Բաժիններ՝

«Դաժան բան ա, երբ երեխուդ գտնում ես՝ երակները փրթած, պատալոկից կախված»

Չորս տարեկան Սարգիսն ամենաշատը երազում է զենք ունենալու մասին: Սարգիսն ամենաշատը չի սիրում իր կյանքում հաճախ պատահող այն օրերը, երբ ստիպված է լինում տանից փախչել: Երբ հայրը վատանում է՝ իրենց տունն աչքի առաջ «ճոճվում» է, որովհետև ամեն ինչ ջարդուխուրդ է լինում: Չգիտեմ՝ ինչո՞ւ է Սարգիսն ամենաշատը երազում զենք ունենալու մասին, բայց տանից փախչելով՝ նա ինչ-որ ուրիշ տեղ խաղաղություն է փնտրում: Չնայած դրան, այս չորս տարեկան տղան միշտ վերադառնում է տուն: Տունը մի բուն է, որտեղ մի կես ժամ գտնվելով՝ ես էլ վայրկյան առաջ փախչելու մասին եմ մտածում: Սարգիսն առավոտից մինչև ուշ գիշեր մոր հետ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասից դեպի Գառնի տանող ճանապարհահատվածում գտնվող սարերում է: Երբ ձմեռ էր, նա երազում էր գարնան մասին, որի ընթացքում սարերում կանաչ է աճում: Հիմա չորս տարեկան Սարգիսը սնվում է իրենցից կիլոմետրեր այն կողմ աճող սարերի «բանջարով»: Հարցնում եմ՝ «Զենքն ի՞նչ ես անում»: Չարացած նայում է ու մոր ձեռքերից ճողոպրելով` փախչում է դուրս: Սարգիսն Աբրահամի ու Սառայի միակ որդին է, ով չորս տարեկան է ու տարվա չոր եղանակներին բրոնխների հիվանդության համար բուժվում է: Աբրահամը 29 տարեկան է, բայց արդեն հասցրել է ինքնավնասման, ինքնասպանության բազմաթիվ փորձեր կատարել: Վերջին անգամ հարազատները հրաշքով կյանքը փրկել են: Նրան պատահաբար գտել են առաստաղից կախված այն պահին, երբ փորձել է ոտքերի տակի աթոռը հրել: Մասնագետները նրա հիվանդությունն ախտորոշել են հետևյալ կերպ՝ «անձը չճանաչող»: Մայրը՝ տիկին Լիդան, ասում է, որ նոպաների ժամանակ Աբրահամը դառնում է անկառավարելի: Նրա մեջ կարծես հրեշ է արթնանում ու կատարում է գործողություններ, որոնց մասին ուշքի գալուց հետո չի հիշում: Ասում են՝ ժամանակ առ ժամանակ նյարդային կծկումներից նա ամեն ինչ ջարդուխուրդ է անում, իսկ, երբ նյարդերը հանգստանում են, մարմինը թուլանում է, անգամ քայլելու ունակ չի լինում: «Օրերով գամվում ա անկողնուն, ոտքերը չի կարողանում գետնին դնել: Ամիսներով արևի երես էլ չի տեսնում»,- ասում է նրա կինը՝ 20 տարեկան Սառան: Ամիսներով, տարիներով արևի երես չի տեսնում նաև Սառան, ով 15 տարեկանում ամուսնացել է Աբրահամի հետ ու չի կարողանում սեփական կարծիքն արտահայտել կյանքի, ընտանեկան երջանկության, կենցաղի և շատ այլ պարզունակ բաների մասին: Ասում է՝ ամուսինն առավոտից իրիկուն տանը փակված հեռուստացույց է նայում ու ինչ նայում է, իրեն թվում է՝ իր հետ է կատարվում: «Սերիալներ, հետո մի հատ հաղորդում կա, որտեղ բաժանությունների, սիրած պահելու մասին պատմություններ են պատմում: Ինչ նայում ա, գիտի՝ նույն բանը մեզ հետ կլինի: Ինձ ասում ա՝ դարպասից էն կողմ չգնաս: Գնացել էինք սարերից բանջար հավաքելու, հետևներիցս եկել էր: Ինչ նայում ա հեռուստատեսությամբ, էդ նույն կասկածներով ապրում ա»,- ասում է Սառան, ով դժվարությամբ է մտքերը ձևակերպում, բայց չի փոշմանել, որ ամուսնացել է Աբրահամի հետ, որովհետև Մարտունիում գտնվող իր ընտանիքն ավելի վատ վիճակում է ապրում: Ասում եմ՝ «Տղադ չորս տարեկան ա, գրիչ ու տետր չի ուզում՝ զենք ա ուզում»: Սառան փորձում է արդարացնել երեխայի ցանկությունները՝ պատճառաբանելով, որ նա ծանր մանկություն է ապրում: Ձմռանը Սարգիսը տատիկի հետ սարերից, աղբանոցներից, փողոցներից հավաքում է փայտ, պլաստմասսե շշեր ու այն ամենն, ինչ հնարավոր է վառարանը գցել: Ամռանն էլ սարերից կանաչեղեն է հավաքում, որովհետև ամբողջ ամառ խոտով են սնվում: Սառան ինձ խնդրել է այցելել իրենց տուն, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ է խնդրել, որովհետև ինչ Սառան ինձ խնդրել է այցելել իրենց տուն, ես դասատուի նման Սառայի գլխին աշխատանք գտնելու մասին քարոզ եմ կարդում: Ասում է՝ «Տղայիս չեմ կարա թողեմ ամուսնուս մոտ»: «Մանկապարտեզ կգնա»,- ասում եմ, բայց հավաստիացնում է, որ մանկապարտեզ չեն ընդունում, որովհետև ինքը գրանցված է Մարտունիում գտնվող իր հայրական տանը, որի պատճառով նույնիսկ ընտանեկան նպաստ չեն կարողանում ստանալ: Վարդաշեն 12 փողոցի 26 տունն էլ Աբրահամի հարազատներից մեկի տունն է, որտեղ թույլ չեն տալիս գրանցվել: «Սկեսուրդ միևնույն բակում է ապրում, կարող է երեխային մի քանի ժամ խնամել»,- ասում եմ, բայց Սառան հիմա էլ ասում է՝ աշխատանք շատ է փնտրել, բայց չի գտել: Հետո խոսակցությանը միջամտում են նրանց հարևանները, ովքեր շատ են խղճում այս աղջկան ու օգնում են՝ ինչով կարողանում են: Հարևանները վստահեցնում են, որ իրենք լավ մարդիկ են, պարզապես չեն կարողանում ոտքի կանգնել, մի կողմից` Աբրահամի առողջական խնդիրների, մյուս կողմից էլ՝ աշխատանքի բացակայության պատճառով: Սառային հարցնում եմ՝ «Հասկանում եմ՝ դժվար է, տեսնում եմ, որ թե՛ հոգեպես, թե՛ ապրելակերպով ծայրահեղ վիճակում եք, բայց դուք աշխատունակ, երիտասարդ կին եք: Ի՞նչ ակնկալիք ունեք, ինչո՞ւ եք ինձ դիմել»: Խոշոր մարմնով Սառան խեղճանում, փոքրանում է ու ամաչելով ինձ ասում է՝ «Չէ, ոչ մի ակնկալիք: Ես շնորհակալ եմ ձեզնից: Շատ շնորհակալություն»: Զարմացած հարցնում եմ՝ «Ինչի՞ համար»: Պատասխանում է՝ «Որ չալարեցիք, եկաք ինձ լսեցիք, որ ուշադրություն դարձրեցիք մեզ»: Հետո նա ինձ խնդրում է օգնել աշխատանքի հարցում ու, եթե ժամանակ լինի, պարբերաբար այցելել իրենց:

Աբրահամի մայրը՝ տիկին Լիդան, հինգ երեխաների մայր է ու որդու հետ պարբերաբար կատարվող ոչ նորմալ երևույթների պատճառաբանությունն, այնուամենայնիվ, չի կարողանում գտնել: Լաց է լինում, երբ դժվարությամբ պատմում է, որ նոպաների ժամանակ Աբրահամն առհասարակ չի ուզում տեսնել մորը: Ասում է՝ «Ես չգիտեմ, թե ինչի ա տենց. հենց վատանում ա, ես պիտի աչքին չերևամ, թե չէ ձեռքի տակ ընկածը ջարդուփշուր կանի»: Չգիտեմ՝ Աբրահամը նոպաների ժամանակ ինչո՞ւ է ամենաշատն ատում մորը, բայց մայրն ասում է, որ կյանքի գնով հինգ երեխա է մեծացրել ու մինչև օրս էլ տառապում է նրանց դժբախտ լինելու պատճառով: Ասում է՝ «Ես մանկատանը մեծացած երեխա եմ եղել: Շատ դժվարություններով անցած կին եմ: Երբ ամուսնացա, սկեսուրս, սկեսրայրս ինձ ասում էին՝ շատ երեխա ունեցի, որ գլխիդ տեր լինի, որ ծերության ժամանակ էլ անտեր չլինես: Էն ժամանակ իրանք ինձ շատ էին օգնում, չէինք նեղվում: Իրանք մահացան, ու սենց դարձանք փողոցներից վառելիք հավաքողներ: Ես ամեն ինչ արել եմ, որ լավ մայր լինեմ, հավատա, էսօր էլ անում եմ, բայց Աբրահամս որ վատանում ա՝ չի ուզում ինձ տեսնել: Գիտե՞ս ինչ դաժան բան ա, երբ երեխուդ գտնում ես` երակները փրթած, պատալոկից կախված: Ես անբախտ եմ ուղղակի: Ախր էս աղջիկն էլ ա մեղք, ջահել երեխա ա, սա ի՞նչ հասկացավ իրա կյանքից»:
Տիկին Լիդան յոթ ամսականից մանկատանն է ապրել, հետագայում հինգ երեխա է լույս աշխարհ բերել ու մինչև հիմա չի հասկացել, թե ինչու որոշ մարդիկ ապրում են մայր ունենալու երազանքով, իսկ ոմանք էլ՝ ունեցած մորն են ատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս