Գագիկ Գինոսյանը ապրիլի 9-ից հետո վախենում է, որ կլինի հիասթափության ու արտագաղթի հերթական ալիք
Ռազմական տերմինալոգիայով ասած՝ ամրոցը անառիկ լինել չի կարող, քանի դեռ այն լքում են: Tert. am -ի հետ զրույցում ասել է Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, ով հորդոր ու խնդրանք ունի հայ մարդկանց՝ չլքել Հայաստանը :
«Յուրաքանչյուր հայ մարդ՝ տեսակով հայ մարդ, ոչ թե անձնագրով ու ազգությամբ, պետք է իր մեջ տոկունություն գտնի մնալու: Եթե մենք ուժեղ լինենք, ի վերջո, կգնան վատերը՝ նրանք, ովքեր երկիրը հասցրել են այս վիճակի»,- ասել է արվեստագետը:
Նա նաև ասում է, որ մանկական միամտություն է այս երկրում փոփոխություններ սպասել, քանի դեռ հայ մարդը չի շտկել իր մեջքը , քանի որ խոսք կա՝« Ձին ինչքան ավելի կռանում,գլուխը կախում է, այնքան ավելի հեշտ են թամբում»:
Գագիկ Գինոսյանն այս մասին մտածել է առաջարկում ոչ միայն իր նշած՝ տեսակով հայ մարդուն, այլև անգամ իշխանավորներին ու օլիգարխներին, ովքեր նրա խոսքով՝ ոչինչ չեն անում, որպեսզի երկրում մի փոքր շունչ ու մի փոքր թթվածին ավելանա, որ մարդիկ շնչահեղձ չլինեն ու հերթական անգամ, ոչ թե թուրքի ձեռքով, այլ իշխանությունների պատճառով սեփական հայրենիքից չարտագաղթեն:
Արվեստագետը նրանց միայն հիշեցնում է, որ եթե այս երկիրը վերջնականապես քանդվի, ապա ոչ միայն հարստահարված ժողովրդի, այլև նաև նրանց երեխաներն են մնալու այդ փլատակների տակ:
«Որոշ պատգամավորներ, որոշ գործիչներ հիմա հայտարարում են. «Չէ՞որ մերոնք մեկ ա խոպանչի են, մեկ ա խոպան են գնալու»: Նման մարդկանց պետք է ասել, որ առաջին խոպանչին ինքն է, որ այդպես է մտածում իր ազգի մասին: Ով, ինչ մտածում է իր ազգի մասին, ինքն առաջինն է: Եվ Նժդեհի բառերով կասեմ. «Այն բարձրագույնն ու վեհը, կատարյալն, ինչ-որ կա իմ հայրենիքում, դա է Հայաստանը և հայ ժողովուրդը»: Հայաստանը Կոմիտասն ու Նժդեհն են, ոչ թե կոռումպացված ու պատգամավորական խավը»,- ասել է նա:
Ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին մասնակցելու, այլ ժողովրդի ցավը կիսելու նկրտումներով Ազատության հրապարակում լինող Գագիկ Գինոսյանը, ապրիլի 9-ից հետո վախենում է, որ կլինի հիասթափության ու արտագաղթի հերթական ալիք:
«Շատ-շատ մարդիկ հույսով վերադարձել էին։ Ազատության հրապարակում շատ մարդկանց հետ եմ զրուցել, Ռուսաստանից, Եվրոպայից մարդիկ եկել էին, որ ինչ-որ բան փոխվելու է , և իրենք տասը, քսան տարի հետո վերադառնալու են հայրենիք»,- ասել է նա :
Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայի երթին մասնակցած Գագիկ Գինոսյանը չի կիսում այն մարդկանց հիասթափությունը, ովքեր հիասթափվել էին Րաֆֆի Հովհաննիսյանի ու ոստիկանապետի համատեղ աղոթքից։
« Ինձ թվում է՝ պետք էր իր որոշումների մեջ ավելի վճռական լիներ, բայց եթե գնացել էին, այնտեղ գնալ-հասնելուց հետո չեմ կարծում, որ չաղոթելն ավելի ճիշտ ճանապարհ էր» ,-մեկնաբանել է նա :
Բայց Գագիկ Գինոսյանն էլ կարծում է, որ, ի վերջո, Ծիծեռնակաբերդ կարելի էր գնալ ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 9-ին համատարած դժգոհությունը շատ ավելի ուրիշ ձևերով և ուղղորդված արտահայտել:
«Էդ ընդվզումը չերևաց, որովհետև ուղղակի շատ գրագետ դժգոհությունն ուղղորդվեց ուրիշ տեղ»,- ասել է նա, բայցև ավելացրել, որ քաղաքական գործիչ չլինելով չի կարող ասել՝ «միգուցե իրենք ենթատեքստում ա՞յլ խնդիրներ են տեսել»՝ Ծիծեռնակաբերդ գնալով: