Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի քայլ, որին այսօր պետք է արձագանքեն բոլորը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է «Նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իրադարձությունների այլ զարգացման պարագայում, արդեն պաշտոնապես ճանաչված պետք է լիներ որպես հաղթած թեկնածու և պատրաստվեր ապրիլի 9-ի երդմնակալության արարողությանը, ստիպված եղավ դիմել ծայրահեղ քայլի:
Ինչպես ինքը հայտարարեց Ազատության հրապարակում մարտի 10-ի հերթական հանրահավաքի ժամանակ, մինչև ապրիլի 9-ը նույն հրապարակում հացադուլ կանի: Այսքանով սակայն Հովհաննիսյանը չբավարարվեց, նա նաև բավական կտրուկ հռետորաբանություն կիրառեց ասելով, որ Սերժ Սարգսյանը Աստվածաշնչի վրա կեղծ երդում կտա միայն իր դիակի վրայով:
«Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի, դա իրենք կանեն իմ դիակի վրայով: Մարտի 31-ը Սրբ Հարության տոնն է, մինչև մարտի 31-ը և դրանից հետո՝ մինչև ապրիլի 9-ը, եթե ուժ չգտան իրենց մեջ, ես պիտի աղոթեմ իրենց համար: Հնարավոր է՝ ես Սուրբ Զատկի պատարագի չհասնեմ, եթե մինչև մարտի 31 պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը, հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկ անելու»,-ասաց Հովհաննիսյանը:
Սա իսկապես ծայրահեղ քայլ է, որը՝ ոչ միանշանակ ընդունվեց Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների, քաղաքական ուժերի կողմից, համախոհները անհանգստացած էին, քաղաքական ուժերը՝ շփոթված: Նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի կողմից երկարաժամկետ հացադուլի նստելու որոշումը չի կարող ազդեցություն չունենալ քաղաքական գործընթացների հետագա զարգացման վրա:
Ոչ միջազգային հանրությունը, ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները չեն կարող պարզապես չնկատելու տալ այն փաստը, որ նա Ազատության հրապարակում հացադուլ է անում, և անցնել առաջ՝ յուրաքանչյուրն իր օրակարգով: Նրանք պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ և առաջիկա իրենց բոլոր գործողությունների առանցքում ունենան դա:
Եթե հարցը դիտարկենք ընտրողների տեսակետից, ապա նրան ձայն տված ցանկացած ընտրողի համար, ով այս ընթացքում զլացել է գալ Ազատության հրապարակ հանրահավաքի, տատանվել կամ զգուշացել, իր ընտրած թեկնածուի այս քայլը սեփական գործողությունները վերանայելու, ավելի համառ ու համարձակ, նախաձեռնող ու ակտիվ լինելու առիթ է:
540 հազար ընտրողներից յուրաքանչյուրն այս ընթացքում չի կարող ամեն օր գոնե մեկ անգամ չմտածել Ազատության հրապարակում հացադուլի նստած, նաև իր ձայնի շնորհիվ նախագահական ընտրություններում հաղթած մարդու մասին և հարց տալ ինքն իրեն՝ արդյոք ինքը չպետք է կանգնի նրա կողքին, արդյոք իր կողմից ճիշտ է նրան այսօր միայնակ թողնելը: Այս հարցը չեն կարող իրենց չտալ նաև այն բոլոր ընտրողները, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանին չընտրելով դեմ են քվեարկել նաև Սերժ Սարգսյանի վերընտրությանը: Նաև բոլոր այն քաղաքացիները, ովքեր համոզված են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ և առնվազն իրենց վիրավորված կզգան, եթե նա հայտնվի նախագահի պաշտոնում:
Եթե հարցը դիտարկենք միջազգային հանրության տեսակետից, ապա նրանք առավել ևս չեն կարող փակել աչքերը և չտեսնելու տալ այն, որ Հայաստանում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն երկարաժամկետ հացադուլի է նստում: Սա լուրջ խնդիր է, ինչպես հեղինակավոր դիտորդական կազմակերպությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանին շնորհավորած, սեփական հեղինակությունը բարձր գնահատող երկրների համար:
Հետընտրական, հատկապես մարզային գրեթե բոլոր հանրահավաքների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը մեսիջներ էր ուղարկում այդ երկրներին, հորդորում նրանց՝ հետ կանչել իրենց շնորհավորանքը, ճանաչել հայ ժողովրդի ընտրությունը: Այդ մեսիջներն ու հորդորները նրանք կարող էին անտեսել, ինչը և անում էին, հացադուլը՝ ոչ: Ու սա ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ սեփական շահերը, հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունից:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա տպավորություն է ստեղծվում, որ նրանք իսկապես չգիտեն ինչպես վարվել, ճնշումների, ահաբեկումների ճանապարհը փակ է, հայտնի և բազմիցս օգտագործված «թողնենք թող շարժումն ինքն իրեն մարի» մոտեցումը վտանգավոր, 540 հազար ընտրողի ձայն ստացած, բայց հացադուլից հյուծվելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված թեկնածու ունենալու հեռանկարը համաշխարհային խայտառակություն ու սկանդալ է խոստանում, սիրաշահելու, պաշտոններ խոստանալու, տարբեր առանցնքների շուրջ միավորվելու առաջարկներն անարդյունավետ ու այլևս սպառված են թվում:
Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի քայլ, որին այսօր պետք է արձագանքեն բոլորը՝ հասարակ ընտրողից մինչև Սերժ Սարգսյան, հայաստանցի մտավորականից մինչև սփյուռքահայ մտավորական, Եվրոպայից մինչև ԱՄՆ և Ռուսաստան»: