
Ոստիկանությունը խոսում է բախումների անխուսափելիության մասին և տալիս 15 րոպե ժամանակ

Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը՝ դիմելով Երեւանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանական պատնեշի մոտ հավաքված ցուցարարներին: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
«Ոստիկանությունը առանց հապաղման կիրառելու է օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքները: Խնդրում եմ հետեւություն արեք ասվածից»,-հայտարարել է նա ու հավելել, որ տալիս են 15 րոպե ժամանակ բաղրամյան պողոտայից հեռանալու համար, որից հետո ոստիկանությունը կանցնի իր գործողությունների ի կատար ածմանը:
Ցուցարարները սուլոցնելով են ընդունել նրա խոսքը:
Դրանից հետո բարձրախոսով հավաքվածներին է դիմել նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա հայտարարել է, որ ով ցանկանում է, կարող է հետեւել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Մոսկովյան փողոցով գնալ Ծիծեռնակաբերդ: Իսկ ովքեր չեն ցանկանում հեռանալ եւ ինքնաբուխ հավաք են իրականացնում, կարող են միանալ իրենց եւ նստացույց սկսել հենց այստեղ: