Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը

Այսպիսով, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում հրապարակեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկելիք նամակը, որի իմաստն ավելի պարզ ձևակերպմամբ՝ հետևյալն էր: Նա առաջարկում է երկու տարբերակ. մեկը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, ամբողջական, մյուսը՝ մասնակի: Առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը համաձայնի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, երկրորդն այն է, որ Ս. Սարգսյանը մնա նախագահի պաշտոնում, սակայն իշխանությունից մասնաբաժին տա Րաֆֆի Հովհաննիսյանին:

Վերջինս, ավելի քան կոնկրետ, նշեց անգամ իր ակնկալած պաշտոնները՝ ԱԱԾ ղեկավար, արտգործնախարար, գլխավոր դատախազ, 5 մարզպետ, և այլն, և այլն: Ու որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքին պաթետիկ, լիրիկական նրբերանգներ հաղորդեց, միևնույն է՝ բովանդակային առումով նրա հայտարարությունը նշանակում էր՝ Սերժ Սարգսյանից իշխանության մասնաբաժին ուզել, պարտադրել կամ խնդրել:

Ընդ որում, անկախ այդ երևույթի այլ ասպեկտների գնահատականից, որոնք, անշուշտ, կհնչեն առաջիկա օրերին, հանուն արդարության՝  պետք է արձանագրել, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի, թերևս, ամենաքաղաքական քայլն էր: Լա՞վ քայլ էր դա, թե՞ վատ, հաղթանակի արտահայտությո՞ւն է, թե՞ ծախվելու պատրաստակամություն, միանգամայն այլ հարց է: Բայց այն, որ կոնկրետ «խոսակցությունը» շատ ավելի քաղաքական է, քան դիակի սպառնալիքը, ակնհայտ է: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի իշխանության, Սերժ Սարգսյանի պատասխանը  Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարություններին: Հաշվի առնելով հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանի արած այն «բացահայտումը», որ իր առաջարկներից մեկը վերաբերել է իշխանությանը մաս կազմելուն, ինչին ի պատասխան՝ Րաֆֆին հարցրել է՝ խոսքը կոալիցիայի՞ մասին է, ինքն էլ օդում կախված է թողել այդ հարցը, հազիվ թե Ս. Սարգսյանը միանգամից տեղի տա «Ժառանգության» ղեկավարի պահանջներին: Րաֆֆին, ըստ ամենայնի, ուշացել է:

Նա, փաստորեն, Ս. Սարգսյանի մոտ էր գնացել՝ կոալիցիային մաս կազմելու առաջարկ ստանալու ակնկալիքով, բայց դա որոշակի չստանալուց հետո, հիմա ինքն է հակաառաջարկ անում: Եթե Ս. Սարգսյանն ընդունի այդ առաջարկը, նշանակում է՝ մի կողմից՝ կիսել իշխանությունը, մյուս կողմից՝ հայտնի ասուլիսից հետո թուլության նշան ցույց տալ: Այն դեպքում, երբ մինչ վերջին իրադարձություններն իշխանությունը կարծես հակված էր Րաֆֆիին նման պաշտոններ առաջարկելու: Համենայնդեպս, բոլոր իշխանական խոսնակներն իրենց հարցազրույցներում տարակուսանք էին հայտնում այն առիթով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «կառուցողական դաշտ չի մտնում», պատրաստ չէ երկխոսության:

Դա ասում էին այնպիսի ենթատեքստով, որ՝ մենք պատրաստ ենք Րաֆֆիին ամեն ինչ տալ, բայց նա «բազարին» չի համաձայնվում: Հիմա, փաստորեն, հակառակ պատկերն է: Րաֆֆին առաջարկում է վերցնել: Բայց տակավին անհայտ է՝ կտա՞ արդյոք իշխանությունը Րաֆֆիի ուզածը: Անկախ դրանից՝ իշխանությունը, կարծում ենք, երախտապարտ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ այսօրվա հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանի՝ դե ֆակտո նախագահությամբ պաշտոններ ստանձնելու պատրաստակամություն հայտնելով՝ Րաֆֆին ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:

Ի դեպ, այս հայտարարություններն անելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց մի կարևոր «նրբություն»: Նա այդպես էլ չասաց, թե ինչ է անելու, եթե հանկարծ Ս. Սարգսյանը մերժի իրեն տալ ցանկալի պաշտոնները: Գուցե այն պատճառով, որ նա դեռևս հացադուլի մեջ է, ինչպես որ ուժի մեջ է դրա հետևանքների սպառնալիքը: Այսինքն՝ սկզբում Րաֆֆին հայտարարում էր՝ երդմնակալությունը կլինի միայն իմ դիակի վրայով, հիմա, ըստ էության, ասում է՝ եթե իմ ուզած պաշտոնները չտաք, էլի երդմնակալությունը կլինի իմ դիակի վրայով: Եթե տաք՝ գուցե ես էլ մասնակցեմ երդմնակալությանը:

Փետրվարի 18-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նույնացնում էր ժողովրդի հետ գրեթե ամեն օր: Բայց, որպես կանոն, այդ մասին հայտարարություններ էր անում, երբ խոսում էր հաղթանակի մասին, երբ ասում էր, որ հաղթել է ոչ թե ինքը, այլ ժողովուրդը: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին իրեն նույնացրեց ժողովրդի հետ՝ հայտարարելով, որ իր երկրորդ պահանջն այն է, որ այս, այս, այս պաշտոններում Սերժ Սարգսյանը ներկայացնի ժողովրդի, այսինքն՝ Րաֆֆիի ներկայացրած մարդկանց: Իսկապես որ, ամեն ինչ հնարավոր է:

Լուսանկարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս