Վահագն Խաչատրյանը՝ Տարոն Մարգարյանին. Չի կարելի այնպես անել, որ դուք դառնաք իշխանավորներ, մնացածներս՝ ստրուկներ (տեսանյութ)
Այսօր Ավան վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպեցին Հայ ազգային կոնգրես կուսակցության ավագանու թեկնածուները: ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ մինչև բնակիչներին հանդիպելը, ինքը Արամ Մանուկյանի ու Զոյա Թադևոսյանի հետ զբոսնել է Ավանով ու փորձել է հասկանալ, թե ինչ վատ հիշողություններ կան իր հետ կապված, սակայն ուրախացել է՝ պարզելով, որ վատ հիշոություններ ավանցիներն իր մասին չունեն:
Ներկաներին Վահագն Խաչատրյանը հավաստիացրեց, որ այն տարիներին, երբ ինքը քաղաքապետ էր, եղել են դժվար տարիներ և Ավանը ոչնչով չէր տարբերվում Երևանի մյուս համայնքներից, բացառությամբ՝ այն հանգամանքի, որ Ավան համայնքում մասամբ վերականգնվեց ջեռուցման համակարգը:
Վ. Խաչատրյանը նշեց, որ իշխանությունից հրաժարվելուց հետո իրենք չկարողացան իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել էին: Իսկ այսօրվա զբոսանքից հետո, Վ. Խաչատրյանի խոսքով, բացի մի քանի կանաչ բակերից, ըստ էության, Ավանում ոչինչ չի փոխվել: «Ընդհակառակը, վիճակն ավելի վատացել է: Այն տնտեսությունը, որը մենք էին թողել, և այն տնտեսությունը, որը հիմա կա, նույնն է: Միայն մի փոփոխություն կա, որ, ցավոք սրտի, ոչ մեկի երեսին ժպիտ չտեսա. մտահոգ, տխուր դեմքեր»,- նկատեց թեկնածուն:
Ավանում, Վահագն Խաչատրյանի խոսքով, ինքն ականատես եղավ ևս մեկ հանգամանքի. ըստ նրա՝ բնակիչները վախենում էին իրենց մոտենալ: «Սա այն Երևանն է, որը մերը չէ: Իսկ մենք չենք ուզում այսպիսի Երևանում ապրել: Ես չեմ ուզում, որ ինձնից վախենան, իշխանավորից վախենան, առավել ևս՝ քաղաքապետից վախենան: Չի կարելի (խոսքս վերաբերում է Տարոնին ու մնացածներին) այնպես անել, որ դուք դառնաք իշխանավորներ, մնացածներս՝ ստրուկներ:
Մենք նրա համար ենք, որ չթողնենք, որպեսզի Երևանում այլևս ստրուկ չլինի»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բուրժուադեմոկրատական հեղափոխություն ասելով նկատի ուներ՝ ազատվել այն իշխանավորներից, ովքեր մարդկանց փորձում են ստրուկ դարձնել:
Մանրամասնելով ՀԱԿ առաջնորդի բուրժուադեմոկրատական հեղափոխության առաջարկը, Վ. Խաչատրյանն ասաց, որ դրա արդյունքում է ծնվել ազատությունը, ազատ քաղաքացին, ազատ բիզնեսմենը, և իրենք ցանկություն ունեն հենց սա իրականացնել.
«Մենք հեղափոխություն չենք կարողացել իրականացնել վերջին հինգ տարիների ընթացքում: Հիմա ձեր առջև պարտականություն ունենք՝ ազատվելու այս իշխանությունից, որը մեզ կործանման է տանում: Մենք չենք վախենում ասել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կործանում է պետությունը»:
Վ. Խաչատրյանի խոսքով՝ իրենք վճռական են ու պատրաստ են համագործակցել ոչ իշխանական բոլոր այն ուժերի հետ, ովքեր համարում են, որ պետությունը կործանվում է: Նա նշեց, թե ավելի լավ գիտի երկրի խնդիրները, որովհետև իշխող կուսակցությունը անգամ «չի կարդում իր փաստաթղթերը»:
Նշենք, որ ՀԱԿ-ն այսօր նախատեսել էր երթ անցկացնել Ավանում, բայց անբարենպաստ եղանակի պատճառով, երթը չկայացավ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում