Բաժիններ՝

Մտահոգ են, որ չեն կարողացել խանգարել Վան-Երևան չվերթի գործարկմանը

Ադրբեջանի պաշտոնական շրջանակները մտահոգ և զայրացած են, որ իրենց չի հաջողվել խանգարել Թուրքիայի և Հայաստանի միջև Վան-Երևան ուղիղ չվերթի գործարկմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը ապրիլի 3-ից Վան-Երևան-Վան չվերթները սկսվելու կապակցությամբ հայտարարել է, թե «Անկարան այդ կերպ աջակցում է մի երկրի, որը շարունակում է բռնազավթված պահել ադրբեջանական հողերը»:

Հասանովը չի թաքցրել պաշտոնական Բաքվի այն մտահոգությունը, որ «եղբայրական Թուրքիան հարաբերություններ է ստեղծում Հայաստանի հետ»: «Մենք կրկնակի խանդով ենք վերաբերվում, երբ Հայաստանի հետ կապերը խորացնում են այն երկրները, որոնց հետ մենք բարեկամական և ռազմավարական հարաբերություններ ունենք»,- ասել է նա:

Վան-Երևան-Վան չվերթները իրականություն են դառնում «Նարեկավանք տուր» զբոսաշրջային ընկերության ու Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության ջանքերով: Չվերթներն ապրիլի 3-ից կիրագործվեն թուրքական «Բորա ջեթ» ավիաուղիների ինքնաթիռներով:

Թուրքիան, որն առաջիններից մեկն էր ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին աջակցելու նպատակով 1993-ից փակել է Հայաստանի հետ սահմանը և մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի ստեղծել Երևանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս