Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին
Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի կապակցությամբ այսօր՝ մարտի 13-ին տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Տեղեկացնենք, որ արդեն 2 տարի է, ինչ ԵՄ փորձագետները տարբեր ծրագրերի իրականացման միջոցով աջակցում են Հայաստանի մրցակցության մարմնին՝ նպաստելով ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու մրցակցային դաշտի բարեփոխմանն ընդհանրապես:
Ըստ ծրագրի ղեկավար պրն Վոլֆ-Դիտեր Պլեսինգի՝ ԵՄ թվինինգ ծրագրի փորձագետների և հայ գործընկերների համատեղ ջանքերը հաջողված են: «Մենք լավ հիմքեր ենք դրել Հայաստանի մրցակցության մարմնի կարողությունների հետագա բարելավման և զարգացման համար»,-ասաց պրն Պլեսինգը: Անդրադառնալով ծրագրի շրջանակներում տարբեր պետական կառույցների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-քննարկումներին, պրն Պլեսինգը նշեց, որ համագործակցության ընթացքում էականորեն բարձրացել է մրցակցության մասով հայ գործընկերների տեղեկացվածության աստիճանը:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր ելույթում անդրադարձավ Թվինինգ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ծրագիրն ակնհայտորեն նպաստել է հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Իր ելույթում ՏՄՊՊՀ նախագահը ընդգծեց, որ ԵՄ փորձագետների մասնակցությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումների, համատեղ վարույթների, ինչպես նաև դատարաններում առկա գործերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման շնորհիվ էականորեն բարձրացել է Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը: Ա. Շաբոյանը նշեց նաև, որ Թվինինգ ծրագրի շնորհիվ ՏՄՊՊՀ աշխատակազմը վերապատրաստվել է Գերմանիայում, ինչի արդյունքում էականորեն բարձրացել են վերջինների մասնագիտական կարողությունները: Համագործակցության ընթացքում կատարված համալիր միջոցառումներն ընդհանուր առմամբ դրական են անդրադարձել Հանձնաժողովի աշխատանքի վրա, ինչն ակնհայտ է նաև ցուցանիշներով: «Այսպես. 2010-ից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ: Մասնավորապես, եթե 2008 և 2009 թվականներին Հանձնաժողովը կայացրել էր տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու 31 որոշում, 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 107, 2011-ին` 197, իսկ 2012-ին 215 որոշում: Նշված ժամանակահատվածում օրինախախտների հանդեպ կիրառվել է ավելի քան 245 միլիոն դրամի չափով տուգանք»,-ասաց Ա. Շաբոյանը: Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ՏՄՊՊՀ աշխատանքը դրական գնահատականի է արժանացել նաև միջազգային կառույցների կողմից. «Մրցունակության համաշխարհային զեկույցի գնահատականներով, շուկայում գերիշխող դիրքի առկայության մասով Հայաստանը բարելավել է դիրքերը միանգամից 43 կետով, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ առաջընթաց է արձանագրել 22, իսկ տեղական մրցակցության բարելաման առումով՝ 9 կետով: Ընդ որում տարածաշրջանի մյուս երկրներում այս ցուցանիշների մասով հիմնականում հետընթաց է արձանագրվել»:
Ծրագրի շրջանակում կատարվել է ևս մի էական քայլ՝ մրցակցային օրենսդրության կարգավորման բնագավառում: Հայաստանի օրենսդրությունը բարելավելու և այն ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ԵՄ փորձագետները մշակել են մրցակցության օրենքում փոփոխություններ կատարելու և պետական օժանդակության վերահսկման մասին օրենքի առաջարկներ: Մրցակցային խնդիրների քննարկման նպատակով Թվինինգ ծրագիրը նաև կազմակերպել է մի շարք սեմինարներ և քննարկումներ՝ հայաստանյան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Թվինինգ ծրագիրն մեկնարկել է 2011 թվականի հունվարի 29-ին և իրականացվել է Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարության և Լիտվայի մրցակցության խորհրդի կողմից:
ԵՄ ԹՎինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովում ելույթ ունեցան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան, Գերմանիայից ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգը և համաղեկավար՝ Յուրատե Շովիենեն: Ծրագրի արդյունքները ներկայացրեցին Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Շարունաս Պայարսկասը և ՏՄՊՊՀ միջազգային վարչության պետ Կարինե Փոլադյանը:
Տեղեկացնենք, որ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում մասնագիտական սեմինարներ են կազմակերպվել թվով 106 լրագրողի, պետական և ոչ պետական մարմինների 156 աշխատակցի, 28 դատավորի ինչպես նաև մարզային պետական կառույցների 61 աշխատակիցների համար: Ծրագրի աջակցությամբ եվրոպական երկրներ գործուղման է մեկնել ՏՄՊՊՀ 31 աշխատակից: