«Արմոբիլը» չի՞ պատրաստվում փոխհատուցել երկրպագուների վնասները
Հայաստանում անվտանգության և պահնորդական ծառայություններ մատուցող «Արմոբիլ» ընկերության տնօրեն Վահագն Կակոսյանը ընդունում է, որ Հայաստան–Չեխիա ֆուտբոլային խաղի ժամանակ մի շարք տոմս ունեցող մարդիկ չեն կարողացել մտնել մարզադաշտ և մոտենալ իրենց տեղերին, քանի որ նրանց խանգարում էին մարզադաշտի մուտքի մոտ հավաքված շուրջ 2000 այլ եկրպագուներ, որոնք սակայն, տոմսեր չունեին: Այս մասին հաղորդում է tert.am կայքը:
«Տոմս ունեցողների համար մարզադաշտում տեղ եղել է, ուղղակի խաղի օրը բոլոր տոմսերն արդեն սպառվել էին, և մարզադաշտի մուտքի մոտ հավաքվել էին մոտ 2000 երկրպագուներ, որոնք ցանկանում էին ներս մտնել, բայց տոմս չունեին, և դրա հետևանքով մուտքի մոտ առաջացել էր կուտակումներ, և մարդիկ չեն կարողացել ճեղքել բազմությունը և ներս մտել»,- այսօր կայացած ասուլիսին ասել է նա:
Տնօրենի խոսքով եղել են դեպքեր, երբ արդեն ստուգված և պատռված տոմսերով մարդիկ փորձել են ներս մտել։ Եղել են նաև դեպքեր, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրված անցաթուղթ են ցույց տվել, որը կրող անձը կարող էր երկու անգամ մուտք ունենալ մարզադաշտ, բայց փոխանցում էին իրար: «Քանի որ երեխաների մուտքն առանց տոմսի է եղել, և հիմնականում ծնողները երեխաներին տարել և իրենց կողքին են նստեցրել, և երբ այդ տեղի հասցեատերը ներս է մտել, ոտքի վրա է մնացել»,- որպես պատճառներից մեկ ներկայացրել է նա։
Կակոսյանը վստահեցրել է, որ մարզադաշտի դարպասների մոտ հավաքված 2000 հոգին առանց տոմսի ներս չեն մտել, քանի որ ոստիկանությունը թույլ չի տվել, այդ պատճառով էլ վեճ է առաջացել, և ոստիկան է վիրավորվել։ Նա նաև նշեց, որ մարզադաշտում նստատեղերի թիվը համապատասխանում էր տոմսերի թվին:
Փոխհատուցման մասին ընկերության տնօրենն ասաց, որ իրենք փոխհատուցողը չեն, և երբ ՀՖՖ–ի հետ քննարկում կլինի, կորոշվի, թե այդ պատասխանատվությունն ով կստանձնի։
Ըստ նրա՝ նման դեպքերում տոմս չունեցող մարդկանց ներս թողնելու պատճառն այն է, որ միանգամից մեծ թվով մարդիկ են գալիս, մուտքի մոտ տոմսով մարդկանց ներս են թողնում, իսկ տոմս չունեցողների համար հետադարձի ճանապարհ չի լինում։ Նա նաև նշեց, որ ամեն տարի եկրպագուների թիվն ավելանում է, և պետք է նման խնդիրներից զերծ մնալու համար նոր մեխանիզմներ գործի դնել։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային խաղի ժամանակ նույնպես նման խնդիրներ կային, Վահագն Կակոսյանը պատասխանել է. «Ռուս երկրպագուները, որոնք տոմս էին գնել Հայաստանից, խնդիր էր առաջացել, որ պետք է նստեին հայ երկրպագուների կողքին, բայց անվտանգությունից ելնելով՝ մենք հրահանգ էինք ստացել, որ թույլ չտանք իրար կողքի նստել։ Դա է եղել ամբողջ խնդիրը»։