Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ շփումների ընդլայնմանը. Սերգեյ Լավրով
RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.
«Մեզ վստահություն է ներշնչում այն պրագմատիզմը, որը Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը դրսևորում է հարաբերությունների նկատմամբ: Մենք պատրաստ ենք առևտրի ընդլայնման հետ մեկտեղ ընդլայնել նաև մշակութային, հումանիտար, մարզական շփումները:
Ռուս քաղաքագետները, գիտնականները տարբեր կոնֆերանսների են մեկնում Վրաստան: Մեզ մոտ կայացող թատերական փառատոններին ներկա են գտնվում վրացի դերասանները: Ես միայն ողջունում եմ դա, որովհետև ամեն դեպքում ժողովուրդները պետք է հիշեն, որ նրանք ապրել են համատեղ ու բարեկամություն են արել:
Կարծում եմ, որ այդ բարեկամությունը ոչ մի տեղ չի կորչել՝ չնայած որ այժմ լուրջ փորձության առաջ ենք: Մոսկվան գոհ է, որ Վրաստանի նոր կառավարությունը ցանկանում է պրագմատիկ լուծել այն բոլոր հարցերը, որոնք առկա են Ռուսաստանի հետ հարաբերություններում. գյուղատնտեսական արտադրանքի ու խմիչքների առևտրի վերականգնում:
Ի դեպ, էներգետիկ ոլորտում համագործակցությունը երբեք չի էլ խզվել: Ես նկատի ունեմ գազը, էլեկտրաէներգիան, ռուսական կապիտալը, ռուսական ընկերությունները: Ռուսաստանը մշտապես ցանկացել է բարեկամություն անել և համագործակցել Վրաստանի հետ, օգնել նրան՝ լուծելու խնդիրները:
Եթե չլիներ 2008 թվականի օգոստոսյան արկածախնդրությունը, մենք կկարողանայինք բավական առաջ ընթանալ տվյալ ուղղությամբ: Հարաբերությունները մշտապես սրել է Միխեիլ Սաակաշվիլին: Ես կարծում եմ, որ նա կործանիչ ներդրում է ունեցել բազմաթիվ երիտասարդ վրացիների ուղեղներում ու հոգիներում»: