Իրանն ու Սիրիան ՄԱԿ-ում արգելափակել են զենքի վաճառքի մասին պայմանագրի ընդունումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անդամ երկրները չեն կարողացել կոնսենսուսի հասնել՝ աշխարհում զենքի վաճառքը կանոնակարգող միջազգային պայմանագրի ընդունման հարցում: Վերջին 10 օրում ՄԱԿ-ում քննարկված փաստաթղթում առաջարկված տեքստին դեմ են արտահայտվել Իրանը, Հյուսիսային Կորեան ու Սիրիան:

Այդ երկրների ներկայացուցիչները տվյալ պայմանագիրը համարել են հավասարակշռված և իրենց մտահոգությունն են հայտնել, որ զենքի հիմնական արտահանողները դրա ընդունումից հետո կաող են իրենց պայմանները թելադրել մյուս երկրներին: Բացի այդ, նրանք ընդգծել են, որ այդ փաստաթուղթը չի պարունակում անկախ երկրներին իրենց ինքնիշխանության պաշտպանության համար զենքի գնման անխոս թույլտվություն:

Նշվում է, որ զենքի հիմնական արտահանողները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, իրենց հերթին ընդհանուր առմամբ աջակցել են տվյալ փաստաթղթին: Որպեսզի փաստաթուղթը սկսի գործել, անհրաժեշտ էր, որ այն ստանար ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրների հավանությունը:

Կոնսենսուսի չհասնելու դեպքում պայմանագրի նախագիծը կարող է դրվել ՄԱԿ ԳԱ-ի քվեարկությանը, ուր դրա ընդունման համար անհրաժեշտ է ստանալ կազմակերպության մեջ մտնող պետությունների 2/3-ի աջակցությունը: Ակնկալվում է, որ այդ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ:

Տեսանյութեր

Լրահոս