Գագիկ Շամշյանի գործունեությանը խոչընդոտելու գործը դատարանի վարույթում է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ է ընդունվել լրագրող Գագիկ Շամշյանի օրինական գործունեությանը խոչընդոտելու գործը:

Միակ ամբաստանյալ Ռուստամ Սահակյանի դեմ մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա Թաիրով 14 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի հատուկ պահպանվող տարածքում, ինքնությունը չպարզված ևս մեկ անձի հետ, խոչընդոտել են այդ ժամանակ նշված տարածքում լրագրող Գ. Շամշյանի կողմից իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելուն, որի ընթացքում Գ. Շամշյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք են տվել:

ՌԴ քաղաքացի, 27-ամյա Ռուստամ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, ինչը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն: Առաջին հոդվածը նախատեսում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ռուստամ Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս