Դանակահարված, բայց կենդանի վարորդին նետել են BMW-ից
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) ամբաստանյալի աթոռին են հայտնվել Գյումրիի բնակիչ Արմեն Պապիկյանը և Երևանի բնակիչ Վարուժան Ավետիսյանը, իսկ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Հակոբ Թարվերդյանը և Իջևան քաղաքի բնակիչ Կարեն Գրիգորյանը` նույն հանցանքի նախապատրաստման համար (ՀՀ քր. օր.-ի 35-175-րդ հոդված):
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արմեն Պապիկյանը գործել է Վարուժան Ավետիսյանի հետ խմբի կազմում: Հակոբ Թարվերդյանի և Կարեն Գրիգորյանի օժանդակությամբ տաքսու վարորդից ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով, 2012թ. հոկտեմբերի 25-ին նախապես իր հետ վերցնելով խոհանոցային դանակ և ատրճանակի տեսքով կրակայրիչ, «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Վարդանանք» ռեստորանային համալիրի մոտ:
Ըստ քրեական գործի նյութերի, Ա. Պապիկյանն այստեղ ատրճանակի տեսքով կրակայրիչը փոխանցել է Վարուժան Ավետիսյանին, իսկ դանակը պահել է իր մոտ: Դրանից հետո նա Վ. Ավետիսյանի հետ կանգնել է ճանապարհին տաքսի կանգնեցնելու նպատակով, իսկ Կարեն Գրիգորյանը և Հակոբ Թարվերդյանը ավազակության կատարման ժամանակ առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով, իրենց կողմից կանգնեցված ավտոմեքենային հետևելու համար մնացել են իր ավտոմեքենայում: Կանգնեցնելով Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Վաչագան Արշակյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի, 31 ՕՏ 365 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենան, Ա. Պապիկյանը վարորդին պատվիրել է իրենց տանել Արտաշատ քաղաք:
Ընթանալով Երևան-Երասխ մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածով, ժամը 21:30-ի սահմաններում Վարուժան Ավետիսյանն իր մոտ եղած ատրճանակի տեսքով կրակայրիչը որպես ատրճանակ պահել է Վ. Արշակյանի գլխին` սպառնալով գործադրել նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն, իսկ Ա. Պապիկյանը պահանջել է ոսկեղեն և գումար: Սակայն Վ. Արշակյանը սկսել է դիմադրություն ցույց տալ, որի ժամանակ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, Վ. Ավետիսյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Վ. Արշակյանի գլխին, իսկ Ա. Պապիկյանն իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Վ. Արշակյանի որովայնին և աջ ազդրին, նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այնուհետև նրան կենդանի վիճակում դուրս նետելով ավտոմեքենայից, հափշտակել է Վ. Արշակյանի 4 255 000 դրամ արժեքով հիշյալ ավտոմեքենան և սրահում գտնվող 3000 դրամ արժողության «Ֆիլիպս» տեսակի բջջային հեռախոսը, ապա հեռացել դեպքի վայրից:
Հափշտակված ավտոմեքենայի վառելանյութը վերջանալու պատճառով այն թողել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի կենտրոնական ճանապարհին և գնացել նույն գյուղում բնակվող Հակոբ Թարվերդյանի ծանոթ Նարինե Գրիգորյանի տուն, որտեղ հանդիպելով Կարեն Գրիգորյանին և Հակոբ Թարվերդյանին, միասին մեքենայով վերադարձել են ճանապարհին թողած Վ. Արշակյանի ավտոմեքենայի մոտ` այն գազով լիցքավորելու, ապամոնտաժելու ու մաս-մաս վաճառելու համար այլ վայր տեղափոխելու նպատակով, սակայն այդ ավտոմեքենայի մոտ տեսնելով ոստիկաններին, հեռացել են` իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չհասցնելով:
Դատարանում մեղադրանքի հաստատման դեպքում ամբաստանյալներին սպասվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: