
Բրիտանացիները նոր հարկեր են ներմուծում

Ապրիլի 6-ից Մեծ Բրիտանիան երկու նոր հարկեր է մտցնում օֆշորային կազմակերպությունների միջոցով էլիտար անշարժ գույքի ձեռք բերելու համար: Ինչպես գրում է euromag.ru կայքը, օֆշորային կազմակերպությունները ստիպված են լինելու սահմանված մյուս հարկերի հետ միասին ևս 28 տոկոս հարկ վճարել: Այսպես, Բրիտանիայում անշարժ գույքի՝ ավելի բարձր գնով վերավաճառքի դեպքում պետք է դրանից ստացված եկամտի 28 տոկոսը հարկ վճարել:
Մասնագետները կանխատեսում են, որ նոր օրենքը մեծապես կազդի էլիտար անշարժ գույքի սեկտորի վրա. պահանջարկը, ըստ մասնագետների, զգալիորեն կնվազի:
Կառավարությունը ևս մեկ նորամուծություն է մտցրել. անշարժ գույքի տարեկան հարկը ավելացել է 10-ից 100 անգամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս էլիտար անշարժ գույքի տերը մուծելու է նվազագույնը 15000 ֆունտ: Հիշեցնենք, որ նշված փոփոխությունները տարածվում են միայն օֆշորային կազմակերպությունների վրա: