«Երևանի քաղաքացին ինչի՞ պիտի իր ձայնն Օսկանյանին տա, այլ ոչ թե՝Տարոնին»
Ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը
– Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրական երկխոսությունը կանգ է առել այն կետի վրա, ըստ որի, կողմերը պատրաստ չեն իրար անգամ հնարավոր հանդիպման վայրի հարցում զիջել: Նման պայմաններում Դուք տեսնո՞ւմ եք երկխոսության հեռանկար:
– Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ես չեմ կարող ասել, բայց նախագահի առաջարկը շատ լուրջ է և բնական, քանի որ նմանատիպ հանդիպումները փողոցներում կամ հրապարակներում չեն լինում, ուղղակի մարդկության պատմությունն այդպիսի բան չի տեսել: Ես այդպիսի բան չեմ կարդացել, որ երկրի ընտրված նախագահին, որին ճանաչել են աշխարհի բոլոր երկրները` ԱՄՆ-ից սկսած, վերջացրած Իրանով, ընդդիմության առաջնորդն իր քաղաքական կամքը թելադրի: Ես տեսնում եմ, որ նախագահը տրամադրված է լուրջ երկխոսության և դրա համար լուրջ առաջարկություններ է արել, որն ընդունված նորմ է ամբողջ աշխարհում:
– «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա թիմակիցներն իշխանություններին և իշխանամետներին մեղադրում են այն բանում, որ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներն ավելի լայն էին, սակայն մերժելով արտահերթ խորհրդարանական և նոր նախագահական ընտրությունների կետերը, միայն պաշտոնների հարցն է քննարկվում: Ի վերջո, ինչի՞ շուրջ են պատրաստ երկխոսել երկու կողմերը:
– Չկա մի նորմալ մտածող մարդ, որը կարող է համոզված լինել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և ընդդիմության մնացած լիդերների այդ քայլերը որևիցե հաջողության կբերեն: Դրա վկայությունն այն է, որ ժողովուրդը լրիվ անտարբեր է, եթե չհաշվենք մի խումբ մարդկանց, Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման նկատմամբ: Նա փորձում է վերակենդանացնել իր շարժումը, բայց դա չի լինի, որովհետև այդ պահանջներն անիրական են: Երկխոսության տրամաբանությունը թելադրում է, որ երկխոսության ժամանակ կողմերն առաջ քաշեն այնպիսի հարցեր, որոնք ընդունելի կլինեն և հասարակության, և բանակցողների կողմից: Եթե այդ կողմերից մեկն անիրականանալի առաջարկներ է ներկայացնում` ինքն էլ համոզված լինելով, որ դա հնարավոր չէ, ապա երկխոսությունը վիժեցնում է: Դա, համենայնդեպս, չի վերաբերում երկրի նախագահին: Եթե ընդդիմությունը պահանջում է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրենք ղեկավարեն, դա ինքնըստինքյան աբսուրդ քաղաքական պահանջ է: Չի եղել նման դեպք: Եթե մարդ մի բան է ուզում, որը չի եղել համաշխարհային պատմության մեջ, նշանակում է` էն գլխից ուզում է վիժեցնել գործընթացը:
– Իսկ Ձեզ համար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների ո՞ր հատվածն է ընդունելի:
– Նախագահի բոլոր առաջարկություններն ինձ համար ընդունելի են, որովհետև տրամաբանության շրջանակներում է: Նախ` բանակցային գործընթացը հասարակական քննարկման չեն դնում, դա տեղի է ունենում նախագահականում կամ մեկ այլ պաշտոնական վայրում: Ինձ թվում է` նախագահի հետ հանդիպումից հետո Րաֆֆիին վախեցրել են նախագահի տրամաբանական առաջարկությունները, և նա խուսափում է ՍԵրժ Սարգսյանի հետ հանդիպումից: Եթե չխուսափեր, այդ մարդն առաջարկեց հանդիպել նախագահական նստավայրում, ինչո՞ւ չգնաց, ո՞րն էր պատճառաբանությունը:
– Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև մարտի 10-ը՝ մինչև հացադուլը պատրաստ էր հանդիպել Ազատության հրապարակից դուրս: Հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, հանդիպման հնարավորությունը մեծանո՞ւմ է:
– Քանի որ հացադուլից դուրս եկավ, կարող է և հանդիպի, բայց հացադուլը կարծեմ, չէր խանգարի այդ հանդիպումներին: Սերժ Սարգսյանը նրան չէր կանչում, որ հյուրասիրեր, այլ կանչում էր, որ քաղաքական բանակցություններ լինեին, իսկ եթե ինքը տարբեր պատճառներով խուսափում էգՇատ հնարավոր է, որ տետ ա տետ հանդիպումները ձեռք չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին: Մի կողմը փորձառու քաղաքական գործիչ է, որի ուսերի հետևում հաղթանակած պատերազմն է, բանակաշինությունն է, մյուս կողմն ընդհանրապես պարծենալու ոչինչ չունի: Իհարկե, կարող է փայլուն կրթություն ունենա, կարող է շատ լավ ընտանիքում դաստիարակված լինի, քաղաքական փորձառություն ունենա, բայց մեր տիպի երկրներում լիդերների գնահատականը մարդիկ ենթագիտակցորեն տալիս են` ըստ նրա կենսագրության, իսկ այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը մտքով էլ չի կարող անցկացնել համեմատվել Սերժ Սարգսյանի հետ: Իմ սերունդը մարդկանց գնահատում է` հաշվի առնելով, թե մարդն ինչ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտում, որովհետև մեր ժողովրդի վերջին դարերի կարևորագույն գործընթացը եղել է Արցախյան գոյամարտը: Այդ գոյամարտի հերոսները բավականին մեծ առավելություն ունեն նրանց նկատմամբ, ովքեր դրա հետ որևէ կապ չունեն: Ցանկացած պետական պաշտոնյայի կարևորագույն հատկությունը հայրենասիրությունն է: Հայրենասեր մարդը չի կարող կաշառակեր լինել, կոռուպցիայի մեջ թաթախված լինել:
– Իսկ եթե մարդը թողնում է բարեկեցիկ երկիրը և գալիս է անհամեմատ ոչ բարեկեցիկ իր հայրենիքը, դա հայրենասիրությո՞ւն չէ:
– Դուք թյուրիմացության մեջ եք, ամեն երկրում էլ կան բարեկեցիկ մարդիկ: Րաֆֆի Հովհաննիսյանը, համեյնադեպս, որ երկիր էլ գնա, բարեկեցիկ է ապրելու:
Այսօր էլ նա շատ բարեկեցիկ է ապրում: Ես ընդհանրապես միշտ զարմացել եմ՝ ինչպե՞ս կարելի է չաշխատել և լավ ապրել: Ի՞նչ մի մեծ բան է, որ մարդը վերադառնում է հայրենիք:
– Պարոն Հարությունյան, Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է պատժել նաև ընտրակեղծարար մարզպետներին:Դա ինչո՞ւ չի կատարվում:
– Այդ հարցը Րաֆֆին պետք է ուղղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նա պետք է մեղադրանքը հաստատի, ներկայացնի, որ նախագահը նոր պատժի: Նախագահն ինչպե՞ս իմանա` այդ մարզպետը խախտե՞լ է, թե՞ ոչ: Եթե Րաֆֆիին հավատաս, իր պարտության համար մեղավոր են Օբամայից սկսած՝ մինչև Պուտին, ինչ մնաց մարզպետները:
– Դուք ասացիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը մարում է: Ո՞րն է առավել հավանական, այն, որ շարժումը կարճ ժամանակ անց ինքնաբերաբար կմարի՞, թե՞, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք կբերվի իշխանության հետ:
– Եթե ես լինեի Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը, պատեհ ժամանակը չէի կորցնի, կանսայի նախագահին: Ինքն այդ ձևով բավական ակտիվ կներգրավվեր կառավարման համակարգում և արմատական ձևով կլուծեր այն հարցերը, որոնք ինքն առաջ էր քաշում: Օրինակ` Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, դրանից լավ ի՞նչգ
– Իսկ Գլխավոր դատախազությո՞ւնը:
– Վայ-վայ-վայ, չէ: Այսինքն՝ ինքը, գիտե՞ք, ինչ պաշտոններ է ուզում, որը նախագահի կոմպետենցիայի շրջանակում է, այսինքն՝ ուժային նախարարներ: Ինքը դառնում է այդ ուժային նախարարների ղեկավար: Այդպիսի բան չի լինում, ախր դա ծիծաղելի է, լուրջ մարդն այդպիսի առաջարկություններ չի անում: Ես, իհարկե, չգիտեմ՝ նախագահն ինչ պաշտոններ կտա, բայց ես` որպես քաղաքական գործընթացներին մասնակից մարդ, մտածում եմ, որ լավ կլինի` Րաֆֆին ինտեգրվի կառավարման համակարգում:
– Բայց «անմե՞ղ» պաշտոններում…
– Ի՞նչ պարտադիր է, որ անպայման «մեղավոր» պաշտոններ տան: Ի՞նչ է, օրինակ, Սոցապ նախարարությունն «անմե՞ղ» է, ամենակարևոր նախարարությունն է:
– Քանի որ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ են, չե՞ք շտապում Րաֆֆի Հովհաննսիյանը շարժումը մարման հասցնելու հարցում: Գուցե հաջողվի՞ «Բարև, Երևանին» մեծամասնություն ստանալ:
– Թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց ես արդեն ասացի, և կուսակցությունները, և մարդիկ, պետք է կենսագրություն ունենան, որ այդ ընտրողը հենվի դրա վրա: Այսօրվա գործող քաղաքապետն ապացուցել է, որ ինքը լավ քաղաքապետ է, չնայած երիտասարդ տարիքին, ունի բավական լուրջ հաջողություններ: Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը վայելում է ոչ միայն ՀՀԿ-ի և երկրի նախագահի աջակցությունը, այլ նաև իր աշխատանքով ապացուցել է, որ արժանի թեկնածու է: Հիմա ես չեմ հասկանում, Երևանի քաղաքացին ինչի՞ պիտի իր ձայնը Օսկանյանին տա, այլ ոչ թե Տարոնին Մարգարյանին: Կամ Արմեն Մարտիրոսյանը… Իմ գործընկերն է եղել, ես շատ հարգում եմ նրան, հնարավոր է՝ շատ տաղանդավոր մարդ է, բայց ընտրողի առջև չի կարող պարծենալ, որ սա եմ արել:
– Եթե Տարոն Մարգարյանի աշխատանքն այդքան ակնառու է, որ Ձեզ համար այլ ընտրությունն այլևս անտրամաբանական է թվում, եթե այդքան վստահ եք ձեր թեկնածուի հաղթանակի հարցում, ինչո՞ւ եք մարդկանց ցուցակագրում: Մամուլում հրապարակումներ եղան, որ նույնիսկ մարզպետներն են այդ գործին միացել:
– Ես կատեգորիկ դեմ եմ ցանկացած ցուցակի: Եթե մի ընտրություն ցանկանում ես պրավալ տաս, այդպիսի ադմինիստրատիվ քայլերը միշտ այդ պրավալի հիմք են: Հայաստանի հանրապետական կուսակցությունը բազմափորձ կուսակցություն է և գիտի՝ որն է լավ, որն է վատ: Ես տեղյակ չեմ նման բանի, տեղյակ էլ չեմ ուզում լինել: Կարող է՝ առանձին մարդկանց մոտ այդպիսի բան լինի, բայց դա մեր ձեռագիրը չի, ընտրություններին մենք գնում ենք քաղաքական հեղինակության բեռով:
– Այսինքն՝ այդպիսի մարդիկ ինքնագործունեությա՞մբ են զբաղվում` Հանրապետականին վարկաբեկելու նպատակով:
– Այո, հնարավոր է, վարկաբեկելու համար է արվում, ի՞նչ ցուցակների մասին է խոսքը: Օրինակ, ես չգիտե՞մ` մեր տնեցիք 8 կամ 4 հոգի ենք, էլ ինչի՞ եմ ցուցակ գրում: Եվ ընդհանրապես, ես դեմ եմ նման բաներին:
– Բայց որոշ մարզպետներ չեն թաքցրել, որ քարոզչությամբ են զբաղվում, սակայն ասել են, թե իրենց ազգականների շրջանում են դա անում: Եթե վստահությունը կա, ինչո՞ւ են նրանք էլ քարոզչությամբ զբաղվում:
– Բայց նրանք ՀՀԿ անդամներ են, ինչի՞ պիտի իր բարեկամին չկողմնորոշի, ի՞նչ մի զարմանալի բան կա: Ենթադրենք` ես մարզպետ եմ, իմ ընտանիքի անդամներն էլ ապրում են Երևանում, իմ ընտանիքի անդամների մեջ իրավունք չունե՞մ քարոզչություն անեմ: Ինչի՞ եք Հռոմի պապից կաթոլիկ ցանկանում երևալ: Ես էլ լինեի, ես էլ կանեի, բայց խոսքը ցուցակների մասին չէ: Ենթադրենք` էսօր ես նշանդրեք եմ, իրավունք չունե՞մ իմ բարեկամներին կողմնորոշեմ: Չէ՞ որ ցանկացած հավաք կարելի է դարձնել քարոզչություն՝ հարսանիք է, քելեխ է անգամ, հեռու տանից-տեղից, աշխարհում ընդունված նորմեր են: Օրինակ, ԱՄՆ-ում վերջին ընտրությունների ժամանակ Օբամայի կողմնակիցները 4 կմ սեղան են գցել: Եթե մեզ մոտ էդպիսի բան անեն, մեզ կկոտորեն, մեզ կախաղան կբարձրացնեն:
– Բայց խոսքը միայն ազգականներին կողմնորոշելու մասին չէ, այլ այն մասին, որ մարզպետարանի աշխատակիցներն իրենց հերթին են «պարտավորվում» կողմնորոշել իրենց ազգականներին:
– Դա իմ լիազորություններից դուրս է, այդ հարցերն ուղղեք մարզպետներին, իրենք կպատասխանեն, ես ի՞նչ գործ ունեմ՝ իրենց փոխարեն պատասխան տամ: