Անդրանիկի երազանքները ու «խոպանի» ճամփան (լուսանկարներ)

Անուշավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկին հանդիպեցինք, երբ դրսում միայնակ հողի հետ էր խաղում, նրա բոլոր հասակակիցները մանկապարտեզում էին, ինքը մանկապարտեզ չի հաճախում` վարձավճարն է թանկ: Իսկ ընդհանրապես գյուղում տղայի հասակակիցները քիչ են, այս գյուղից վերջին տարիներին 100 ընտանիք է արտագաղթել, նրանցից շատերի երեխաները 6-ամյա Անդրանիկի ընկերներն էին, հիմա կարոտում է նրանց, բայց Անդրանիկը լավատես է, ասում է` կարևորը, որ Նարինեն գյուղից չի գնացել, իսկ Նարինեն այն աղջիկն է, ում հետ Անդրանիկը «կլաս» է խաղում և ում ամենաշատն է սիրում: Հարցին, թե քա՞նի տարեկան է Նարինեն, Անդրանիկը սկզբում ասաց` 8, հետո` 5, ապա որոշեց` դա կարևոր չէ, փոխարենը չմոռացավ նշել. «Ինքը շատ սիրուն է»:

Նարինեին հանդիպել չկարողացանք, ինքն էլ էր մանկապարտեզում, Անդրանիկի մայրը պատմեց, որ մինչև կեսօր արդեն երեք անգամ գնացել է մանկապարտեզի մոտ, ետ է եկել, սպասում է, թե երեխաները երբ են ավարտելու, որ գան բոլորը միասին խաղան: Նշեմ, որ Անդրանիկը մեզ հետ զրուցում էր մեծ ոգևորությամբ, բայց երբ տեսախցիկի լույսն ընկավ աչքերին, միանգամից լացեց, սակայն ու՞մ է սիրում, ի՞նչ է ուզում ունենալ, ու ո՞ր խաղն է սիրում հարցերին, այնուամենայնիվ, պատասխանեց: Ամենաշատը սիրում է Նարինեին, ուզում է ունենալ գնդակ, որպեսզի խաղա իր ամենասիրելի խաղը`«տշոցի»:

Անդրանիկի ընտանիքում չորս երեխա են, փոքրն ինքն է: Ընտանիքը ապրում է սոցալապես ծայրահեղ ծանր վիճակում, գյուղում աշխատանք չկա, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար միջոցներ չունեն: Ընդհանրապես, Շիրակի մարզի գյուղերում տարածված մի խոսք կա. «Մենք հո էդքան հարուստ չենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվենք»,-ասում են գյուղի տարեցները ու մանրամասնում. «1 հեկտար հող մշակելու համար պահանջվում է 200.000 դրամ, քանի որ անհրաժեշտ է սերմ, պարարտանյութ, տեխնիկա, իսկ մի թեթև անբարեհաճություն եղանակի կողմից` ամբողջը կորցնում էս, բերք ստանալու դեպքում էլ իրացնել չես կարողանում, իսկ նեխած բերքը ստիպված թափում էս»:

Ընտանիքի սոցիալական վիճակը ազդել է նաև մյուս երեխաների վրա, Անդրանիկի մեծ քույրը` Աննան, դպրոցում լավ է սովորում, հարցին, թե ուզո՞ւմ էս ուսումդ շարունակել, պատասխանեց. «Հա, ուզում եմ, բայց …»,- բայցերի մասին Աննան խոսել չցանկացավ, հարցին, թե ի՞նչ դժվարություններ կամ ինչի՞ կարիք ունի, արագ ու կտրուկ պատասխանեց` ոչ մի բանի կարիք էլ չունեմ, ամեն ինչ լավ է, մայրը կողքից միջամտեց՝ հպարտ է:

Միջնեկ եղբայրը` Պարույրն էլ, սկսեց թվարկել այն առարկաները, որոնցից գերազանց գնահատական է ստանում, սակայն հարցին, թե ի՞նչ մասնագիտություն է ընտրել, պատասխանեց`հենց դպրոցն ավարտի, պիտի գնա խոպան` աշխատելու, որովհետև այնտեղ լավ են վաստակում, իսկ իրենց գումար է պետք, իսկ առաջին աշխատավարձին պետք է վերանորոգի իրենց վթարային և խոնավ տունը: Նպատակն իրականացնել ցանկանում է որքան հնարավոր է` շուտ, քանի որ վթարային ու խոնավ տանը մայրը ձեռք է բերել հոդային հիվանդություն, իսկ քույրերի և եղբայրների մոտ մրսածությունից հետո առաջացած հազը դարձել է խրոնիկ:

Նաիրա Նալբանդյան

Galatv.am

Ֆոտոշարքը՝ Տիգրան Գասաբյանի

Տեսանյութեր

Լրահոս