Ո՞վ էր ապտակել Ռուբիկ Հակոբյանին. մամուլ
««Ժողովուրդն» արդեն տեղեկացրել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը սևանցիների հետ աչքի է ընկել սկանդալային միջադեպով:
Բոլորի աչքի առջև տեղի ունեցած քաշքշուկն ու Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանին հասցված ապտակը տեսել են բոլորը, բայց, չգիտես ինչու, առ այսօր ոչ ՀՀ ոստիկանության, ոչ ՀՔԾ-ի, ոչ դատախազության կողմից որևէ քայլ չի արվել՝ պատժելու ապտակողին:
«Ժողովուրդ» օրաթերթն իր հետաքննության արդյունքում պարզել է, որ մարտի 10-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում Ռուբիկ Հակոբյանին ապտակել է Այրիվանքի համայնքապետ Դավիթ Բադոյանը:
Սակայն «Ժողովուրդի» հետ զրույցում նա հերքեց տեղեկությունը: «Ես, ճիշտ է, այնտեղ եմ եղել, սակայն նման բան չի եղել: Հայհոյանք եմ լսել, ուղղակի մարդիկ ասել են՝ ո՞նց թե, Գավառում կամ, ասենք, մեր մարզում տղամարդ չկա՞, ու հայհոյել են, թե չէ ի՞նչ ապտակ, ի՞նչ բան»,- վստահեցրեց Դավիթ Բադոյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում.
«2003-ին նույն Սևան քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի քարոզարշավի ժամանակ անհայտ անձինք «ռազբորկա» հրահրեցին ու կրակոցներ արձակեցին: Նրանք ևս ժամանակին մնացին անպատիժ»: