Րաֆֆի Հովհաննիսյան. Թող թասիբ ունենան, հրապարակ գան ու տեսնեն, թե ինչ որակ կա այստեղ
Այսօր մեկնարկած քաղաքացիական չորրորդ բաց ֆորումի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներ Ժիրայր Սէֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին՝ որակյալ առաջարկներ ներկայացնելու համար: Նա նշեց, որ քաղաքացիական ֆորումի արդյունքներին կանդրադառնա ու դրանք կամփոփի տասներրորդ նիստից հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Ժիրայր Սէֆիլյանից բաց առաջարկների և տեսակետների համար՝ ասելով, թե հարգանքով է մոտենում դրանց: «Ես հեղինակային իրավունք չեմ վերապահում, բայց մենք բոլորս հասկացանք, որ մայրաքաղաքից դուրս կա Հայաստան ևս: Թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո ես և իմ գործընկերներն այցելել ենք գյուղեր ու քաղաքներ և, ես վստահ եմ, որ այդ ժամը կգա և մենք ոչ միայն կայցելենք, այլև մեր պատգամը կտանենք գյուղ ու քաղաք, որովհետև Սահմանադրության երկրորդ հոդվածը, ըստ որի՝ պետությունը ժողովրդինն է, ոչ միայն Երևանինն է, այլև ողջ հայ ժողովրդինը»,- մասնավորեցրեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ նախապես խոսել է, և կարծում է, որ որևէ արգելք չկա, որ Միջին արևելքը, Տորոնտոն, Մոսկվան սկայպի միջովով կապվեն իրար հետ և հենց Ազատության հրապարակից հնարավորություն ստեղծեն խոսել հայրենակիցների հետ:
Նա շեշտեց, որ այսօր չի անդրադառնա երկրի իրավիճակին, որ փետրվարի 18-ի ժողովրդի հաղթանակը ստեղծել է, կերտել ու մեծ պատգամ է բերել, հրահանգ, որ ժողովրդի այս հաղթանակը պետք է տանենք ի կատար: «Մենք գիտենք, թե ինչ արձագանքներ կան իշխող կուսակցությունից, որ չափազանց շատ տարիներ ինքն իրեն շփոթել է պետութան հետ, ազգի հետ, Նժդեհի հետ և պատասխան պետք է տա այս շփոթմունքի համար»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երեկ պատասխանել է Սերժ Սարգսյանին և անհրաժեշտություն չի տեսնում դրա մասին խոսել նաև այսօր: Բայց նշեց, որ դրան կանդրադառնա ուրբաթ օրը հանրահավաքի ժամանակ:
«Նրանք ովքեր մեզ սատանա են ասում, աղանդավոր, ինքնակոչ հեղաշրջող, նրանք են և դատարանի առջև իրենք պետք է պատասխան տան: Թող թասիբ ունենան հրապարակ գան ու տեսնեն, թե ինչ որակ կա այստեղ՝ ոչ միայն բարձրախոսի մոտ, այլև ժողովրդի մոտ: Մենք մի բռունց ենք դառնում ու դարձել ենք արդեն, իսկ իրենք դա բոլորը գիտեն»,- եզրափակեց նա: