«Կոռեկտությունը գեղեցկացնում է մարդուն». Էդուարդ Շարմազանովը՝ Զարուհի Փոստանջյանի մասին
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից այսօր հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն չի արձագանքել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ երկուշաբթի ԱԺ նիստին ներկայացրած «Սերժ Սարգսյանի դիմումը Րաֆֆի Հովհաննիսյանին» նամակին: «Ես արձագանքեցի՝ ասացի, անջատեք խոսափողը»,- պատասխանեց Է. Շարմազանովը: Հարցին, թե ինքը նախապես գիտե՞ր,թ ե ինչ դիմում է ներկայացվելու, պատգամավորը պատասխանեց. «Ես լսեցի, որ ինքն ասաց, «Սիրելի լրագրողներ, դիմում Սերժ Սարգսյանից….»: «Բայց այդ տողերը չէին լսվել»,- նկատեցինք մենք: «Ո՞նց չէր լսվում, բայց ինքն ինձ մոտ է, չէ՞: Ես տեսա, որ դա վարման կարգի հետ կապ չունի, անջատեցի նրա խոսափողը»,- փոխխոսնակը: Նրա խոսքով՝ ինքը առհասարակ չի պատասխանում կանանց՝ հաշվի առնելով Հին Հունաստանից եկած ավանդույթն ու փորձը: «Կանանց պետք է մեծարել և գնահատել, բայց ափսոսում եմ, որ իմ կին-գործընկերը կարող է անցնել չափի սահմանները, որովհետև, էլի Հին Հունաստանից, կա հստակ ճշմարտություն, որն ասում էր Սոկրատը՝ ամենագլխավոր առաքինություններից մեկը, որը գեղեցկացնում է իգական սեռի ներկայացուցիչներին, մարդկությանը, բոլորիս, դա չափի զգացումն է»: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Զ. Փոստանջյանի հարցը ներակայցվի ԱԺ էթիկայի հանձնաժողով, Է. Շարմազանովը պատասխանեց. «Եթե դիմեն, իհարկե, հնարավոր է: Կա Էթիկայի հանձնաժողովի կանոնակարգ, և եթե քաղաքացիները կամ կազմակերպությունները դիմեն, Էթիկայի հանձնաժողովը կքննարկի, բայց ես չգիտեմ՝ դիմե՞լ են, թե՞ չեն դիմել: Այդուամենայնիվ, բոլորը պետք է չափի զգացում ունենան, և կոռեկտությունը գեղեցկացնում է մարդուն: Բղավելը, գոռալն ընդունելի չէ»: