Թևան Պողոսյանը՝ ապրիլի 9-ի մասին. Պատմությունը հաստատ կհիշի միասին աղոթող ընդդիմության առաջնորդին ու ոստիկանության պետին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տարածել է ԱԺ-ում երեկ «չկայացած» հայտարարություների ժամի համար ելույթի իր տեքստը, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

2013 թվականի ապրիլի 9-ի մասին դեռ շատ կխոսվի ու կգրվի: Այս օրերին միգուցեև մեղադրանքներ կհնչեն, անգամ վիրավորանքներ կամ բացահայտ հայհոյանքներ: Բոլոր կողմերից` բոլոր կողմերին: Բայց պատմությունը հաստատ այլ կերպ կհիշի այդ օրը:

Կհիշի նախ և առաջ որպես երդման օր: Կհիշի, որ ազատ երկրի ազատ քաղաքացիները ազատության հրապարակում երդվեցինք հավատարիմ մնալ պայքարի ոգուն, երդվեցինք գործել հանուն վաղվա Հայաստանի, հանուն նոր Հայաստանի, երդվեցինք շարունակել պայքարել ու չհոգնել պայքարելուց: Կհիշի, որպես ընդդիմանալու, բայցև համբերել կարողանալու բաց դասի օր:

Կարդացեք նաև

Պատմությունը կհիշի Արմեն Մարտիրոսյանին, ով արյան մեջ շաղախված ոտքի կանգնեց ու անվարան գոռաց, որ պայքարը շարունակվում է:

Կհիշի միասին աղոթող ընդդիմության առաջնորդին ու ոստիկանության պետին: Հաստատ կհիշի:

Կհիշի Զարուհի Փոստանջյանին, ով պետք եղած դեպքում չվարանեց կանգնել մարդկային բազմության դիմաց ու թույլ չտալ դեպքերի անցանկալի զարգացում :

Պատմությունը իսկապես շատ բան կհիշի 2013 թվականի ապրիլի 9-ի մասին, ու թող որ մեզնից յուրաքանչյուրը հենց հիմա հասկանա ինչն է փոխվում մեր երկրում, թող յուրաքանչյուրը մեկ անգամ էլ մտածի ու վերաիմաստավորի իր կարծիքն ու արմատացած դիրքորոշումը տարբեր երևույթների, մարդկանց կամ զարգացումների մասին: Սև սպիտակ ներկերով կամ ասածից ոչ մի գնով հետ չկանգնելու տղայական սկզբունքներով դժվար կլինի քսանմեկերորդ դարի պետություն կառուցել:

Խոսել է պետք, հարցերը քննարկելով ու տարբերվող դիրքորոշումները մոտեցնելով է պետք առաջ գնալ: Բոլոր մնացած ճանապարհները սխալ ուղղությամբ են տանում: Համենայն դեպս ես վստահ եմ դրանում: Տա Աստված, որ մենք շուտ հասկանանք պատմության և 2013 թվականի ապրիլի 9-ի մնայուն դասերը»:

Տեսանյութեր

Լրահոս