Վարդան Օսկանյանը՝ Մարտի 1-ի, Սերժ Սարգսյանի ասուլիսի և իր դեմ հարուցված քրգործի մասին
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը միանգամայն արդարացված է համարում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած քաղաքական պայքարը՝ համարելով, որ կխուսափեր այս պահին վերջինիս ինչ-որ խորհուրդներ տալուց, քանի որ հենց Հովհաննիսյանն է մոտ 600 հազար բողոքավոր և փոփոխությունների ուղերձ կրող քվեների պատասխանատուն:
Այս մասին Վարդան Օսկանյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված հարցազրույցում՝ հավելելով, որ արտահայտում է ոչ թե կուսակցության, այլ իր անձնական կարծիքը։
«600 հազար մարդ իր բողոքն է արտահայտել գործող իշխանությունների նկատմամբ, փոփոխություն է ուզել ե՛ւ անձի, ե՛ւ մոտեցումների, ե՛ւ քաղաքականության, և այդ փոփոխության կրողը այս պահի դրությամբ՝ որպես նախագահական ընտրությունների հետարդյունք, Րաֆֆի Հովհաննիսյանն է, և ինքը իսկապես այդ բարոյական իրավունքը ունի, և ինքը պետք է որոշի, թե ինչ է անելու այդ քվեներով և ինչպիսի արդյունքի է ուզում հասնել», – նշել է նախկին արտգործնախարարը, – «Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկապես կուզենայի ինչ-որ ժողովրդի կամքի դրսևորում մի տեղ լինի։ Դա ինչպե՞ս կլինի՝ ես դժվարանում եմ ասել»։
Վարդան Օսկանյանն անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին մի խումբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարություններին, նշելով, թե իր տպավորությամբ, նախագահը համարժեք չի արձագանքել հետընտրական իրողություններին ու մասնավորապես քվեարկության՝ անգամ պաշտոնապես արձանագրված արդյունքներին: Դրանք, ըստ նախկին արտգործնախարարի, նախագահին պետք է մղեին իրավիճակ փոխելուն միտված կտրուկ գործողությունների, այդ թվում՝ կադրային, քաղաքական: Մինչդեռ, Օսկանյանը նման պատրաստակամություն չի նկատել. – «Իսկ եթե փողոցում ինչ-որ հանգուցալուծում չլինի, փաստորեն ոչ մի օգուտ երկիրը այս բոլորից չի ունենալու և այս լճացումը հաջորդ հինգ տարիներին շարունակվելու է։ Սա շատ մտահոգիչ է»։
«Սխալ նշաձող»
Վարդան Օսկանյանը խիստ քննադատության է ենթարկել կառավարության գործունեությունը ու մասնավորապես ընդգծեց, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ սխալ նշաձող է առաջարկում՝ նշելով, որ կառավարության առաջ խնդիր է դրել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ ապահովել և քայլեր ձեռնարկել, որպեսզի աշխատավարձերի աճը գնաճից ավելին լինի։
«Այդ նշաձողը ես այդպես չէի դնի», – ասում է Վարդան Օսկանյանը, – «Ես հետևյալ կերպ կդնեի՝ այն կառավարությունը, որ տարեկան գոնե աղքատությունը 10-15 տոկոս չի կրճատում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որ արտագաղթը ամեն երկու ամիսը մեկ առնվազն 10 տոկոսով չի կարողանում կրճատել, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որը հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը առնվազն տարեկան 2-3 տոկոս չի ավելացնում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որ արտաքին ներդրումներ չի ապահովում կամ դրանց աճը առնվազն 10 տոկոս, պետք է հրաժարական տա։ Մեր արտաքին ներդրումները 2007 թվականի նկատմամբ նվազել են 60 տոկոսով»։
Նա հավելել է, թե կառավարության կողմից անցած տարի հայտարարված ավելի քան 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը իրականում թվային մանիպուլյացիաների արդյունք է։
«Երևանը պետություն է պետության մեջ»
Վարդան Օսկանյանը, ով, հիշեցնենք, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում գլխավորելու է ԲՀԿ համամասնական ցուցակը, նաև հայտարարել է, որ ավագանու ընտրությունները միանշանակորեն համարում է կարևորագույն քաղաքական պայքար, թեև իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է այն իջեցնել ընդամենը տեղական ինքնակառավարման խնդրի մակարդակի: Օսկանյանի համոզմամբ, այսօր խիստ հրատապ է քաղաքական մենաշնորհի վերացումը, ինչն էլ բազմաթիվ բացասական երևույթների սկզբնաղբյուր է. – «Այսօր մեր բնակչության կեսից ավելին Երևանում է ապրում։ Երևանը տալիս է մեր ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելին, կրթության, մշակույթի կենտրոնն է հանրապետության։ Այնպես որ, բնականաբար, սա քաղաքական ընտրություն է։ Եթե Երևանի քաղաքապետը լինի ոչ իշխանական կուսակցությունից, քաղաքապետը կդառնա Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենակարևորագույն անձը՝ անկախ թե Սահմանադրությունը ինչ է ասում։ Երևանը պետություն է պետության մեջ»։
Օսկանյանը նաև ասել է, որ քաղաքապետ դառնալու հետ կապված ինքը խնդիր չունի, սակայն այս պայքարի մեջ չի մտել քաղաքապետ դառնալու համար։
ԲՀԿ-ն կենդանի օրգանիզմ է
Ինչպե՞ս է ազատական հայացքներ կրող Վարդան Օսկանյանը համակերպվում անձակենտրոն համարվող կուսակցության անդամության հետ. կուսակցություն, որի անդամներն առանց առաջնորդի թույլտվության անգամ մեկնաբանություններից են խուսափում: Այս հարցին ի պատասխան, Օսկանյանն ասել է, թե ԲՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, և անընդհատ փոփոխվում է՝ արձագանքելով ժամանակի պահանջներին:
«Այսօր կուսակցության ներսում շատ լուրջ գնահատում է տեղի ունենում և քննարկումներ են գնում արդեն կուսակցությունը ինչ–որ տեղ նաև ապակենտրոնացնել, շատ ավելի մոբիլ որոշումների կայացման խումբ ստեղծել, որը կկարողանա իսկապես արագ որոշումներ կայացնել և ուղղորդել կուսակցությունը։ Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանը հիմնադիրն է, իր տեղն ու դերը ունի, այդպես էլ կլինի՝ բոլոր կուսակցություններն էլ այդպես են, չկա այդպիսի կուսակցություն նույնիսկ ժողովրդավարական երկրներում, բայց արդեն դա շատ ավելի նվազ է (երբ կուսակցության անդամները մեկնաբանություն չեն տալիս, որովհետև Ծառուկյանը արտասահմանում է)», – ասել է նախկին արտգործնախարարը։
«Ընկել են մասնավոր հիմնադրամի ետևից»
Անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսական գործունեության նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը՝ Օսկանյանը տարակուսել է, որ իր խոսքով՝ «թաղված ատկատների և կաշառակերության մեջ, ընկել են մասնավոր հիմնադրամի ետևից, որը միայն նպաստում է Հայաստանի իմիջի բարձրացմանը»։
«Ես իսկապես կոչ եմ անում իշխանություններին, որ «Սիվիլիթասին» հանգիստ թողնեն, մեր աշխատանքը միայն ու միայն նպաստում է ե՛ւ պետականության կայացմանը, մեր երկիրը դրսում դրական ներկայացնելու, և միայն դրանից կարելի է օգուտ ունենալ։», – հավելել է նա։
Մարտի 1-ի ելույթը «սխալ համատեքստում է ներկայացվում»
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ ետահայաց գնահատական կտայիք Մարտի 1-ի ողբերգական օրը ունեցած ձեր ելույթին, և արդյոք այսօր կկրկնեի՞ք այդ ելույթը, Օսկանյանը ևս մեկ անգամ ճշգրտել է, որ իր ելույթը հաճախ սխալ համատեքստում է ներկայացվում: Նրա խոսքով, այդ ելույթը միտված է եղել ողբերգությունը կանխելուն, քանի որ հնչել է մինչ հայտնի դեպքերը, և եղել է միանգամայն անկեղծ. – «Որովհետև իմ մոտ պետականության նկատմամբ պատասխանատվությունը իսկապես շատ խորն է, ես հիմա հակված եմ ասելու, որ այո՝ նույնիսկ իմանալով հետևանքները, իմանալով այն քննադատությունը, որ իմ հասցեին արվում է, նաև քաղաքական շահարկումները։ Որովհետև իսկապես իմ ցանկությունը ինչ-որ բան կանխելն է եղել, պատասխանատվության զգացումից դրդված՝ կասեի՝ այո»։