«Ես կողմ եմ ուղիղ եթերով հանդիպմանը». Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին

«Երեկվա նամակն ինքնին խոսուն է և ամբողջովին ներկայացնում է իմ մոտեցումն այս հարցում: Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք ժողովրդի` փետրվարի 18-ի հաղթանակն արձանագրել տալ»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված հերթական մամլո ասուլիսին ասաց իր հացադուլը շարունակող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդն այս համատեքստում նշեց, որ իր առաջին նամակում ուղարկված առաջարկը, որոնք նա անվանեց համալիր հանգուցալուծում, անբաժանելի է:

«Այնպես որ, եթե երբևէ պարոն Սարգսյանն ուզենա դեմ առ դեմ հանդիպել, քննարկել (վերջին նամակում ասաց, որ ինքը պատրաստ է այդ իմ ուղարկած փաստաթուղթն ընդունել որպես բանակցությունների հիմք, ուրախ եմ դրա համար), բայց պետք է նկատի առնվի, որ այն, ինչ ուղարկվեց, դա մեր նվազագույն շեմն է, դա չի նշանակում, որ ինքը չի կարող մի կետ հանել, բայց եթե մի կետ հանեց, պիտի համարժեք կետն ավելացնի: Այն, ինչ ներկայացված է, անբաժանելի, համալիր մոտեցում է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սերժ Սարգսյանին հասցեագրված իր նամակ-առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր` ա)  նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում,

կամ բ) իշխանության կիսում ժողովրդի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ ևս Սերժ Սարգսյանին առաջարկեց հանդիպել հրապարակում և միաժամանակ հավելեց, որ մինչև ապրիլի 9-ը դուրս չի գալու Ազատության հրապարակից:

«Երախտագիտություն հայտնելով պարոն Սարգսյանին` իր բարի հորդորի համար, կարող եմ կրկնել, որ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ կարող ենք այստեղ հրապարակավ հանդիպել, իսկ եթե դա անհարմար է, կարող ենք՝ ժողովրդի տան օթյակում (ցույց է տալիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը.-Ա.Ս.), որևէ հարմար վայրում, որը համարվում է Ազատության հրապարակ: Եթե ինքը ուզում է՝ բաց, ուրախ կլինեմ դրա համար, եթե՝ փակ, խնդրեմ: Կարծում եմ` քաղաքական մշակույթի տեսակետից` շատ դաստիարակչական կլինի այս սրճարանում հանդիպելը, ինչպես նախօրոք ասել եմ»,- նշեց Հովհաննիսյանը:

Սակայն այս հարցի վերաբերյալ հաջորդ հարցը կարծես մի փոքր փոխեց Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը: Լրագրողը, ակնարկելով նախագահական նստավայրում Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպման բովանդակության տարբեր մեկնաբանությունները երկու գործիչների կողմից, հետաքրքրվեց. «Եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը նախընտրի փակ հանդիպում, այս անգամ Ձեզ հետ վերցնելո՞ւ եք ձայնագրիչ` հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար»: Սրան ի պատասխան` Րաֆֆի Հովհաննիսյանը ժպտալով ասաց. «Այո՛, շատ լավ նկատառում է: Ես կողմ եմ ուղիղ եթերով հանդիպմանը և ձեր մասնակցությամբ, բայց, այո՛, ես կարծում եմ, որ դասեր քաղելով անցած փորձից` անպայման պիտի արձանագրությունը լինի նաև մեր ձեռքում»:

Իսկ իր հացադուլը դադարեցնելու մասին «Բարևի» շարժման առաջնորդն ասաց, որ ինքը կորոշի, թե երբ դադարեցնի այն:

«Այսինքն` Դուք նախագահի նստավայր չե՞ք գնում»,- հարցրեցին նրան:

«Ես այդ նստավայր կգնամ միայն մի դեպքում, իսկ դրա մասին արդեն խոսել եմ»,- պատասխանեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս