Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը՝ սթրեսի աղբյուր
Անգամ ամենաառողջ վիճակում գտնվող մարդը սթրեսի մեջ է ընկնում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում տեսածից: Այստեղ չկան տարրական պայմաններ անգամ: Ըստ «Փաստինֆոյի»՝ այս մասին Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստում հայտնեց Գումրիից ընտրված պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը:
Պատգամավորը տարակուսեց, թե ինչու է ժամանակին որոշվել «ավտոդպրոցի շենքում խցկել մի ամբողջ հոգեկան առողջության կենտրոն»: Ըստ նրա, ստացիոնարում բուժվող հիվանդները, այդ թվում՝ հոգեկան խանգարում ունեցող, թմրամոլներ, մշտապես դեղամիջոցների ազդեցության տակ օգտվում են թուրքական տիպի երկու զուգարաններից, և աշխատակիցները ստիպված են այդ ընթացքում լինել նրանց կողքին, որպեսզի հիվանդները չընկնեն, չվնասվեն: Հիվանդներն օգտվում են երկու ցնցուղներից, որոնք ձմռանը չեն գործում: «Պատճառը կոյուղին է, և այդ ջուրն ամբողջությամբ հոսում է շենքի արտաքին պատերից և խարխլում շենքի հիմքերը»,-ասաց նա՝ հավելելով, որ այն հատվածում, որտեղ տեղակայված են սանհանգույցները, վթարային իրավիճակ է ստեղծվել:
Ըստ Մ.Գրիգորյանի, «հիվանդներին լողացնելու միակ տեղը մնում է կաթսայատունը, որտեղ աշխատակիցները մի փոքր ցելոֆանով անկյուն են առանձնացրել և մի ցնցուղով լողացնում են 65 հիվանդի»: Հիվանդասենյակներում շնչելու օդ չկա, որովհետև նորմայով նախատեսված 3-4 մարդու փոխարեն, 8-10-ն են տեղավորված: Կենտրոնի տարածքը պարսպատված չէ, և մարդիկ զրկված են մաքուր օդում զբոսնելու հնարավորությունից: Շենքը և հիվանդներին հսկում են բուժաշխատողները, պահակախումբ չկա: Աշխատակիցները պաշտպանված չեն և բազմաթիվ խնդիրների առջև են կանգնած, քանի որ բուժվողները հիմնականում հոգեկան հիվանդներ և թմրամոլներ են:
«Գյումրիում՝ երկրի երկրորդ քաղաքում, այսօրինակ բուժհաստատության գոյությունը որևէ մեկին պատիվ չի բերում»,-ասաց նա՝ կառավարությունից հետաքրքրվելով, թե վերջինս ինչ է պատրաստվում անել՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը՝ ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, նշեց. «Մենք նման տխուր վիճակ ունենք նաև ինֆեկցիոն, շտապօգնության և այլ որոշ ծառայություններում»: Ըստ նրա, Երևանում տեղակայվածներից բացի, հանրապետությունում հոգեկան առողջության կենտրոններ կան նաև Կապանում, Գյումրիում, Վանաձորում և Սևանում:
Դ.Դումանյանը տեղեկացրեց, որ անցած ամիս նախարարին կից կոլեգիայի նիստում հաստատվել է ամբողջ հանրապետությունում հոգեկան առողջության բարելավման հայեցակարգը, ինչպես նաև այդ ծառայությունը կարգի բերելու նպատակով կազմվել է ժամանակացույց: Ըստ նրա, այստեղ միայն շենքային խնդիրները չեն, այստեղ կադրային, կազմակերպչական խնդիրներ կան:
«Բայց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի շենքն իսկապես շատ վատ վիճակում է գտնվում»,-ընդգծեց Դ.Դումանյանը՝ հավելելով, որ Շիրակի մարզպետարանը միջոցներ է հատկացրել, և ապրիլ ամսից այնտեղ վերանորոգման աշխատանքներ են սկսվելու: