«Այսօր հիասթափվելը նշանակում է՝ կորցնել պետություն ունենալու բոլոր երազները, լքել երկիրը կամ համակերպվել հայկական չգոյությանը»
Հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանի կարծիքով՝ հետընտրական այս գործընթացներում, կախված այն հանգամանքից, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, հասարակության մի ստվար զանգվածի մոտ կարող է հիասթափություն առաջանալ: Ավելին, հիասթափությունն ավելի շատ կլինի այն դեպքում, եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման ալիքը հանդարտեցվի ու մարվի հենց ընդդիմության կողմից, ինչպես դա տեղի ունեցավ 2008-ից հետո:
– Նազենի, Ազատության հրապարակը կրկին մարդաշատ է: Այս անգամ նրանց ի՞նչն է այդտեղ բերել` հո՞ւյսը, այլընտրանքի բացակայությո՞ւնը:
– Կարծում եմ՝ մոտիվացիաները տարբեր են. ոմանց՝ այո, երկրում փոփոխություն տեսնելու հույսն է բրել հրապարակ, ոմանց՝ այլընտրանքի բացակայությունը, ոմանց՝ հեղափոխական նոստալգիան, կամ հին ընկերներին-ծանոթներին տեսնելու, մարդկանց հետ շփվելու ձգտումը: Բայց կա նաև ներքին մղում, որն, ըստ իս, ընդհանուր է. հասարակական-քաղաքական Շարժումը կամ դրա պահանջը: Ինչ վերաբերում է այսօրվա իրականությանը, ինձ համար, ինչպես վերջին 15 տարիներին, այսօր էլ կարծես թե նույնն է կրկնվում: Ինչ-որ հանգամանքների բերումով արդեն որերորդ անգամ կարծես մեզ համար պատրաստի իրավիճակ է ստեղծվում, որպեսզի հայ հասարակությունը վերջապես քայլ անի և երկրում ռադիկալ փոփոխությունների սկիզբ դնի, այլ կերպ ասած՝ երկիրը տանի դեպի վերաժողովրդավարացում: Աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության բերումով՝ Հայաստանը դատապարտված է ժողովրդավարական, իրավական պետություն դառնալու: Բայց այդ թռիչքը չի ստացվում:
– Իսկ ժողովրդին այդ թռիչքը կատարելուց ի՞նչն է հետ պահում:
– Տարբեր հանգամանքներ: Օբյեկտիվ պատճառները նշելով՝ երևի թե հետ են պահում գաղութաբնակի հոգեբանության մնացորդները, մի բան, որն անկախացած Հայաստանի հիմնարար խնդիրներից մեկն է:
Ներքին ենթագիտակցական վախը, սեփական ուժի և կարողության, իր դերի նկատմամբ անվստահությունը և տեր ունենալու գիտակցությունը մեր հասարակության լուծելիք կարևորագույն խնդիրներից են: Ես այստեղից թռիչք կկատարեմ մեկ ուրիշ, արդեն քաղաքական խնդրի, այն է` արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ երկվությունը: Այս ձևակերպման մեջ արդեն երևում է հայ ժողովրդի՝ տեր փնտրելու ներքին մղումը: Իրականում այս հարցադրումը կեղծ է, կողմնորոշումը պետք է լինի՝ ըստ քաղաքակրթական արժեքների, այսինքն՝ մենք ի՞նչ երկիր, պետություն և հասարակություն ենք ուզում ունենալ, և ըստ այդմ՝ ո՞ր աշխարհաքաղաքական բևեռին ենք նախապատվություն տալիս:
– Տեր փնտրելու ներքին մղումից ինչպե՞ս կարելի է ձերբազատվել:
– Գիտակցական մակարդակում ակտիվ աշխատանքով: Դա շատ դժվար գործընթաց է. գիտակցական հեղափոխությունը որքան կարևոր և առաջնային է, այնքան էլ ամենադժվարն է: Այսօր անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքնակազմակերպվի: Օրինակ, եթե հիմա ժամը մեկ որևէ մարդ իր որոշմամբ գնա և Րաֆֆիի կողքին նստի հացադուլի կամ նստադուլի, և եթե դա կատարվի նաև Հանրապետության մյուս քաղաքներում՝ կհավաքվի մի քանի հազար մարդ, և կարծում եմ՝ Շարժման մեջ որակապես ինչ-որ բան կփոխվի:
– Ի՞նչ եք կարծում` Րաֆֆի Հովհաննիսյանն այլընտրանք չունե՞ր, որ հացադուլ հայտարարեց:
– Երևի ըստ իրեն` այլընտրանք չուներ: Հնարավոր է, որ այս քայլին դիմեց նաև գործողություններն արագացնելու, համախմբում առաջացնելու համար: Կարծում եմ` հացադուլ հայտարարած մարդու մասին ճիշտ չէ մեկնաբանություն անել, որովհետև հացադուլը շատ ծանր բան է, այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ մարզեր, քաղաքներ ու գյուղեր այցելելն ավելի ճիշտ մարտավարություն էր և պետք էր շարունակել:
– Այս իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում: Իշխանությունն իր տեղը կզիջի՞ ընդդիմությանը:
– Ընտրության իրավունքը՝ անհատական թե հասարակական մակարդակով, մարդկային հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, որ կարող է պատմության անիվ շրջել: Ինձ համար Սերժ Սարգսյանի Ազատության հրապարակ գալը ճիշտ քայլ կլինի, անկախ այն բանից, թե հետո ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները:
– Բայց դա ռեա՞լ է:
– Ռեալն իր որոշելիքն է, ես այլընտրանքները երբեք չեմ բացառում: Յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր պարագայում ազատ է որոշելու՝ այո՞, թե՞ ոչ: Ի վերջո, սեղանին դրված է Հայաստանի, հայ ժողովրդի ճակատագիրը:
– Ժողովուրդն այսօր ի՞նչ տրամադրություն ունի, հիասթափվա՞ծ է:
– Ընդհանուր առմամբ՝ ոչ: Նրանք, ում հետ ես եմ շփվում, մի մասն ի սկզբանե չի հավատում այս գործընթացին և հիասթափվելու պատճառ չունի, մի մասը խորապես վստահ է և մեծ հույսեր է կապում, մի մասն էլ շվարած է: Նրանք կարծես իրադարձություններից հետ մնացած լինեն, չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ պետք է անել, որովհետև իրավիճակը նոր է, տարբեր է, և զարգացումն էլ կարծես պատճառահետևանքային տրամաբանությանը չի ենթարկվում: Ա՛յ հենց այստեղ էլ պետք է դրսևորվի քաղաքացիական բարձր գիտակցություն և քաղաքական հասունություն ունեցող մարդկանց առաջնորդական դերը:
– Շատերն այսօր իշխանափոխություն են ուզում, եթե սա տեղի չունենա, ժողովուրդը կրկին հիասթափությո՞ւն կապրի:
– Այո, կարծում եմ, որ կլինի հիասթափության ալիք, մանավանդ նրանց մոտ, ովքեր հույս են կապում այս գործընթացի հետ: Բայց սա կախված է նրանից, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, և այդ գործընթացն ինչպե՞ս տեղի կունենա: Կարծում եմ` հիասթափությունն ավելի շատ կլինի այն դեպքում, եթե այս շարժման ալիքը հանդարտեցվի ու մարվի հենց ընդդիմության կողմից, ինչպես դա տեղի ունեցավ 2008-ից հետո: Եթե իշխանությունը չփոխվի, ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը չհիասթափվեր, որովհետև մենք առջևում ունենք մինչև հինգ տարի ժամանակ` պատրաստվելու, հասունանալու, նոր ուղիներ ու ծրագրեր մշակելու:
Հինգ տարի հետո Հայաստանում քաղաքական և քաղաքացիական նոր սերնդի համար հնարավորություններով և այլընտրանքներով լի նոր դաշտ է բացվում: Ի վերջո, պետք է հասկանանք, որ հիասթափվելը նշանակում է՝ կորցնել պետություն ունենալու բոլոր երազները, լքել երկիրը կամ համակերպվել հայկական չգոյությանը, ինչը նույնն է: Եվ, ուրեմն, հիասթափությունը միայն ինքներս մեզանից պետք է լինի: