Կուբանում սկանդալ է հասունանում. Կողմերը փորձում են կոնֆլիկտի մեջ ներքաշել Օզբիլիսին
«Կուբանի» մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ Իգոր Լոլոյի, Այոդելե Ադելեյեի, Աբդուլվահիդ Աֆոլաբիի և Արազ Օզբիլիսի գործակալ Իգոր Սելյուկն այսօր ասել է, որ առաջին երեք ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են իր և ակումբի միջև հակասությունների պատճառով, իսկ Օզբիլիսին «Կուբանում» ճնշում են՝ հրահրելով Սելյուկի դեմ։
«Նրանք պարզապես քաջություն չունեցան թիմի լավագույն խաղացողին (Օզբիլիսին – խմբ.) ուղարկել մարզվելու երեխաների հետ (փոխարինողների թիմ – խմբ.)։ Դորոչենկոն («Կուբանի» մարզական տնօրենը – խմբ.) ամեն կերպ փորձում է ճնշել Օզբիլիսին, որպեսզի նա հրաժարվի իմ ծառայություններից։ Վերջինս չի հասկանում, թե ինչ է կատարվում, քանի որ ծնվել է Եվրոպայում, և տեղի «պատերազմները» նրա համար անհասկանալի են։ Օզբիլիսի մոտ հարց է առաջանում, թե ինչու նա պետք է հրաժարվի աշխատել մի մարդու հետ, ով իր համար բարի գործ է արել։ Եվ ոչ մեկ անգամ…», – ասել է Սելյուկը։
Տեղեկացնենք նաև, որ Դորոչենկոն այսօր հայտարարել է, որ վերոնշյալ ֆուտբոլիստները իրոք լքել են ակումբը, սակայն արել են դա ինքնակամ, իսկ ակումբին անհայտ են նրանց հեռանալու պատճառները։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը