Ի՞նչ են մտածում դերասան Աբել Աբելյանի մասին իր սաները
Դերասան Աբել Աբելյանի և նրա հիմնած դերասանական դպրոց-ստուդիաների մասին քննարկումները չեն դադարում: Թեև առաջին ստուդիան 6 տարեկան է և հասցրել է արդեն մի քանի տասնյակ դերասան-հաղորդավարներ պատրաստել, բայց ամեն հարմար առիթով շահարկվում է դերասանական ստուդիայի ծավալած գործունեությունը: Շատերը, այդ թվում նաև՝ մի շարք անվանի դերասաններ, թատերական գործիչներ, կարծում են, որ այն գիտելիքը, որ Երևանի պետական Թատերական ինստիտուտն է տալիս, չի կարող տալ որևէ մի ստուդիա՝ թեկուզ, եթե ամեն օր անցկացվեն պարապմունքները, այն էլ՝ պրակտիկ պայմաններում:
Այն հանգամանքը, որ այսօր մի քանի օրում, մի քանի եթերից կարելի է ճանաչված լինել, խաղալ անվանի, վաստակավոր դերասանների հետ նույն սերիալում, գրավել միգուցե առավել մեծ լսարան, քան վաստակավոր արտիստները տարիների ընթացքում կունենային, շատերը գիտեն: Ուստի, հաճախ փառքի լույսի հետևից ընկնելով, ոմանք էլ արագ ճանաչում ունենալու և առավել մեծ գումաներ աշխատելու ձգտումով՝ դիմում են նմանատիպ ստուդիաներ, որոնք ընդառաջում, ապագայում՝ նաև աշխատանքի տեղավորման գործում օգնում են հենց իրենց սաներին:
168.am-ը Աբել Աբելյանի, նրա դերասանական, հաղորդավարական ստուդիաների մասին խոսեց հենց դերասանի սաների հետ, որոնցից շատերն այսօր աշխատում են տեղական մի շարք հեռուստա-ռադիո ընկերություններում: Մեզ հետ զրույցում «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից Շուշաննա Թովմասյանը (Էլեն) ասաց, որ անգամ չի հասցրել ավարտել 6 ամսվա կուրսը:
«Երբ սովորում էի, եղավ սերիալում նկարահանվելու առաջարկ, հայտարարվեց քասթինգ: Մասնակցեցի, և ինձ ընտրեցին: Չեմ կարող ասել, որ այն գիտելիքները, որ այդ մի քանի ամիսների ընթացքում ստացել էի ստուդիայի դասերին հաճախելով, ինձ տվեցին բավարար մասնագիտական գիտելիքներ, որ ես հասնեի պրոֆեսիոնալ մակարդակի, բայց հնարավորություն տվեցին աշխատելու, կատարելագործվելու: Ասեմ, որ սկզբում ես դերասան դառնալու մտադրություն չունեի, ուղղակի ոլորտն ինձ հետաքրքրում էր, և ուզում էի մասնագիտական գիտելիքներ ստանալ: Ուստի գնացի սովորելու, և այն ինձ համար մեծ դռներ բացեց: Դերասան դառնալու, որևէ կերպար կերտելու ցանկությունս իրականացվեց: Ես շնորհակալ եմ Աբել Աբելյանին այն բանի համար, որ հավատաց ինձ, հուսադրեց, նաև ցույց տվեց, որ կարող եմ լավ խաղալ»,- ասաց Շուշաննա Թովմասյանը:
«Եռաչափ սեր» հեռուստասերիալի Լիա Զախարյանը հերքեց այն փաստը, որ ստուդիան կարճ միջոց է՝ հայտնի դառնալու, արագ առաջ գնալու համար:
«Շատերն են այդպես կարծում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Ամեն դեպքում, անկախ նպատակից, շատ աշխատանք է պահանջվում: Ոչնչի չես կարող հասնել՝ առանց աշխատասիրության, ուստի, եթե լավ աշխատես, ամեն բան հնարավոր է: Ստուդիան մեծ հնարավորություններ է բացում, մենք շատ բան ենք սովորում: Իսկ ընկեր Աբելի ու մեր հարաբերություններն էլ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ չէին: Մենք ընկերներ էինք, հարազատներ, միմյանց ձեռքբերումներով ուրախացող ու միմյանց անհաջողությունները շտկել ցանկացող խումբ էինք: Հիմա ավարտել եմ դասերը, բայց ամեն անգամ, երբ գնում եմ ստուդիա, մեծ կարոտով եմ նայում անգամ ստուդիայի պատերին: Ամեն բան շատ հարազատ է ինձ, նույնիսկ օդն ու պատերի գույնը: Այսօր Աբել Աբելյանի շնորհիվ է, որ ես կամ այս ոլորտում, և ինձ ճանաչում են հասարակության գոնե 80 տոկոսը»,- ասաց Լիա Զախարյանը:
Նույն հեռուստասերիալի դերասանուհի Լիաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դերասանական ստուդիայի առավելություններից է պրակտիկ գիտելիքը, որ աշակերտները ստանում են ողջ ուսումնական պրոցեսի ընթացքում:
«Ես 1 տարի եմ սովորել: Այդ ժամանակը բավարար էր այն առումով, որ հասցրել եմ այդ ժամանակահատվածում ստանալ հիմնականում պրակտիկ գիտելիքներ: Գնացել ենք տարբեր նկարահանման հրապարակներ, տեսել ենք, թե ինչպես են անցկացվում այս կամ այն հաղորդման կամ սերիալի նկարահանման աշխատանքները: Աբելի տված գիտելիքների արդյունքում կարողացա դառնալ այն, ինչ այսօր կամ»,- ասաց Լ. Հարությունյանը:
Աբել Աբելյանի սաներից շատերն այսօր տարբեր հեռուստա-ռադիո կայաններում աշխատում են՝ որպես հաղորդավարներ: Նրանցից շատերի հետ չկարողացանք կապվել, քանի որ նկարահանումների էին:
Ա.Աբելյանի սաներից են Դավիթ Մարդյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալ, Գեղեցիկ Աֆունցը՝ «ArmNews» բիզնես լուրերի հաղորդավարուհի, Գոռ Հակոբյանը՝ «Շանթ» հեռուստաընկերություն, «Անծանոթը» հեռուստասերիալ, Հասմիկ Սամվելյանը՝ «ԱՐ» հեռուստաընկերություն, լրատվական մեկնաբան, Լիա Զախարյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Եռաչափ սեռ» հեռուստասերիալ, Լիաննա Հարությունյանը՝ «Եռաչափ սեր» հեռուստասերիալ, Լիլիթ Թանդիլյանը՝ ռադիո «Ավրորա», հաղորդավարուհի, Մարինա Գրեգը՝ «Դար21» հեռուստաընկերություն, հաղորդավարուհի, Ռոբերտ Գասպարյանը՝ «ArmNews», սպորտային մեկնաբան, Սևակ Խուդավերդյանը՝ «Երևան» հեռուստաընկերություն, լրատվական բաժնի տնօրեն, Շուշաննա Թովմասյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալ, Ժիրայր Ոսկանյանը՝ «Արմ ռադիո», հաղորդավար:
Գեղեցիկ Աֆունցը, ով «ArmNews» հեռուստաընկերության բիզնես հաղորդումների հաղորդավարուհին է, մեզ հետ զրույցի ընթացքում նկարահանման տաղավարում էր, պատրաստվում էր եթեր դուրս գալուն:
«Աբելը քեզ համար պատուհան է բացում առաջ գնալու: Սովորեցնում է, ապա՝ ուղղորդում, որպեսզի կարողանաս քո տեղը գտնել, աշխատել և առաջ գնալ: Պրակտիկան մարդուն շատ բան է տալիս, դա գաղտնիք չէ, նա շեշտը պրակտիկ գիտելիքի վրա է դնում, իսկ թե ինչպես կօգտագործես քո գիտելիքները, արդեն քեզանից է կախված»,- ասաց հաղորդավարուհին:
«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Անծանոթը» հեռուստասերիալի դերասաններից Գոռ Հակոբյանը նշեց, որ մի օր Աբել Աբելյանի ստուդիան կփակվի: «Ես դա իրեն հաճախ եմ ասում: Նա հոգի, կյանք է դնում մեզ վրա ու հաճախ մոռանում է բիզնեսի մասին: Բայց ամեն աշխատանք շահույթ է ենթադրում, ուստի աշխատել՝ միայն տալու, բայց չստանալու սկզբունքով, երկար հնարավոր չէ:
Ուրախ եմ, որ Աբելն աշխատում է մեզ և մեզ նմանների համար, սովորեցնում է այն, ինչ կցանկանար, որ իրեն սովորեցնեին: Նա մասնագիտությամբ դերասան է, ու լավ գիտի, թե երկարատև ուսումնական պրոցեսներում թերացումները որտեղ են լինում, ուստի փորձում է շտկել այդ հավանական թերությունները՝ սովորեցնելով այն, ինչ անհրաժեշտ, հետաքրքիր ու առաջնային է»,- ասաց Գոռ Հակոբյանը:
Կարծիքներն ամբողջացնելուց հետո զրուցեցինք նաև ստուդիայի հիմնադիր Աբել Աբելյանի հետ: Երբ տեղեկացրինք, որ իր մասին նյութ ենք պատրաստում և կարծիքներ հավաքելու համար արդեն զրուցել ենք իր սաների հետ, ու կարծիքները դրական էին, Ա. Աբելյանն ուրախացավ: «Ուրեմն աշխատանքս իզուր չի անցել: Մարդիկ գնահատում են, ուրախ եմ անչափ դրա համար»,- ասաց ստուդիայի հիմնադիրը: Հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում այն կարծիքներին, թե 6 ամսվա կամ 1 տարվա գիտելիքները չեն կարող բավարար լինել բեմ բարձրանալու, սերիալում խաղալու կամ հաղորդավար դառնալու համար, պատասխանեց. «Իհարկե այն գիտելիքը, որ փորձն ու տարիների աշխատանքն է տալիս՝ անգնահատելի են, բայց ես ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք մասնագետ չենք պատրաստում, մենք ուղղակի ուղղորդում ենք, առաջ գնալու, ավելին սովորելու հնարավորություն տալիս: Իհարկե, կողմ եմ, երբ մարդիկ տարիներ են հատկացնում այդ ամենին, բայց մենք շեշտը դնում ենք մի քանի ամսվա գործնական աշխատանքի վրա, որի արդյունքն արդեն երևում է»: