Րաֆֆիի ծրագիրը
Այսպիսով, ինչպես սպասվում էր, Սահմանադրական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները: Հակառակ որոշում ակնկալում էր, թերևս, միայն Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ապավինելով ՍԴ անդամների խղճին ու արժանապատվությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ եղավ, ինչպես հուսախաբ եղավ նախագահ Սերժ Սարգսյանին այցելելիս:
Սահմանադրական դատարանի այսօրվա վճռով արձանագրվեց, որ նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման, այլ կերպ ասած՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարի գործընթացում սպառվեց վերջին իրավական հնարավորությունը: ՍԴ այսօրվա վճիռը վերջնական, ֆորմալ ձևակերպում կստանա ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությամբ: Այսինքն՝ իրավական հարթությունում Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս անելիք չունի, և նրա պայքարը կա՛մ պետք ավարտվի, կա՛մ տեղափոխվի բացառապես քաղաքական հարթություն:
Մինչ այժմ «Ժառանգության» առաջնորդի գործունեության մեջ քաղաքական բաղադրիչը, թերևս, ամենաքիչն էր, ինչը կարելի էր արդարացնել այն հանգամանքով, որ նա դիմել է Սահմանադրական դատարան և սպասում է նրա վճռին: Այդ արդարացումը արդեն դադարում է գործել: Հետևաբար՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հավանաբար մնում է հրապարակել իր հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը», որը, կրկնում ենք, կարող է կենսունակ լինել միայն քաղաքական հարթությունում:
Այդ առումով՝ վաղվա հանրահավաքը չափազանց կարևոր է: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կամ պետք է ավելի կոշտացնի պայքարի միջոցները և բարոյական դաշտում դիտարկվող հացադուլին քաղաքական ձևակերպում հաղորդի, կամ նրա պայքարի շուրջ անորոշությունն էլ ավելի կմեծանա:
Հետաքրքիր է նաև, թե ինչ քայլեր է նախատեսել իշխանությունը ՍԴ վճռից հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ-ն գոնե միջանկյալ որոշում չկայացրեց, ինչպես, ասենք, 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո, և «չորով» մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանին, կարելի է ենթադրել, որ իշխանությունն ինչ-որ պահեստային տարբերակ ունի: Դա, մեծ հավանականությամբ, կարող է կապված լինել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ժառանգության» մասնակցության և հնարավոր զարգացումների վերաբերյալ նրանց հետ վարվող ուղղակի կամ միջնորդավորված բանակցություններին:
Այսինքն՝ հազիվ թե իշխանությունը բողոքի ալիքի նման պայմաններում չօգտագործեր ՍԴ-ի միջոցով իրավիճակը որոշակիորեն մեղմելու հնարավորությունը (2003 թվականին, օրինակ, ՍԴ-ն վճռեց մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնել, ինչն, իհարկե, տեղի չունեցավ)՝ առանց որոշակի երաշխիքներ ունենալու:
Բոլոր դեպքերում, իրավիճակը շարունակում է կախված մնալ Րաֆֆի Հովհաննիսյանից: Քանի որ, եթե իրավական հարթությունում հնարավորությունները սպառված կարելի է համարել, ապա ՍԴ-ի վճռից հետո պայքարը շարունակելու քաղաքական գործիքները չեն կորցրել իրենց կենսունակությունը: Սակայն այս պայմաններում շարունակել ապավինել միայն հացադուլին ու Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությանը, կնշանակի՝ վերջնականապես սպառել նաև քաղաքական հնարավորությունները: