23 տարի ազատազրկման մեջ անցկացրած ամերիկացին անմեղ է ճանաչվել
Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ երեկ ամերիկյան դատարանի դահլիճից անմեղ են ճանաչել ու ազատ են արձակել Դևիդ Ռանտային, ով սխալմամբ 23 տարի անցկացրել է բանտում: Դատարանը գտել է, որ ուղիղ ապացույցներ չկան նրա մեղավորության վերաբերյալ:
Բրուքլինի դատարանը Ռանտային 1991 թվականին դատապարտել է մինչև 37 տարվա ազատազրկման: Հետաքննության տվյալներով՝ դրանից մեկ տարի առաջ Ռանտան անհաջող փորձ է ձեռնարկել՝ կողոպտելու համար թանկարժեք քարեր փոխադրող սուրհանդակին և այդ փորձի ժամանակ կրակել է րաբբի Հասկել Վերցբերգերի վրա:
Վերջինս պատահաբար է հայտնվել կողոպուտի վայրում և մահացել է վիրավորվելուց 4 օր անց: Կողոպտչին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: 35-ամյա Ռանտան, ով տվյալ ժամանակ աշխատում էր տպագրական ոլորտում և օգտագործում էր թմրանյութեր, մեղավոր է ճանաչվել տվյալ գործով՝ մի քանի վկաների ցուցմունքների հիման վրա:
Ռանտան մշտապես հերքել է իր մեղքը, երկու անգամ բողոքարկել է դատավճիռը, սակայն երկու դեպքում էլ ստացել է մերժում: 2011 թվականին վերսկսվել է նրա գործի քննումը, քանի որ մինչ այդ իրենց տված ցուցմունքներից հրաժարվել էր վկաների մի մասը:
Նրանցից մեկը, ով 1990 թվականին եղել է 13 տարեկան, հայտարարել է, որ այն ժամանակ իրեն ցուցմունքներ տալու հարցում ստիպել են քննիչները: Ավելի ուշ սեփական ցուցմունքներից հրաժարվել է ևս երկու վկա: Ազատության մեջ հայտնված Ռանտան այժմ 58 տարեկան է: Իր զգացողությունների մասին նա լրագրողներին հայտնել է, որ, կարծես թե, լողում է ջրում: