Հռոմի պապերը՝ կինոէկրանին (լուսանկարներ)
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդները սիրված կերպարներ են կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների համար: Նրանք սիրում են Վատիկանի ղեկավարների դերերում տեսնել ճանաչված դերասանների: Միշել Պիկոլին, Ջերեմի Այրոնսը, Ջոն Վոյթը Հռոմի պապերին մարմնավորած երջանիկ դերասաններից են:
168.am-ը ներկայացնում է Հռոմի պապի՝ համաշխարհային կինոյի և հեռուստատեսության ամենահաջողված կերպարները:
«Լոուրենս Արաբացու» դերասան Պիտեր Օ՛Տուլը Հռոմի պապի զգեստը հագավ «Թյուդորները» հեռուստասերիալում: Նա մարմնավորեց Պողոս III-ին, ով XVI դարում պաշտպանեց հրեական եկեղեցի հիմնելու գաղափարը և առաջին Հռոմի պապն էր, ով 1537թ. եկեղեցու անունից պաշտոնապես քննադատեց ստրկատիրությունը:
«Կնքահայրը 3» ժապավենում իտալացի դերասան Ռաֆ Վալոնեն մարմնավորել է Հովհաննես-Պողոս I պապին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1978թ., երբ ընտրվեց «Ժպիտով պապը» և 33 օր անց մահացավ իր անկողնում: Իր ֆիլմում ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Հովհաննես-Պողոս I-ի մահը կապել է Ամբրոզիանի բանկի սկանդալի հետ:
Ամերիկյան «Բորջիաները» հեռուստասերիալում Ջերեմի Այրոնսը Ռոդրիգո Բորջիան է: Հեռուստատեսային երեք սեզոնի ընթացքում բրիտանացի դերասանը մարմնավորել է պատմության ամենահակասական կաթոլիկ հոգևորականներից մեկին, ով 1492թ. դարձավ Ալեքսանդր VI պապը:
2005թ. նկարահանվեց Իտալիայի, ԱՄՆ-ի և Լեհաստանի համատեղ արտադրության մի հեռուստաֆիլմ Հովհաննես-Պողոս II պապի մասին: Անջելինա Ջոլիի հայրը՝ Ջոն Վոյթը, ով մարմնավորել էր Հռոմի պապին, արտաքնապես անժխտելիորեն շատ նման է կաթոլիկ եկեղեցու այս առաջնորդին: Ֆիլմի գործողությունները սկսվում են 1981թ. մայիսի 13-ին՝ այն օրը, երբ մահափորձ կատարվեց Հովհաննես-Պողոս II-ի դեմ:
2009թ. գերմանացի ռեժիսոր Զյոնկե Վորտմանն էկրանավորեց մի ժապավեն, որը հիմնված է լեգենդի վրա: Թեև Վատիկանը երբեք պաշտոնապես չի հաստատել այդ լեգենդը, բայց ըստ դրա՝ 9-րդ դարում Հռոմի պապի աթոռը զբաղեցրել է մի կին՝ Յոհաննա անունով: Վերջինիս մարմնավորել է գերմանացի երիտասարդ դերասանուհի Յոհաննա Վոկալեկը:
Օսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդի «Հրեշտակներ և սատանաներ» դեդեկտիվ թրիլերում ամբողջ աշխարհն անհամբեր սպասում է հնագույն միջոցառումներից մեկին՝ Հռոմի պապի ընտրությանը: Սակայն այդ ճակատագրական որոշման մեջ խառնվում է հզոր մի ուժ՝ կաթոլիկ եկեղեցու թշնամի Իլյումինատների խորհրդավոր նշանը:
Habemus Papam, այսինքն՝ «Մենք Պապ ունենք»: Այսպես են կարդինալներն ազդարարում Հռոմի պապի ընտրության արդյունքները: Սակայն այսպիսի վերնագիր ունի նաև 2011թ. իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր Նանի Մորետիի նկարահանած կատակերգական դրաման, որը բավական մեծ աղմուկ հանեց Վատիկանում: Ֆիլմի յուրահատուկ սյուժեն հետևյալն է. Պապի մահից հետո Կոնկլավն ընտրում է նոր հովվապետի: Սակայն ի՞նչ անել, եթե արդեն ընտրված Պապ կարդինալ Մելվիլը հրաժարվում է դուրս գալ պատշգամբ: Նա վախի ու հիստերիայի մեջ է և հոգեթերապևտի կարիք ունի: Մելվիլին ֆիլմում մարմնավորել է ֆրանսիացի Միշել Պիկոլին: