Բաժիններ՝

Հակառակ ծայրից սկսելու հետևանքները

Օրեր առաջ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանն իր մոտ խորհրդակցության էր հրավիրել շինարարական ոլորտի ներկայացուցիչներին՝ շինարարության ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին պետական մարմինների, Շինարարների միության, նախագծային ինստիտուտների, ինչպես նաև խոշոր կառուցապատող ընկերությունների, միջազգային կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ Տ. Դավթյանը նշել է, որ այս տարի տնտեսությունն աճ է արձանագրել, սակայն շինարարության ոլորտի ցուցանիշները գոհացնող չեն (արձանագրվել է 8% անկում), և հավելել է, որ ոլորտի վերականգնման խնդիրները գտնվում են ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում: «Մեր հանդիպման նպատակն է` քննարկել և վերհանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացմանը, ինչպես նաև հասկանալ պետական աջակցության հնարավորությունները ոլորտի աճի տեմպերը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Տ. Դավթյանը:

Թվում է՝ ոչ մի զարմանալի բան չկա. նորմալ աշխատանքային պրոցես է։ Սակայն սա` միայն առաջին հայացքից։ Որովհետև շինարարության ոլորտի խնդիրները պետք է փնտրել այդ ոլորտից դուրս։

Շինարարությունը ոլորտ է, որը արտադրանք է տալիս և ունի սպառող, այսինքն՝ պահանջարկ։ Իսկ այդ պահանջարկի ներկայացնողն, առաջին հերթին, անշարժ գույքի կարիք ունեցող բնակիչն է։ Եթե շինարարությունն անկում է ապրում, նշանակում է` դրա արտադրանքի նկատմամբ պահանջարկը թուլանում է։
Այն մասին, որ պահանջարկը թուլացել է և շարունակում է թուլանալ, վկայում է նաև անշարժ գույքի գների նվազումը, օտարման գործարքների քանակի կրճատումը։
Պահանջարկի նվազման մասին խոսում է նաև հիպոթեքային վարկերի աճի տեմպի թուլացումը։

Գծապատկերում ներկայացված է, թե մեկ տարվա կտրվածքով որքանով են աճել առևտրային բանկերի կողմից վարկավորման ծավալները՝ ընդհանուր կտրվածքով, ինչպես նաև՝ շինարարության ոլորտին տրամադրված և հիպոթեքային վարկերի գծով։

Varkeri-ach

Ներկայացված է վարկավորման ծավալը յուրաքանչյուր տարվա փետրվարի վերջի դրությամբ` վարկերի ծավալի աճը՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ:
Օրինակ՝ 2013 թվականի փետրվարի վերջի դրությամբ հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է 127.5 միլիարդ դրամ, ընդհանուր վարկերի ծավալը՝ 1 տրիլիոն 551.6 միլիարդ դրամ։

Նախորդ տարվա փետրվարի համեմատ` վարկավորման ընդհանուր ծավալն աճել է 24%-ով։ Մինչդեռ հիպոթեքային վարկերի աճի տեմպն ավելի ցածր է եղել՝ 16%։ Իսկ շինարարության ոլորտին տրված վարկերն աճել են ընդամենը 4%-ով։
Մինչդեռ, օրինակ, 2007 թվականին պատկերը հակառակն էր. վարկավորման ընդհանուր ծավալներն աճել էին 32%-ով, այդ թվում` շինարարությանը տրված վարկերինը՝ 66%-ով, իսկ հիպոթեքային վարկերինը՝ 115%-ով։

2008 թվականին նույն պատկերն էր, ինչը նշանակում էր, որ հիպոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը շատ ավելի արագ էր աճում, քան մյուս վարկերինը. մարդիկ անշարժ գույք էին գնում։ Ճգնաճամային տարում հիպոթեքային վարկավորման առաջանցիկ աճի տեմպը պահպանվեց, սակայն թուլացավ։
Իսկ 2010-ին հիպոթեքային վարկերը զրոյական աճ են ունեցել, այն դեպքում, երբ ընդհանուր վարկավորման ծավալներն աճել են 18%-ով։

Եվ վերջապես, 2012թ. և 2013թ. փետրվարի վերջի դրությամբ` շինարարության և հիպոթեքային վարկերի ծավալների աճի տեմպը զգալիորեն ետ է մնում ընդհանուր վարկավորման ծավալների աճի տեմպից։

Սա զարմանալի ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված երիտասարդների համար մատչելի վարկերի ապահովմանը։ Նվազել են տոկոսադրույքները, բարելավվել են պայմանները, սակայն հիպոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը բավարար չափով բարձր չէ։
Իսկ սա անմիջականորեն ազդում է շինարարության ոլորտի վրա։ Եթե չկա պահանջարկ, եթե նախկինում կառուցված շենքերի բնակարանները դատարկ են, ապա նորը կառուցելու իմաստ չկա։

Իսկ ինչո՞ւ է նվազում պահանջարկը՝ դա արդեն այլ հարց է։ Որը ունի շատ պարզ, և միևնույն ժամանակ, ցավալի պատասխան. մարդիկ իրենց ապագան Հայաստանում չեն պատկերացնում։

Օրինակ՝ «Գելլափ» կազմակերպության կողմից վերջերս հրապարակված հարցման արդյունքներով` հայաստանցիների 40%-ը պատրաստ է մշտական բնակության մեկնել այլ երկիր, եթե նման հնարավորություն ընձեռվի։ Սա նշանակում է, որ այս մարդիկ բավարար գումար ունենալու դեպքում ոչ թե Հայաստանում անշարժ գույք ձեռք կբերեն, այլ կփորձեն այդ գումարով հաստատվել Հայաստանի սահմաններից դուրս։

Իսկ ՀՀ միգրացիոն պետական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ-ից մեկնածների թիվը 22.100 մարդով գերազանցել է ՀՀ ժամանածներին։ Ինչպես արդեն այդ մասին գրել ենք՝ գործ ունենք արտագաղթի ռեկորդային ցուցանիշի հետ։
Ի դեպ, օրեր անց կհրապարակվեն նաև հունվար-մարտի միգրացիոն ցուցանիշները, որտեղից կերևա, թե նախագահական ընտրություններն ինչպես են ազդել միգրացիոն պրոցեսների և ՀՀ անշարժ գույքի շուկայի վրա։

Կարճ ասած՝ շինարարության շարունակվող անկումն ու անշարժ գույքի շուկայի լճացած վիճակի պատճառներն ավելի ճիշտ կլիներ փնտրել արտագաղթի պատճառների շրջանակներում։ Մինչդեռ մեր իշխանությունները սկսել են հակառակ ծայրից՝ իրենց մոտ են հրավիրում խոշոր կառուցապատողների և այլոց և «նեղ կրուգում» փորձում հասկանալ անհաջողությունների պատճառները։ Դրանից հետո ամենևին զարմանալի չէ, որ շինարարության ոլորտի ցուցանիշները շարունակում են «թարս բուսնել»՝ բացասական նշանով:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս