Ինչքա՞ն դեղորայք է ժամկետանց դարձել

«Գլոբալ ֆոնդ» միջազգային հիմնադրամը պարբերաբար գումար է տրամադրում Հայաստանին տուբերկուլյոզի դեմ պայքարի համար: Դրամաշնորհային ծրագրերի արդյունավետությունը գնահատվում է A, B, C չափանիշներով. ըստ այդմ՝ A-ն լավագույն գնահատականն է, C-ն՝ վատագույնը: Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի ղեկավար Արմեն Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սկսած 2011-ից՝ Հայաստանում «Գլոբալ ֆոնդի» կողմից վատագույն գնահատականին չի արժանանում.

«Սկսած 2011-ից՝ զգալի աճ է եղել, և մենք A2, B1 մակարդակի վրա ենք: Եթե A1-ը ամենաբարձրն է, մենք այսօր միջոցառումներ ունենք, որ A2-ի վրա է, ունենք միջոցառումներ, որոնք B1-ի վրա են: Համենայն դեպս, B2-ի, C-ի մասին չենք խոսում: Բավական բարձր վարկանիշ ապահովում ենք: Գիտական հոդվածները, խորհրդաժողովները, նյութերն ուսումնասիրելու դեպքում պարզ է դառնում, որ այսօր Հայաստանն իր շատ միջոցառումներով որպես օրինակ է ներկայացվում եվրոպական տարածաշրջանի այլ երկրների համար»:

Արմեն Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում նաև ասաց, որ գրասենյակը տուբերկուլյոզի դեմ նախատեսված դեղորայքը պատվիրում է 1 տարվա համար. «Հակատուբերկուլյոզային դեղորայքը պատվիրում ենք 1 տարվա համար, բայց տեղադրված պատվերը ստանում ենք կես-կես: Առաջին խմբաքանակը գալիս է, իսկ երկրորդը ստանալուց առաջ պատվերը վերանայում ենք, որպեսզի մեծ քանակությամբ դեղորայք չկուտակենք մեր դեղատանը, ժամկետանց դեղորայք չունենանք: Ամբողջ խմբաքանակը գտնվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում: Հիմա արդեն պլանավորում ենք և պատվեր ենք տեղադրում 2014-ի համար: Առաջին խմբաքանակը ստանալուց հետո երկրորդ խմբաքանակը վերանայելու ենք: Շատ է լինում, որ պատվերը քչացվում է»:

Արմեն Հայրապետյանի խոսքով՝ առհասարակ չկա երկիր, որը տուբերկուլյոզի ժամկետանց դեղորայք չունենա. «Կան քանակներ, որոնք կարող են լինել ծայրահեղ լինել: Ժամկետանց դեղորայք լինում է, բայց քիչ քանակությամբ. Օրինակ՝ հիվանդներ կան, որոնք մեկնում են արտերկիր, և նրանց համար պատվիրված դեղորայքը մնում է: Հիվանդներ կան, որոնք մահանում են, և այդ դեղորայքը մնում է: Չնայած պետք է ասեմ նաև, որ մենք պատվիրում ենք բուֆերային քանակներ, որպեսզի նոր դեպքերի ի հայտ գալու դեպքում մենք ապահովված լինենք դեղորայքով, սակայն այդ բուֆերային քանակը, մյուս պատվերը հաշվի առնելով, քչացվում է»: Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի ղեկավարը դժվարացավ նշել, թե 2012-ին կոնկրետ որքան դեղ է ժամկետանց դարձել, բայց այդպիսի դեղորայքը, նրա խոսքով, շատ քիչ է եղել: «Մոտ 43 անվանում դեղորայք ունենք, և մի քանիսից կարող է միայն 40-50-ը մնացած լինել: Շատ քիչ է: Դեղորայքի կառավարումը Հայաստանում բավական բարելավվել է՝ սկսած 2011-ից: Մենք բավական լուրջ մասնագետ ունենք, որն աշխատել է միջազգային մի շարք կազմակերպություններում: Մենք նրան ներգրավել ենք դեղորայքի կառավարման մեր աշխատանքներում և, համենայն դեպս, հիմա դրա խնդիրը չունենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս