Բաժիններ՝

«Գիտնականի համար պետք է ստեղծվեն նորմալ սոցիալական պայմաններ »

Էդուարդ Ղազարյանը 1999-2001թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը, 2002-2004թթ.՝ ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ: Այժմ նա ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է, ինչպես նաև զբաղեցնում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Է. Ղազարյանը Հայաստանում ցածր չափային համակարգերի և կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկայի ուղղության հիմնադիրն է:

 
– Պրն Ղազարյան, որպես վաստակաշատ գիտնական, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գիտության ներկայիս վիճակը: 
– Հանրապետությունում գիտության վիճակը նկարագրելն այնքան էլ հեշտ չէ, որովհետև այս խնդիրն ունի երկու կողմ: Առաջինը, որը ես շատ եմ կարևորում, հանրապետությունում ներկայումս տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն է: Ցավոք սրտի, վերջին շրջանում այս առումով մենք լուրջ կորուստներ ենք ունեցել, փոխվել է նաև արժեքային համակարգը: Նախկինում Հայաստանում գերակա է եղել ազգային արժեքը: Ես մշտապես հաճույքով եմ հիշում անցյալ դարի 60-70-ական թվականները, երբ կրթությունը և գիտությունը հանրապետությունում առաջատար ուղղություններ էին, իսկ այդ գործընթացներն իրականացնողները` անառարկելի հեղինակություններ, օրինակ՝ դպրոցում՝ ուսուցիչը, բուհում՝ դասախոսը, ակադեմիական ինստիտուտներում՝ գիտնականը: Հասարակության շրջանում շատ մեծ ոգևորություն կար հատկապես բնական գիտությունների նկատմամբ: Հիշում եմ, այդ տարիներին «ասպիրանտ» բառն այնպիսի տպավորություն էր թողնում, ասես մի անհասանելի բարձունք էր, որին պետք է ամբողջ կյանքում ձգտեինք: Ցանկացած ուսանողի երազանքն էր ասպիրանտ դառնալը և գիտությամբ զբաղվելը, հատկապես՝ բնական գիտություններով: Հենց այդ ուղղություններով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, մենք շատ մեծ հաջողություններ ունեցանք` շնորհիվ պետության աջակցության:
Իրականում Խորհրդային Միությունում ամենաբարձր աշխատավարձը պրոֆեսորի աշխատավարձն էր՝ 450 ռուբլի, ավելի բարձր, քան ցանկացած պաշտոնյայի, այդ թվում՝ նաև նախարարի, շրջկոմի քարտուղարի աշխատավարձերը: Այդ ամենը խոսում էր նաև պետության վերաբերմունքի մասին: Բացի այդ, գիտնականներին աջակցում էր նաև մշակույթը. 60-ական թվականներին ֆիլմեր էին նկարահանում, վեպեր էին գրում գիտնականների մասին: Այսինքն՝ մշակույթն էլ իր հերթին էր բարձրացնում այս ոլորտի հեղինակությունը: Մեր օրերում փոխվել է բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչն ամենացավալին է: Այս մթնոլորտը, նույնիսկ ամենամեծ ջանքերի շնորհիվ, ի զորու չէ փոխել որևիցե կառույց, այդ թվում՝ նաև Կրթության և գիտության նախարարությունը: Մենք պետք է ազգովի աշխատենք այս ուղղությամբ, այսինքն՝ և՛ ընտանիքը, և՛ հասարակությունը, և՛ պետությունը միացյալ ուժերով պետք է հաղթահարեն այս ճգնաժամը: Հիմա գլուխ է բարձրացրել սպառողական հոգեբանությունը, մարդկանց արժանիքներն այլ չափանիշներով են գնահատում, բոլորովին այլ գործոններ են դեր խաղում կարիերա ստեղծելու համար, իսկ նախկինում՝ աշխատանքային առաջընթացի միակ չափանիշը երիտասարդ մասնագետի գիտելիքն էր: Սա հարցի մի կողմն է, որը գլոբալ խնդիր է դարձել մեզ համար:
– Նշեցիք, որ խնդիրն ունի երկու կողմ, կասե՞ք` ո՞րն է խնդրի երկրորդ կողմը: 
– Երկրորդը` գիտության ոլորտի աշխատողի համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է, որոնք պետք է պետությունն ապահովի: Առաջին հերթին՝ մենք գիտնականներին շատ թե քիչ բարեկեցիկ կյանքով ապահովելու սոցիալական խնդիր ունենք: Սակայն դա բավարար չէ. գիտնականը պետք է ունենա նաև նորմալ աշխատանքային պայմաններ, իսկ դա նշանակում է, որ հարկավոր է ապահովել գիտնականի, առավել ևս՝ երիտասարդ գիտնականի շարժունակությունը. նա պետք է հնարավորություն ունենա այցելելու տարբեր գիտական կենտրոններ, մասնակցելու տարբեր գիտաժողովների, շփվելու տարբեր գիտնականների հետ: Հատկապես փորձարարական գիտության համար՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, անհրաժեշտ են նաև ժամանակակից գիտական սարքավորումներ: Սրանք անհրաժեշտ պայմաններ են գիտնականի բնականոն աճի համար:
– Ի՞նչ է անհրաժեշտ գիտության մեջ հաջողության հասնելու համար: 
– Գիտության մեջ հաջողության հասնելու համար երեք պայման է անհրաժեշտ: Նախ` գիտնականի համար պետք է ստեղծվեն նորմալ սոցիալական պայմաններ, որպեսզի նա առավոտից երեկո չմտածի ընտանիքը կերակրելու, կոմունալ ծախսերի, վարձավճարների և այլնի մասին: Նա պետք է ամբողջությամբ նվիրվի գիտությանը: Երկրորդ՝ գիտնականի շարժունակության ապահովում, և երրորդ` ժամանակակից գիտական սարքավորումների առկայություն: Այս երեք չափորոշիչներն անհրաժեշտ և բավարար պայմաններ են գիտությամբ զբաղվելու համար, որոնք, սակայն, հիմնականում բացակայում են մեզ մոտ: Աշխատավարձը շատ ցածր է. հատկապես կաղում է ակադեմիական համակարգում աշխատող գիտնականների միջին աշխատավարձը, որն ամենացածրն է բոլոր սոցիալական խավերի մեջ: Ակադեմիական ինստիտուտում աշխատող գիտնականը մոտավորապես 70 հազար դրամ է ստանում, իսկ դա նույնիսկ միջին հանրապետական ցուցանիշից ցածր է գրեթե 2 անգամ: Այսինքն՝ եթե նա շատ ակտիվ չլինի և չկարողանա մասնակցել տարբեր միջազգային դրամաշնորհների` լրացուցիչ գումարներ վաստակելու համար, չի կարողանա ապահովել ընտանիքի բարեկեցությունը, առավել ևս` երիտասարդ գիտնականը: Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա դրանք բավական հնացել են: Ներկայումս շատ քիչ հիմնարկներ ունեն ժամանակակից սարքավորումներ, մնացածը 30-40 տարվա վաղեմության սարքավորումներ են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր ինստիտուտներն է հնարավոր վերազինել ժամանակակից սարքավորումներով, կարելի է գիտական սարքավորումների մի խոշոր կենտրոն ստեղծել, որը բաց կլինի բոլոր գիտական ինստիտուտների տարբեր ճյուղերի մասնագետների համար:
Այսօր, կարծես թե, որոշ քայլեր արվում են երիտասարդ գիտնականների համար: Ես ողջունում եմ հատկապես երիտասարդ գիտնականների բնակարանների ձեռքբերման ծրագիրը, որի շնորհիվ՝ արդեն հարյուրավոր երիտասարդ գիտնականներ արտոնյալ պայմաններով լուծել են իրենց բնակարանային խնդիրները:
– Նույն երիտասարդ գիտնականները նշում են, որ երիտասարդ գիտնականների` մատչելի բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագիրն այնքան էլ մատչելի չէ նրանց համար, եթե հաշվի առնենք այն աշխատավարձը, որ նույն երիտասարդ գիտնականները ստանում են. այսինքն՝ երիտասարդ գիտնականի աշխատավարձը բավարար չէ վարկերը ժամանակին մարելու և, միևնույն ժամանակ, ապրելու համար:
– Դե՛ դա տեխնիկական հարց է, այնուամենայնիվ, առաջարկը 20-30 տոկոսով շուկայականից ցածր է, դա էլ ինչ-որ քայլ է: Ի նկատի ունեմ, որ ինչ-ինչ երանգներ կան, ինչ-ինչ քայլեր արվում են երիտասարդ գիտնականներին աջակցելու ուղղությամբ: Օրինակ՝ նյութական վիճակը բարելավելու մեկ այլ ծրագիր էլ կա` մրցութային հիմունքներով աջակցություն ասպիրանտներին…
– Որը, սակայն, հարկվում է, և երիտասարդները կրկին բողոքում են…
– Համենայն դեպս, մոտ 1մլն 200 հազար դրամը, որը ստանում է ասպիրանտը, գործունեության նոր հնարավորություններ է ստեղծում: Շահել է նաև իմ ասպիրանտը, ով հիմա այդ գումարով պատրաստվում է մեկնել Չեխիա` մասնակցելու միջազգային գիտաժողովի: Մի խոսքով, որոշ բաներ նկատվում են: Նույն թեմատիկ ֆինանսավորման մրցույթը. այս տարի ավելացել է ֆինանսավորվող թեմաների քանակը` 130 թեմայի փոխարեն՝ կֆինանսավորվի 160 թեմա:
Ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ նույնիսկ այս ճգնաժամային իրավիճակի պայմաններում, մեր հայ երեխաները դպրոցական տարիներից տարվում են բնական գիտություններով և շատ մեծ հաջողություններ են ունենում: Դրա վառ օրինակը միջազգային օլիմպիադաներն են (նշենք, որ ամենաշատ օլիմպիական մեդալները հայ դպրոցականները նվաճել են անցյալ տարի.- Լ.Մ.):
Ցավալին այն է, սակայն, որ բուհն ավարտելուց և նույնիսկ ատենախոսություններ պաշտպանելուց հետո էլ երիտասարդ գիտնականները համապատասխան աշխատատեղեր չեն գտնում Հայաստանում, մինչդեռ նրանց պահանջարկը շատ մեծ է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
– Պահանջարկ ասելով` նկատի ունեք, որ Հայաստանում աշխատատեղեր կան, սակայն պայմանները պարզապես բավարար չե՞ն, այսինքն՝ ցածր աշխատավարձ, ոչ նորմալ աշխատանքային պայմաններ:
– Այո, հիմնականում այդպես է, որովհետև, որտե՞ղ պետք է աշխատի ֆիզիկոսը, որն արդեն դարձել է գիտությունների թեկնածու, լավագույն դեպքում՝ պետք է ինչ-որ ամբիոնում դասախոսի, իսկ դա նշանակում է 60-70 հազ. դրամ աշխատավարձ, մինչդեռ, երիտասարդներն ուզում են ամուսնանալ և ընտանիք ստեղծել: Ներկայումս, համացանցի առկայության պայմաններում, երիտասարդները տարբեր երկրների գիտական կենտրոններ նամակներ են գրում և իրենց տվյալներն են ուղարկում ու շատ կարճ ժամանակահատվածում այնտեղից հրավերներ են ստանում:
– Հիմա ինչպիսի՞ն է ֆիզիկայի վիճակը: 
– Որոշ ուղղություններ արդեն փակվելու եզրին են: Կարելի է ասել, որ տարրական մասնիկների և միջուկի ֆիզիկայի փորձարարական մասն, ըստ էության, փակվել է: Մենք ունենք ֆիզիկոս գիտնականներ, որոնք տեսությամբ են զբաղվում, սակայն մեզ մոտ փորձարարական մասը բացակայում է: Իսկ դա բավականին թանկ հաճույք է: Այս ամենին զուգահեռ՝ ֆիզիկայի բնագավառում մենք լուրջ ձեռքբերումներ ունենք, օրինակ՝ 70-80-ականներին, երբ դեռ «նանո» բառը գոյություն չուներ, և նանոտեխնոլոգիա չկար, ես Մոսկվայից վերադառնալուց հետո սկսեցի զբաղվել ցածրչափային համակարգերի ֆիզիկայի հարցերով: Շատերը նույնիսկ ինձ ասում էին, թե այդ ի՞նչ ցնդաբանություն է, այդպիսի բաներ չկան, այդ ի՞նչ մոդելներ եք ընտրում, և այլն:
Մեր առաջին աշխատանքը տպագրվեց 1971թ.-ին: Հետագայում, երբ տեխնոլոգիաները զարգացան և կարողացան ստանալ կիսահաղորդչային քվանտային կառուցվածքներ` քվանտային կետեր, քվանտային լարեր, քվանտային փոսեր, արդեն նանոէլեկտրոնիկայի ոլորտում բուռն կերպով սկսեց զարգանալ թե՛ տեսությունը, և թե՛ փորձարարական մասը: Դա մի բնագավառ է, երբ մարմնի կամ նյութի չափերն այնքան են փոքրանում, որ դրանց ֆիզիկական հատկությունները կախված են դառնում այդ չափերից:
Նանոգիտության վերաբերյալ մեր տեսական հետազոտությունները բավականին առաջընթաց են ապրել, և հիմա էլ այդ ուղղությամբ տեսական մասով առաջընթաց կա, սակայն, ցավոք սրտի, տեխնոլոգիաների բացակայության պատճառով մենք փորձարարական աշխատանքներով չենք կարող զբաղվել:
2005-2006թթ. կառավարությանը մի ծրագիր ներկայացրեցինք՝ հույս ունենալով, որ այն կֆինանսավորվի. դա ինովացիոն ծրագիր էր, որովհետև ենթադրվում էր, որ վերջում մենք կունենանք լույսի նոր աղբյուրներ (լուսադիոդներ): Մենք ցանկանում էինք քվանտային կառուցվածքների վրա ստեղծել լուսադիոդներ՝ որպես կապույտ լույսի աղբյուր, ինչը շատ հրատապ էր, քանի որ կապույտի ստեղծումը հնարավորություն կտար հետագայում ստանալ սպիտակ լույս, որը շատ ավելի քիչ էներգիա է ծախսում և ավելի արդյունավետ է աշխատում: Հիմա արդեն կան այդ աղբյուրները. ճապոնացիները, գերմանացիներն ունեն դրանք, իսկ այն ժամանակ այդ ամենի մասին դեռ նոր էր խոսվում:
Ցավոք սրտի, պատկան մարմինները մերժեցին մեր առաջարկները, իսկ հիմա արդեն ուշ է, գիտությունը շատ արագ է զարգանում, իսկ նանոգիտությունը՝ շատ ավելի արագ: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան, այսօր արդեն՝ նաև Ռուսաստանը, նանոգիտությունը և նանոտեխնոլոգիաները որպես ազգային ծրագիր են հաստատել և հսկայական գումարներ են ներդնում, որովհետև դա կապված է և՛ պաշտպանության, և՛ նոր քաղաքակրթության հետ. դա մի նոր մեծ հեղաշրջում է:
– Այսինքն՝ մենք Հայաստանում` չգիտակցելով այդ տեխնոլոգիաների կարևորությունը, արդեն հետ ենք ընկել, ու վե՞րջ:
– Հասկանո՞ւմ եք, մեր պաշտոնյաներն այդ բոլոր տերմիններն օգտագործում են, ասում են՝ շատ կարևոր են բարձր տեխնոլոգիաները: Սակայն նրանք՝ բարձր տեխնոլոգիա ասելով, հիմնականում համակարգիչներն են հասկանում: Մինչդեռ համակարգիչը բարձր տեխնոլոգիաների ընդամենը հետևանք է. բարձր տեխնոլոգիաներ ասելով` մենք հասկանում ենք՝ կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա և տեղեկատվական տեխնոլոգիա: Այդ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ենք մենք կարոողանում նաև համակարգչի հիշողությունը մեծացնել, չափերը փոքրացնել, և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս