
Այս մարդը, ում հաճախ ծաղրել են իր սիրո համար, ես էլ եմ ծաղրել, բայց նա սիրել է. Րաֆֆիի որդին՝ իր հոր մասին

Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Րաֆֆի հովհաննիյանի ավագ որդին՝ Կարին Հովհաննիսյանը: Վերջինս հայտարարեց, թե պատմելու է մի մարդու մասին, ով «հեռուներից է գալիս, ծնվել է մի աշխարհ հեռու, սնվել է ջարդի ու պատերազմի մասին պատմություններով, ում մեջ արթնացել է մեծ սեր, հավատամք»:
«Իմ խոսքերը չընդունեք որպես որդու գովասանք՝ ուղղված իր հորը: Այս մարդն այլևս իմ հայրը չէ: Փետրվարի 18-ից նա պատկանում է ձեզ՝ պայքարին, պատմությանը: Իմ հայրը արդեն կերպար է դարձել մեր ազգային հեքիաթի՝ «կար ու չկար», ով քսանհինգ տարի առաջ վերադարձել է հայրենիք, ապրել ու քայլել է ձեր մեջ և իր վրա վերցրել ու զգացել ձեր խայտառակ ցավն ու սերը: Այս մարդը, ում հաճախ ծաղրել են իր սիրո համար, ես էլ եմ ծաղրել, բայց նա սիրել է: Այս մարդն, ում հաճախ հեգնել են իր ժպիտի համար, ես էլ եմ հեգնել, բայց նա ժպտացել է: Միգուցե շատերս չհասկացանք, թե ո՞վ է այս զինվորն ու ի՞նչ է ուզում, ինչի՞ է եկել: Ես էլ շատ հաճախ չեմ հասկացել: Բայց գտել եմ մի նամակ, որը տարիներ առաջ եմ նկատել իր գրասեղանին, բայց վերջերս համաձակվեցի բացել ու ընթերցել».-հայտարարեց Կարին Հովհաննիսյանը:
Վերջինս հայտնեց, որ նամակը Գասպար Հովհաննիսյանի վերջին նամակն է իր թոռանը՝ 10 տարեկան Րաֆֆիին: Կարին Հովհաննիսյանը ընթերցեց նամակը, որի բովանդակությունը հետևյալն է. «Իզուր չէ, որ քեզ Րաֆֆի անունը դրվեց: Կհուսանք, որ օրերից մի օր Մասիսի կատարին հայկական դրոշակը կպարզվի: Րաֆֆին մեծ վիպագիր էր, իր գրվածքներով հայերին մղեց հեղափոխության, որ ունենանք մեր պատմական հողերը: Մենք հիմա ունենք փոքր Հայաստան, բայց այն ամբողջը չէ: Ձեր սերունդն իր աշխատանքով պետք է տիրանա մեծ Հայաստանին, որտեղ պետք է հավաքվեն բոլոր հայերը»:
Կարին Հովհաննիսյանը ասաց. «Սա ոչ թե Գասպարի նամակն է Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ՝ ամեն հայ պապի նամակն է իր թոռանը: Սա պայմանագիր է՝ կնքված բոլոր սերունդների միջև»:
Կ. Հովհաննիսյանն ասաց, որ երբ բռնում է նամակը ձեռքերում, հասկանում է, որ հայրն ունի պատասխանատվություն ոչ միայն հրապարակում կանգնած ժողովրդի, այլև պապերի առաջ: «Ես ինձ լիազորված եմ զգում՝ ասելու բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտրել, այս ժողովրդին չեք կարող կոտրել, այս երկիրը չեք կարող կոտրել, այս երազանքը, հավատամքը, որի անունն է Հայաստան, չեք կարող կոտրել»,- եզրափակեց նա: