Մոսկվան հացադուլին չի հավատում
Այսպիսով, մինչ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակի իր հերթական բաց ասուլիսում կկրկներ մինչև ապրիլի 9-ը իշխանությունն իրեն հանձնելու կամ իր դիակի վրա այն պահպանելու մասին վերջնագիրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ոչ միայն անձամբ շնորհավորեց նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, այլ նաև ասաց, որ «մոտ 60 տոկոս քվեն լավ արդյունք է» : Անշուշտ, սա Հայաստանի իշխանության համար կարող է համարվել բարոյական հաղթանակ, գուցե ավելին, քան բարոյական հաղթանակը: Չնայած արևմտյան բոլոր «մանևրներին», միևնույն է՝ Հայաստանում Ռուսաստանի խոսքը համարվում է վերին ու վերջին ատյանի ճշմարտություն: Ինչպես անցած տարիներին պարզվեց, ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության զգալի հատվածի ու, բնականաբար, այլընտրանքային ուժերի համար: Բավական է հիշել, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունը տեղի ունեցավ այն ժամանակ դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցից հետո, հետընտրական շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը սկսեց իր գործողությունները համաձայնեցնել-պայմանավորել ռուսական տարբեր շրջանակներից ստացվող ազդակներով:
Ի դեպ, 2008 թվականին ևս նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա և ուղիղ տեքստով Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար (ոչ թե շնորհավորանքի, այլ ընտրվելու): Այսօր, բարեբախտաբար, Սերժ Սարգսյանը Պուտինին նման շնորհակալություն չի հայտնել: Մյուս կողմից, սակայն, արել է դրան համարժեք, գուցե ավելի բացասական արտահայտություն: Ինչպես հաղորդում են նախագահական պատվիրակության հետ Մոսկվա մեկնած լրատվամիջոցների ներկայացուցիչները, հիշեցնելով, որ իրենց վերջին հանդիպումից հետո Հայաստան են այցելել ՌԴ պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է, որ «հայ հանրությունը հատկապես բարձր է գնահատել այն փաստը, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստան է այցելել Հայկական բանակի օրը»: Թե ինչպես է Սերժ Սարգսյանը գնահատել «հայ հանրության» զգացողությունն ու այս կամ այն երևույթի ընկալման չափումները, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ այդ նախադասությամբ Վլադիմիր Պուտինի մոտ վերահաստատել է Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած հատկապես ռազմական կախվածության շարունակականությունը:
Պաշտոնապես դեռևս ոչինչ չի հաղորդվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի զրույցի մասին: Որ այդ հարցը քննարկվել է նրանց հանդիպման ընթացքում, կասկածից վեր է: Ինչպես և այն, որ «մոտ 60 տոկոսի» մասին Պուտինի հիշատակումը, ըստ ամենայնի, գովեստի նախնական ժեստ է՝ շատ ավելի կարևոր հարցում Հայաստանի համաձայնությունը ստանալուց առաջ կամ արդեն իսկ դրա դիմաց: Իսկ Սերժ Սարգսյանի վերը նշված հայտարարությունից հետո միակ բանը, որ ՌԴ-ն կարող է և կարիք ունի ստանալու Հայաստանից, անդամակցությունն է Եվրասիական միությանը:
Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը, բնականաբար, ունենալու է նաև ներքաղաքական հետևանքներ: Ամենայն հավանականությամբ, այդ այցի արդյունքներից ելնելով՝ Սերժ Սարգսյանը կորոշի՝ այցելել Ազատության հրապարակ և ինչ-որ բա՞ն առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ թողնել, որ նա ինքնակեղեքվի մինչև ապրիլի 9-ը: Իսկ մինչ Սերժ Սարգսյանը կվերադառնա Մոսկվայից, Պուտինի հայտարարության ազդեցության տակ իրենց դիրքորոշումները կհստակեցնեն նաև մինչ այժմ տատանվող քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Գագիկ Ծառուկյանը գուցե արդեն իսկ առաջիկա օրերին կշտապի պաշտոնապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, իսկ ՀԱԿ-ը՝ էլ ավելի «հուժկու» կդարձնի ավազակապետության դեմ պայքարը: