Բաժիններ՝

Ինչպիսի՞ն է հակադիպուկահարի աշխատանքը

Topwar.ru կայքում հրապարակվել է Օլեգ Տարանի «Հակադիպուկահարներ. Աշխատանք «գաղտնի» մակագրությամբ» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Դեմքով հակադիպուկահարներին ճանաչում են միայն նրանց գործընկերները: Եթե նրանք երբեմն էլ հայտնվում են ամենուրեք գտնվող լրագրողների տեսախցիկների ու ֆոտոխցիկների առջև, ապա միևնույն է` նրանց դեմքը շարունակում է մնալ անճանաչելի, քանի որ նրանք կրում են սև դիմակներ:

Նրանք հակադիպուկահարային էլիտար թիմի մարտիկներն են, որոնց գլխավոր առաջադրանքը պահպանության տակ գտնվող «օբյեկտի» նկատմամբ մահափորձի կանխումն է: Նրանց աշխատանքը խոշոր գաղտնիք է, նրանք չեն սիրում խոսել այդ մասին, իսկ եթե ինչ-որ բան էլ պատմում են, ապա դա անում են առանց մանրամասների` ազգանունների ու գործողության վայրերի:

Նրանցից մեկը պատմել է հետևյալը. «Մեր աշխատանքը սկսվում է շատ ավելի վաղ, քան մենք բարձրանում ենք տանիքների վրա` պաշտպանելու համար զանգվածային միջոցառումներին մասնակցող  երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին: Երբ հայտնի է դառնում ժողովրդի հետ նախագահի կամ վարչապետի հանդիպման վայրը, հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատակիցները զննում են տվյալ տարածքը:

Դրա հետ մեկտեղ հստակեցվում են մեզ համար ամենահարմար դիրքերը: Սովորաբար, դրանք ամենաբարձր շինություններն են: Մենք գործում ենք լեռնային պատերազմի սկզբունքով. ով ավելի բարձր դիրքում է, նա ավելի ուժեղ է: Բացի այդ, հետազոտվում են այն տեղերը, որոնք կարող են հարմարավետ լինել չարագործների համար:

«Դիպուկահարմար» բնակարանների բնակիչների հետ տարվում է օպերատիվ աշխատանք` պարզելու համար, թե նրանցից ով կարող է պոտենցիալ մասնակցել մահափորձին, կամ էլ օգտագործվել այսպես ասած կուրորեն:

Դրան զուգահեռ աշխատում են վերլուծաբանները` հաշվարկելով իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները և բացահայտելու նրանց, ովքեր կարող են կազմակերպել մահափորձ: Ստացված նյութերից ուրվագծվում է խոցելի տեղերի, պոտենցիալ վտանգավոր ուղղությունների և կրակոցի հնարավոր սեկտորների պատկերը:

Կազմվում է հատուկ նշումներով սխեմա, ուր նշվում են մեր թիմի համար ենթադրյալ «հատուկ նշանակության գոտիները»: Բացի այդ, մեզ տալիս են այն անձանց լուսանկարները, որոնց հայտնվելը միջոցառման ժամանակ խոստանում է մեծ տհաճություններ:

Բնականաբար, ծայրահեղ անցանկալի տարբերակ է համարվում ամբոխի մեջ նրանց սպանելը, սակայն մեզանից յուրաքանչյուրը, «հակառակորդին» տեսնելով նշանառության տակ կամ հեռադիտակով, կարող է ռադիոկապով նրա վրա ուղղել օպերատիվ աշխատակիցներին:

Ուսումնասիրելով սխեման` մենք շրջադիտում ենք տեղանքը, ընտրում ենք մեր ապագա դիրքերը և զննում ենք «դիպուկահարավտանգավոր» տեղերը: Այդ ամենն իրականացվում է քողարկված ճանապարհով` առանց քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու:

X օրն իրականացվում է հավելյալ հրահանգում, և թիմը մեկնում է դեպքի վայր, ինչն արվում է միջոցառման սկսվելուց շատ ավելի առաջ: Հաշվի առնելով այն, որ ժողովուրդը մեծ հետաքրրություն է ցուցաբերում բոլոր ասնովոր բաների վրա, որոնք կատարվում են բակում, փողոցում կամ էլ հրապարակում, մենք ստիպված ենք լինում կիրառել տարբեր հնարքներ:

Օրինակ, մենք չափազանց հազվադեպ ենք բաց եղանակով տեղափոխում զենքը: Սովորաբար օգտագործում ենք հատուկ պայուսակներ: Մենք հագնում ենք «աննկատ կոմբինեզոններ»: Վերին հարկերի բնակիչների հետ նախապես իրականացվում են պրոֆիլակտիկ միջոցառումներ, որպեսզի օպերացիայի թեժ պահին նրանք չձախողեն մեր աշխատանքը`մեզ տեսնելուց հետո կանչելով իրավապահներին:

Հակադիպուկահարային թիմը մշտապես բաժանվում է զույգերի: Դա տևական ժամկետով դիտարկման ժամանակ մի փոքր հանգստանալու հնարավորություն է տալիս նրանցից մեկին, իսկ այդ ընթացքում մյուսն իրականացնում է ուժեղացված ռեժիմով դիտարկում:

Բնականաբար, հանգստանալ ասվածը չափազանցություն է: Հանգստանալ միայն նշանակում է հայացքը ոչ մեծ ժամկետով կտրել դիտարկվող կողմից: Այդ ընթացքում կարելի է կատարել մի քանի հատուկ վարժություն`մկանների ամրապնդման ու աչքերի արյան շրջանառության բարելավման համար:

Հակադիպուկահարի հիմնական առաջադրանքը դիտարկումն է, դիտարկումը և ևս մեկ անգամ դիտարկումը: Ընդ որում, պետք է կասկածանքով վերաբերվել քո ոլորտում գտնվող ամեն ինչի նկատմամբ: Պետք է քեզ դնես հակառակորդի տեղը, այսինքն, թե ինչպես կվարվեիր դու «այն կողմում»:

Այդ ժամանակ սկսում ես առավել սուր ընկալել թե´առջևի մութ ձեղնահարկը, թե´ հարևան բարձրահարկ շենքի վերին հարկում ոչ եղանակային պատճառով բացված պատուհանը, թե´ ներքևում գտնվող մեքենան, որի վարորդը համառորեն ցանկանում է օղակված գոտով անցնել  հենց այն ժամանակ, երբ պահպանության տակ գտնվող «օբյեկտը» ժամանում է միջոցառման վայր:

Դու այդ ամենի մասին զեկուցում ես հրամանատարին և հաշվված րոպեներ անց դու իմանում ես, որ ձեղնահարկն արդեն իսկ խուզարկված է, տեսնում ես, որ պատուհանը շուտափույթ փակվեց, իսկ համառ ավտոսիրողին իր մեքենայի հետ տեղափոխեցին պարզաբանումների նպատակով:

Եվ ահա հայտնվում է «օբյեկտը», որին մենք պաշտպանում ենք: Այն  վայրկյանից սկսած, երբ նա լքում է զրահապատ մեքենան, մեր ուշադրությունը եռապատկվում է, եթե ոչ տասնապատկվում: Այժմ դու քո դիտարկման գոտին բաժանում ես օպտիկական նշանառության տեսանկյունից հավասար հատվածների և սկսում ես մանրամասնորեն ու դանդաղորեն հետազոտել դրանք:

Հիշեցի մի դեպք, երբ ես պառկած էի և իրականացնում էի դիտարկում, և հանկած տեսա, որ դիմացի շենքի պատուհանը բացվեց դանդաղորեն և ինչ-որ բան փայլեց: Հեռադիտա՞կ է, այո´, հաստատ հեռադիտակ է: Վերցնում եմ ռադիոկապի միջոցը` զեկուցելու համար իրավիճակի փոփոխման համար և վերջին պահին նկատում եմ, որ հեռադիտակը գտնվում է մոտ 10 տարեկան տղայի ձեռքում:

Այ քեզ հետաքրքիր տղա, ժամանակ ես գտել դրա համար: Ապա նրան թիկունքից մոտեցավ մի տղամարդ, հավանաբար հայրն էր և փակեց պատուհանը: Ընդ որում, դա կրակելու համար ամենահարմար վայրն էր:

Եղել է նաև այսպիսի դեպք: Ամբոխի միջից ուշադրությունս գրավեց սպիտակ փաթեթով մի մարդ: Մի կողմից, որ նա արդեն իսկ անցել է օղակված գոտուց, նշանակում է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, սակայն մյուս կողմից էլ նա նպատակամղված առաջ է ընթանում գլխավոր տրիբունայի ուղղությամբ:

Ես այդ մասին հայտնում եմ ռադիոկապով և նրան առնում եմ նշանառության տակ: Ես գնահատում եմ իրավիճակը` նա դեռ բավական հեռու է պետության առաջին դեմքից և եթե փորձի դա անել, ապա դա կկանխվի, ես նույնպես թույլ չեմ տա դա:

Եվ հանկարծ, տեսնում եմ, որ ինչպես մարդկային ծովում սառցահատներ` նրա վրա նետվեցին մի քանի «աննկատ աշխատակիցներ», բռնեցին նրա թևերից և տարան մեքենաներից մեկի մոտ: Այդ ամենն իրականացվեց այնքան արագ, որ «օբյեկտի» վրա աչքը հառած ժողովուրդը ոչինչ էլ չնկատեց:

Ավելի ուշ պարզվեց, որ նա հասարակական շարժումներից մեկի ղեկավարն էր, իսկ նրա ձեռքում եղած սպիտակ փաթեթը պարունակում էր պետության ղեկավարի պատկերով պաստառներ, որոնց նա ցանկանում էր բաժանել ամբոխում կանգնած իր ակտիվիստներին:

Հակադիպուկահարի աշխատանքն ավարտվում է այն ժամանակ, երբ «օբյեկտը» նստում է մեքենա և հեռանում է: Վերջ: Դրանից հետո մենք պատասխանատվություն չենք կրում նրա համար: Մեր թիմը կատարել է իր գործառույթները: Այժմ գլխավորն աննկատ հեռանալն է»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս