Փոստանջյանը հիշեցնում է առաջին նախագահի տարիքը. նա այլևս չի կարող զբաղվել քաղականությամբ

Հետընտրական զարգացումներին և, մասնավորապես, մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ես կարող եմ ասել, որ հետընտրական այս գործընթացները մի հանգրվանի են հասել, որտեղ մենք ունենք հաղթանակած ժողովուրդ, ովքեր իրենց բաժնետեր են համարում: ՀՀ քաղաքացիները ապրիլի իննին հստակ ցույց տվեցին այն գիծը` նշելով, որ այլևս չեն ճանաչում այն սուտը, կեղծիքը, որը ապրիլի իննին տեղի էր ունենում մեկ այլ վայրում»,- նշեց Զ. Փոստանջյանը:

Նա հայտնեց, որ ուրբաթ օրը հրավիրված է քննարկում, որը բաց է, և որին կարող են մասնակցել բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ցանկանում են: «Մենք կուսակցական խնդիր չենք լուծում, կուսակցական դրոշները վայր ենք դնում, այստեղ կարևոր է քաղաքացու խնդիրը»:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությունը, Զարուհի Փոստանջյանը ասաց. «Ես հարգում եմ Լևոն Տեր -Պետրոյանի այն հայտարարությունը, որ իր տարիքը այլևս չի ներում, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ: Ես Ամանորին երեք նախագահներին ուղարկել էի բացիկ, որը քանդված Բաբելոնյան աշտարակն էր: Ես նրանց դիտարկում եմ որպես քանդված Բաբելոնյան աշտարակ, այս քսան տարիների ընթացքը, և նրանց կառավարման շրջանը ևս համարումեմ ձախողված: Այդ բուրգը հիմնադրել են այդ երեք անձինք, ինքն այլևս այդ տարիքում չի գտնվում, որ զբաղվի քաղաքականությամբ»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ շատ է ցավում, որ հատկապես ՀՅԴ անդամները ճիշտ չեն հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները: «Ես շատ եմ ցավում, որ այդպիսի փորձված քաղաքական գործիչը չի ընկալել: Մենք գործ ունեինք ահաբեկչական գործողությունների հետ, որը նախաձեռնել էր ահաբեկիչ Սերժ Սարգսյանը, և մենք չպետք է գնայինք ահաբեկչության: Եթե չեն ընկալում, ապա ես կարող եմ նրանց հետ առանձին զրույցներ ունենալ և բացատրել: Մենք այսօր չունենք բանտախցում մարդիկ, չունենք զոհեր և ծանր վիրավորվածներ»:

Խոսելով ավագանու ընտրություններից` Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Ժառանգությունը ամրագրելու է հաղթանակ և «Բարև, Երևան» դաշինքը մեծամասնություն է կազմելու:

Մեր այն հարցին, թե մտավախություն չունեք, որ այս ընրություններում ՀՀԿ-ն հօգուտ Տարոն Մարգարյանի տոկոներ կխփի և, ընդհանրապես, այս օրերին ավելացել են խոսակցություններն ու ահազագներն այն մասին, որ մայրաքաղաքի տարբեր շրջաններում ընրակաշառք է բաժանվում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, մենք խփելով չենք զբաղվում, և այդ հարցը կարող ենք ուղղել խփողներին: Հաշվի առնելով ներկայիս քաղաքական ուժերի վարքագիծը`խտացրած կաթ բաժանողներից ազատ և արդար ընտրութուններ սպասել, իհարկե, պետք չէ: Մենք միամիտ չենք, բայց մենք ունենք կայացած հասարակություն և խտացրած կաթով այսօր իր քվեն նա չի վաճառի»:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս