Ինչո՞ւ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» ընդհանուր հայտարարի չեն եկել. Ա.Մարտիրոսյանը բացում է փակագծերը

«Բարև Երևան» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք իրական, բովանդակային քայլերի կողմնակից են և չեն մասնակցելու  այնպիսի գործընթացների, որոնք իմիտացիոն բնույթ կունենան:

«Այն, ինչ տեղի է ունեցել 2012 թվականին և որի կրկնության նախադրյալներն արդեն տարբեր լրատվամիջոցներով տարածվում է, բնականաբար, մենք որևէ մեկի իմիտացիոն  գործընթացին, ծխածածկույթ տարածելու գործին, կեղծ ընդդիմադիր  խաղալու գործին չենք նպաստելու»,-հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ երեկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը հայտարարել էր, որ փորձելու են նախաձեռնել ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբ, ինչպես դա եղավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Անդրադառնալով երեկ մեկ  այլ քաղաքական գործչի՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ  Աղվան Վարդանյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե  ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» ձևաչափով ընթացող բանակցությունների ժամանակ, «Ժառանգությունը»  դեմ է եղել, որ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների միասնական ընդդիմադիր ցուցակը գլխավորի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե պահանջը ոչ միայն ցուցակը գլխավորելուն է վերաբերել, այլ նաև՝ ԲՀԿ-ի առանցքի  շուրջը համախմբվելուն: «Մենք որևէ մեկի շուրջը  միավորվելու խնդիր չունենք,  քանի որ մենք այլևս  միավորված ենք մեր քաղաքացիների առանցքի շուրջը և հենց այդ առանցքն են տանում: Մենք որևէ մեկի առանցքի շուրջ  պտտվելու խնդիր չունենք »,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:  Ըստ նրա՝անընդունելի է եղել նաև ՀՅԴ-ի այն առաջարկը, որ ցուցակը գլխավորի  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կամ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ իրենք դեմ են եղել, որ կուսակցությունների առաջին դեմքերը գլխավորեն ցուցակները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում դա անընդունելի էր, քանի որ նա արդեն ընտրված նախագահ է: Բացելով արդեն գաղտնի ընթացած բանակցությունների փակագծերը՝ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե ըստ առաջին ցուցակի, առաջին համարը եղել է ինքը, երկրորդը՝ Լիլիթ Գալստյանը, երրորդը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Սակայն երբ այդ առաջարկը չի ընդունվել ՀՅԴ-ի կողմից, նրանք առաջարկել են՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ ցուցակ, որն էլ բնականաբար չի ընդունվել «Ժառանգության» կողմից՝ իբրև  այլընտրանքային տարբերակ  առաջարկելով Լիլիթ Գալստյանի թեկնածությանը: «Մեր կողմից եղել է մաքսիմալ զիջումը, որը միշտ «Ժառանգությանը» հատուկ է եղել:   Չստացվեց դա և, ցավոք սրտի, այն, ինչ առաջարկում էինք, իրականացրեցինք այլևս ն առանց Հայ հեղափոխական դաշնակցության»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե համագործակցության դաշտը Դաշնակցության հետ փակվել է. հնարավոր է՝ ընտրություներից  հետո այդ դաշտը նորից բացվի: Նա շեշտեց, որ համագործակցության դաշտը բաց են տեսնում են «ՀԱԿ» կուսակցության և ԲՀԿ-ի  հետ:

Տեսանյութեր

Լրահոս