43-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են մեկ պարկուճ (լուսանկարներ)
Ապրիլի 5-ին, կրակոց է հնչել Շենգավիթ վարչական շրջանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի 11 հասցեում գործող ավտոպարկի տարածքում կրակոց է հնչել, որտեղից էլ մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահե Մամիկոնյանի գլխավորությամբ:
Տեղում է եղել նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքի տեխսպասարկման դիմաց հայտնաբերել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակած մեկ պարկուճ:
Մինչ Շենգավիթի օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում աշխատանքներ է կատարել, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երևանի բնակիչ 43-ամյա Տիգրան Շմավոնյանն է, ով վնասվածքը ստացել է ձախ ոտքի մասում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի մանրամասները պարզելու, կրակոց արձակած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: