Skype. Հայաստանում գաղտնալսո՞ւմ են խոսակցությունները, թե՞ ոչ
panorama.am-ի փոխանցմամբ՝ հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ` ՀԿԵ-ն, ՀԷՑ-ը, բանկեր հրաժարվել են «Սկայպի» (Skype) ծառայություններից: Ընկերություններից մեկի ծրագրավորողը բացատրեց, որ «Սկայպը» (Skype) փոխարինել են այլ ծրագրով` անվտանգության նկատառումներից ելենելով: Բացատրեց, որ Skype-ի դեպքում սերվերը տեղադրված է ինտերնետում, իսկ իրենց կողմից օգտագործվող ծրագրի սերվերը օգտատիրոջ գործիքում է:
«Սկայպի» խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ տեղեկություններն այսօր ռուսական մամուլում կրկին ակտիվացան: Մասնավորապես, ռուսաստանյան կիբերհանցագործություններով զբաղվող Group-IB ընկերության տնօրենը ասել է, որ հատուկ ծառայությունները արդեն մի քանի տարի կարողանում են գաղտնալսել այդ զրույցները, ինչպես նաև բացահայտել, թե որտեղ է գտնվում օգտատերը: Այդ իսկ պատճառով իր ընկերության աշխատակիցներին արգելվում է գործնական խոսակցություններ տանել Skype-ով:
Ըստ panorama.am-ի՝ մեկ այլ ընկերության` Peak Systems-ի տնօրենը հայտնել է, որ 2011թ-ի մայիսին, երբ Microsoft-ը գնեց Skype-ը, ընկերությունը ի սկզբանե համալրեց սերվիսը օրինական գաղտնալսման սարքավորմամբ:
Որքանո՞վ են ապահով հայաստանյան օգտատերերի խոսակցությունները:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ին ասաց, որ մինչ «Մայքրոսոֆթ»-ի կողմից «Սկայպ»-ի գնումը այն անվերահսկելի էր, սակայն գործարքից հետո «Մայքրսոֆթ»-ը հայտարարեց, որ համագործակցելու է իրավապահ մարմինների հետ:
«Օրինակ, Ֆրանսիայում փորձում են հետապնդել ընկերությանը, համարում են, որ ամենայն բացությամբ չի համագործակցում իրավապահ մարմինների հետ: Ֆրանսիան հեղինակային իրավունքի վերահսկողության առումով բավականին կոշտ վերաբերմունք ունի»,-ասաց Ս. Մարտիրոսյանը, նշելով, որ կան այլ ծառայություններ, որոնք քիչ հայտնի են ու չենք գնում իրավապահների հետ համագործակցության:
Սամվել Մարտիրոսյանը չբացառեց, որ Հայաստանում «Սկայպի» խոսակցությունները գաղտնալսելը տեսականորեն հնարավոր է, բայց դա կարող է լինել միայն դատարանի որոշման առկայության պարագայում:
«Դրանից զատ «Սկայպի» անվտանգությունը բավականին լուրջ է, չեմ կարծում, որ Հայաստանի գաղտնի ծառայություններն ունեն այնպիսի տեխնիկական հնարավորություններ, որ առանց այդ ընկերության հետ համագործակցության, կարողանան գաղտնալսել»,-ասաց Ս. Մարտիրոսյանը:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը վստահեցրեց, որ լինելով առաջատար ընկերություն և ունենալով օգտատերերի մեծ թիվ, ընկերությունը առաջնահերթ խնդիր է դիտարկում նրանց անվտանգությունը, պաշտպանվածությունը:
«Ես կարող եմ ենթադրություն անել, հեռահաղորդակցության ոլորտի ցանկացած ընկերություն որոշակի պարտավորություններ ունի օրենսդրության հետ կապված»,-ասաց Գ. Բարսեղյանը:
Նրա խոսքով, Ազգային անվտանգության ծառայությունը որևէ անգամ չի դիմել ընկերությանը գաղտնալսման խնդրանքով: «Հայաստանում նման պրակտիկա դեռ չկա»,-ասաց Բարսեղյանը, միաժամանակ ավելացնելով, որ իրենք ընկերության ներկայացուցչություն են Հայաստանում, հարցն իրենց իրավասություններից դուրս է:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանն ասաց, թե չի կարող հարցին պատասխանել:
«Հատուկ, գաղտնի, թաքուն և այլն… համագործակցում է որևէ երկրի իրավապահ մարմինների հետ` շրջանցելով այդ երկրի օրենսդրությունը, վստահ եմ հնարավոր չէ»,-ասաց Գ. Բարսեղյանը:
Ինչ վերաբերում է օգտատիրոջ գտնվելու վայրին, ապա Բարսեղյանը անհեթեթություն է որակում այդ մեղադրանքները, քանի որ «սկայպը չէ, որ պետք է մարդկանց տեղը ցույց տա, կան բազմաթիվ ու մատչելի այլ տարբերակներ: Վստահ չեմ, որ ընդհանրապես սկայպը նման հնարավորություն ունի»:
Այդ պարագայում ինչո՞ւ են նման խոշոր ընկերությունները հրաժարվում «սկայպից»: Բարսեղյանն ասում է, թվային տվյալներ չունեն, բայց վստահ են, Հայաստանում ով ունի համակարգիչ, պլանշետ կամ հեռախոս, օգտվում է ծրագրից:
Ինչ վերաբերում է հիշյալ ընկերություններին, ապա ընկերության տնօրենի ներկայացմամբ, պատճառը ոչ թե անվտանգության հետ կապված մտահոգություններն են, այլ օգտվում են Microsoft Lync-ից, իսկ «Skype»-ն ավելի շատ սպառողական նշանակություն ունի:
Նմանատիպ բիզնես կազմակերպությունների համար առավել հարմար է Microsoft Lync տեխնոլոգիան»,-բացատրեց ընկերության ղեկավարը: Նրա խոսքով, ՏՏ օգտատերերի անվտանգությունը նախ և առաջ պայմանավորված է նրանց գրագիտությամբ, օրինակ բերելով գաղտնաբառի ընտրության օրինակը:
«Դրա համար մենք խնդիրը տեսնում ենք իրազեկման և կրթության մեջ, որպեսզի մարդիկ ու ընկերություններն ավելի լուրջ վերաբերվեն անվտանգության խնդիրներին»,–ասաց Բարսեղյանը, նշելով, որ այս հարցով համագործակցում է պետական մարմինների ու մասնավոր ընկերությունների հետ:
Ինչ վերաբերում է «Սկայպի» սերվերի գտնվելու տեղի վերաբերյալ քննադատություններին, Բարսեղյանը բերեց փողը բանկում, թե գրպանում պահելու օրինակը:
«Եթե դուք ձեր համակարգչի անվտանգության կանոնները չպահպանեք, քանի որ ՏՏ պրոֆեսիոնալ չեք, ապա ձեր համակարգչից ավելի հեշտ է որաշակի ինֆորմացիա գողանալ, քան եթե այդ ծառայությունը դուք ստանում եք պրոֆեսիոնալ ծառայություն մատուցողից: Լավ օրինակ են բանկերը, այսինքն որտեղ է անվտանգ գումարը պահելը, բնականաբար բանկում պահելն ավելի անվտանգ է ու պրոֆեսիոնալ»,-ասաց Բարսեղյանը: