Ժիրայր Սէֆիլյան. Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև հացադուլի նստելը խորհրդակցեր ինձ հետ ու հարցներ իմ կարծիքը, ես կպատասխանեի, որ ճիշտ չէ այդ քայլը

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց քաղաքացիական բաց ֆորումի չորրորդ նիստը, որին ներկա են ոչ միայն բանախոսները, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով որդու կողքին նստած լսում է ելույթ ունեցողներին:

Առաջին բանախոս Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, թե իրենց նպատակը սոսկ իշխանափոխությունը չէ: Ըստ նրա՝ Հայաստանը նպատակ չի ունեցել իշխանափոխություն իրականացնել, այլ նպատակ է դրել՝ համակարգային փոփոխությունների: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հստակեցնի, թե ի՞նչ համակարգով է պատրաստվում փոխարինել գործող համակարգը:

«Վերջին ժամանակներում բազմիցս լսել ենք, թե Րաֆֆի Հովհաննիսյանը թիմ չունի. այդ մասին Գարեգին Չուգասզյանն էլ այս ամբիոնից հայտարարեց, որ նրա թիմը ամբողջ մեր ժողովուրդն է»,- ասաց նա՝ ավելացնելով՝ թե բարեբախտաբար իրենք գտել են մեխանիզմը, որը կհամախմբի ժողովրդին:

Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրեց մի ծրագիր, որն, իր խոսքով՝ կտանի հաղթանակի՝ միաժամանակ խնդիրներ է լուծելով: «Այդ ծրագրով մենք լուծում ենք գաղափարական խնդիրը: Այսինքն՝ պետությունը ստեղծում ենք, ոչ միայն հայաստանաբանակ ժողովրդի ներուժով, այլև ամբողջ հայության: Այսօրվանից պետք է հստակեցվի՝ ինչ որակի պետություն ենք պատկերացնում: Հաջորդ խնդիրը, որ կլուծվի քաղաքական սերնդափոխությունն է՝ ոչ թե տարիքի այլ որակի առումով: Իսկ այն մարդը, որը ուզում է առաջնորդել ժողովրդին, պետք է լինի ազնիվ, անկեղծ նվիրյալ, պատրաստ ծառայելու ժողովրդին»,- մասնավորեցրեց նա:

Նա նշեց, նաև, որ իրենց ծրագիրը պետք է լուծի կոլեգիալ որոշումներ կայացնելու մշակույթի արմատավորումը:

Նրա խոսքով՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև հացադուլի նստելը խորհրդակցեր իր հետ ու հարցներ իր կարծիքը, ինքը կպատասխաներ, որ ճիշտ չէ այդ քայլը՝ միաժաանակ հարգելով զոհողությունը: «Բայց քանի որ ինքը բնույթով խիստ կազմակերպվածության կողմանկից է, իսկ իր քայլը խանգարում է դրան, ապա  կառաջարկեի շրջել քաղաքով»,- ասաց Սէֆիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս