիմա տանջվելով ենք ընդունում: Ո՞վ էր պատկերացնում, որ 30 տարի առաջ Խորհրդային Միությունը կքանդվի, բայց դա է կյանքը: Իմ ասածն էն է, որ մարդ պետք է ապրի ներկայով:
– Բայց ինչի՞ց ենք վախենում:
– Ժողովուրդը չի ուզում կանգնել դեմ դիմաց, բայց գիտենք, որ դրանից հանգիստ և ուրախ չէ մեր երկրի համար: Հա, մի մասը փող ունի ու արագ-արագ հարստանում է, բայց մի մասն էլ հնարավորություն չունի: Այդ ժամանակ հասկանում ես, որ ճիշտ ձևով չի կիսվում ամեն բան: Ես էլ ասում եմ` ճիշտ ձևով կիսվի, առողջ լինի ամեն ինչ, և կիսողներն էլ կարող է ավելի շատ փայ ունենան և կարող են դուրս գալ, հաց առնել: Ընդհանրապես, խոսում եմ աշխարհի մասին, երբ պրեզիդենտը չի կարողանում դուրս գալ, հաց առնել, ես հարցնում եմ ինքս ինձ` «բա հիմա դու ո՞ւմ պրեզիդենտն ես»:
– Ինչո՞ւ են մարդկանց զրկում մտածելուց:
– Դա նույնպես գալիս է վախից, երբ ուզում ես, որ ապրի քեզ հետ քո համեմունքները, պետք է ստեղծագործես, ապրես, եթե չես անում, ծուլանում ես ու սկսում ես պատմություններ հորինել, թե ինչի՞ չարեցիր: Սայաթ-Նովան, Չայկովսկին կամ Կոմիտասն ինձ չեն ասում, թե սա է ճիշտը, հակառակը` իրենք ասում են, որ իրենք ապրել են էսպես: Ես չեմ պատկերացնում իմ ձայնը հանող նոր սերունդ, որովհետև ես ուզում եմ նոր բան լսել:
– Ինչո՞ւ են մարդիկ նյութն ու ձևն ավելի շատ պաշտում, քան էությունն ու բովանդակությունը:
– Դա մոդա է: Եթե այսօր սուշին ուտում են ամեն տեղ, հայերն էլ են սկսում սուշի ուտել: Գիտես, հետո սկսում ես մտածել, գիտակցել, պատկերացնել: Ամեն մարդ իր ասելիքն ունի էս կյանքում, բայց էդ ասելիքը պետք է լինի իրենը: Գլոբալ շուկայի համար պետք է ասել գլոբալ խոսքեր կամ լոկալ խոսքը լոկալ համեմունքով պետք է բացատրես: Սա անում է սաղ աշխարհը: Ես դրա համար եկա էստեղ, որ կիսվեմ: Թուրքիայում քո տեսած խմբի հետ էլ ավարտեցինք նախագիծը, որովհետև իրենք այդքան ասելիք ունեին: Ես ուրիշ ասելիք ունեմ, որովհետև կյանքը քեզ չի սպասում:
– Իսկ ի՞նչ է կյանքը, կամ ո՞վ է մարդը։
– Ընդհանրապես էս բառերի (մատնացույց է անում գլխարկի վրա գրված բառերը.- Մ.Մ.) պակասը կա: Այսօր կարևոր են կրթությունը, մամուլը, սպորտը, կառավարողները, ովքեր մաս-մաքուր պետք է լինեն: Եթե սրանցից մեկը մաքուր չի լինում, համակարգը չի աշխատում:
– Հիմա ՀՀ-ում ո՞րը կամ ի՞նչը մաքուր չէ:
– Բոլորն էլ մաքուր չեն, որովհետև մի քանի մարդիկ կան, որ լսում են միայն իրենց ճիշտը, բայց դա լավ չէ, որովհետև ուրիշներն էլ ասելիք ունեն: Մենք էլ ասում ենք` ok, կարող է` ճիշտ է քեզ համար, բայց ուրիշների համար կարող է ճիշտ չլինի, լավ չլինի: Առանց հույսի սոված մարդն ամենավտանգավոր բանն է:
– Երբ 2011թ. Ստամբուլում ասուլիսին հանդիպեցիք, Դուք շատ վիրավորված էիք Հայաստանի իշխանություններից: Ինչո՞ւ էիք վիրավորվել: Անցա՞վ այդ վիրավորվածությունը:
– Գիտե՞ս, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Ok, քանի՞ հատ «Ջիփ» պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք: Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում: Ես հարցնում էի, թե երիտասարդի աչքն ինչո՞ւ է դուրս նայում: Ամեն վայրկյան միկրոսկոպիկ մի աչք է նայում մեզ: Հարգանք կա՞` էս մոմենտն է: Ճշմարտություն կա՞` էս մոմենտն է: Սեր կա՞` էս մոմենտն է: Ընդհանուր հնարավորություն կա, բայց մի ձևով չեն ուզում աշխատել:
Իսկ դրանից շահող չի լինի: Մի ուրիշ բան էլ կա` սերվիս արեք, ժողովուրդը թագավոր կդարձնի ձեզ: Գիտես, ես իմ մտքերով ուղղակի կիսվում եմ, իմ մտքերի պատճառով մեկը սոված չի մնա: Էսօր կոնսերվատորիա կա, երկու կոմպոզիտոր կա, ինչո՞ւ էդ տղերքը մի սենյակ չունեն, որ վարժվեն, նվագեն, շաբաթ-կիրակի համերգներ դնեն 500 դրամով, հետո էդ փողը հավաքեն, տանեն ստուդիա, ձայնագրություններ անեն: Լավ, հիմա եթե դու մի բան չես առաջարկում և ասում ես` լավը դրսում է, հետո ասում ես` երիտասարդները գնում են, բայց դու ես ցույց տալիս էդ ճանապարհը: Ամեն մարդ իր ասելիքի տեղն ունի, ամեն ազգ իր ասելիքի տեղն ունի, բայց պետք է հասկանա` ի՞նչ ես ասում:
– Հիմա մեր ազգի ասելիքը ո՞րն է:
– Մենք պետք է ունենանք մի նպատակ՝ ասելիք ունենալու համար: Այդ նպատակը պետք է խոսի, թե մենք ի՞նչ պետք է ասենք: Դրա համար մենք պետք է ասենք աշխարհին, որ սա արվեստագետների կենտրոնն է, որ մենք արևն ենք, որ մենք մարդկությանն ենք տալիս սեր, հարգանք և ճշմարտությունը:
– Դուք վերջերս ասել էիք, որ Ապրիլի 24-ը պետք է ընդունենք` որպես տոն:
– Ընդհանուր կյանքս Ապրիլի 24 է, բայց դա թիվ լինելով` գալիս-անցնում է, դա ամենաուրախ օրերից մեկն է: Դու տեսար, չէ՞, Թուրքիայում ես ինչպես էի կանգնում, երգում: Ես ապրում եմ, և նրանք, ովքեր մահացան, ապրում են ինձ հետ, բայց ես չեմ սիրում, երբ Ապրիլի 24-ն օգտագործում են: Հետո՞: Ի՞նչ ես պատկերացնում 100 տարի, 1000 տարի հետո, ի՞նչ ես առաջարկում: Դա է հայասիրությունն ինձ համար: Ի՞նչ ենք անում, որ Երևանը չդառնա Հայաստան, հիմա ինչքան ավտո երևում է փողոցներում, ասում են` տեսա՞ք, հարստանում ենք:
– Ի՞նչ կորցրեցիք Թուրքիայում:
– Ես մի բան չշահեցի, որ կորցնեմ: Ես ապրում եմ Անատոլիայի հողի փիլիսոփայությամբ ու մտքով: Անունը կարևոր չէ ինձ համար: Ես ասում եմ` մարդ մարդու պես պետք է ապրի: Ո՞ւր պիտի տանենք Կարսը: Իսկ դուք խաբար ունեի՞ք, որ ես «Armenian Navy bend»-ի հետ համերգ էի տվել Կարսում: Ես ասացի համերգի մասնակիցներին, որ իրենք ուզում են ներկայացնել այդ հողը, բայց մենք հասկանում ենք այդ հողի լեզուն, և այդ հողն էլ հասկանում է մեր լեզուն: Ժողովուրդը ոտքի ելավ, որովհետև բոլորն էլ ես էի: Ում համար լավ է, ում համար վատ է, բայց պետք է ոգևորվել, պետք է լինի մի նպատակ, թե չէ, չի կարելի ապրել օդի մեջ՝ մենակ մի «Ջիփի» համար: Էդ «Ջիփը» ճանապարհին մի տեղ կկանգնի:
– Եվ դեպի ո՞ւր ենք գնում:
– Ես էրթում եմ, բայց ես չեմ ասում, թե` իմ հետևից եկեք: Հետևից գալն ուրիշ է, ես միայն կիսվում եմ իմ մտքերով: Եթե ամեն մարդ կիսվի իր մտքերով, բոլորիս համար մի էրթալու տեղ կգտնենք: Պետք է դուրս ելնեք էն մտքից, որ հայաստանյան կուսակցություններն ուրիշ ազգեր են: Ինձ համար կարևորն էն է, թե ովքե՞ր են ուզում լավ բան անել էս ազգի համար: Ես միշտ էդ մարդկանց կողքին եմ: Հիմա էն մոմենտն է, որ բոլորը պետք է հավաքվեն, կիսվեն իրենց մտքերով, որովհետև էս ձևով չի կարող շարունակվել: Հիմա ի՞նչ պիտի ասես երիտասարդին` դուրսն ամեն ինչ լա՞վ է, թե՞ մնա էս երկրում և ստրուկ դարձիր:
– Հեղափոխությո՞ւն պիտի լինի:
– Հա, բայց դա լավ բան է: Ես էլ եմ անում, փոխում եմ երաժշտությունը, ինչի՞ կանգնեմ: Դա խնդիր չէ, նորից գալիս ենք ճիշտ ձևով կիսվելուն, որովհետև փոքր երկիր է, և խելացի ազգ է…
«168 ԺԱՄ»