Բաժիններ՝

Նորից «ազգընտի՞ր». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում գրում է. «Ես գիտեմ, որ իմ հարցի պատճառով ընդդիմադիրները և նրանց ընտրազանգվածի ներկայացուցիչները «վրա կտան», բայց իմ գործը հարցեր տալն է. ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ:

Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին «ավանդաբար» հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում՝ այդ ամենը ճիշտ է, և դրա բազմաթիվ հաստատումները կան նաև մեր թերթում և կայքում: Որ իշխանությունը մատը մատին չի խփում՝ պատժելու ընտրահանցագործներին, նույնպես փաստ է: Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով՝ կարո՞ղ է արդյոք պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն իրեն հռչակել հանրապետության նախագահ, թե՞ «Վազգեն, նախագահ», «Ստեփան, նախագահ», «Լևոն, նախագահ» և «Րաֆֆի, նախագահ» կարգախոսները զուտ հոգեբանական նշանակություն ունեն:

Պարզ է, որ հասարակ մարդիկ կբերեն հետևյալ փաստարկը՝ «բա դու չգիտե՞ս, որ սաղ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, ինչքան հարևան-բարեկամ ունեմ՝ Րաֆֆիին է ձայն տվել»: Շարքային քաղաքացիներից ավելի լուրջ փաստարկներ չեն էլ պահանջվում: Բայց քաղաքական գործիչներից սպասելի են ավելի խորը հիմնավորումներ:

Ընդ որում, անձամբ ես այնքան եմ մարդկայնորեն համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա կամ «Ժառանգության» հայտնի գործիչները ինձ ցույց տան մի փաստաթուղթ, որից անմիջապես հետևում է, որ Րաֆֆին ստացել է ընտրողների, ասենք, 65, 81 կամ 100 տոկոսի ձայները, ես չեմ էլ ստուգելու այդ թուղթը, պարզապես կհավատամ նրանց:

Բայց քանի որ նման թուղթ չկա, գուցե կարելի է ասել՝ ոչ թե «ես ընտրվել եմ», «ես ազգընտիր եմ» («Ազգո»՝ ինչպես ասում էին Ստեփան Դեմիրճյանի ժամանակ), այլ՝ «ընտրություններն անցել են այնպես, որ դրանց պաշտոնական արդյունքները չեն կարող արժանահավատ համարվել»:

Դա նաև ընդդիմությանը որոշակի մանևրի տեղ կտա: Հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդն ինքն իրեն դնում է փակուղային իրավիճակի մեջ՝ ես ընտրվել եմ, բերեք իմ գահը: Կամ՝ վերջին տարբերակով՝ ես նախագահ եմ ընտրվել, իսկ հիմա կզոհվեմ, խարակիրի կանեմ՝ դա ապացուցելու համար: Վստահ չեմ, որ դա քաղաքական օրակարգ է:

Ինքնին հացադուլը գուցեև ուշադրություն գրավելու և պայքարելու միջոց է (չնայած մոտ 10 օր առաջ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ազատության հրապարակում այլևս ոչ մի տառապանք, ոչ մի հացադուլ չի լինի): Բայց նախ՝ պետք չէ խոսել զոհերի, դիակների մասին: Երկրորդ՝ այդ անհատական ինքնազոհության քայլը պետք է զուգակցել քաղաքական քայլերի հետ: Օրինակ՝ ինչպես որ դա առաջարկում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կոչով դիմել Աժ-ում՝ իրենց ընդդիմադիր համարող պատգամավորներին՝ վայր դնել մանդատները: Հետաքրքիր է, ո՞վ է այդ կոչին անսալու:

…Համենայնդեպս, հիշեցնեմ նաև, որ Մահաթմա Գանդին ոչ նախագահ էր, ոչ էլ նախագահի թեկնածու, և նա հացադուլով ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում: Նրա հացադուլները զուտ բարոյական քայլեր էին և ուղղված էին իր երկրում ազգամիջյան բախումները կանխելուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս