Բաժիններ՝

Գինի լից, ընկեր ջան

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ վրաց-ռուսական բանակցություններն արդեն տվեցին սպասված առաջին արդյունքները: Ըստ ռուսական մամուլի` վրաց նոր իշխանություններն առաջարկել էին արտոնել 93 ձեռնարկությունների արտադրության գինի և հանքային ջուր: Արտոնել` ներմուծել Ռուսաստան: (Լրատվական որոշ կայքերում նշվում է 87 ձեռնարկության մասին): Ռուսաստան ներմուծվող սննդամթերքի որակը ստուգող հանձնաժողովն արդեն մեկնել է Վրաստանից: Նախատեսված 45 գործարաններից նրանք փորձաքննություն են անցկացրել 37-ում: Որակի համապատասխանության արտոնագիր չի տրվելու ընդամենը 1 գործարանի: Սա վրաց-ռուսական տնտեսական հարաբերություններում էական տեղաշարժ է: 2006թ. Ռուսաստանն էմբարգո հայտարարեց վրացական արտադրության հանքային ջրերին ու գինիներին: Արգելքից մեկ տարի առաջ մեր հարևանները ՌԴ էին արտահանել 90 մլն դոլարին համարժեք ջուր և գինի: Վրաց հասարակության համար ռուսական հարվածը միայն տնտեսական չէր: Վրացիների համար իրենց թե գինիները, թե հանքային ջրերը ազգային արժանապատվությանը հավասարեցված երևույթներ են: Մինչ վրաց հասարակությունն ու մամուլը միմյանց մխիթարում էին, թե արգելանքի պատճառը քաղաքական է, նախագահ Սահակաշվիլին բավական կոպիտ ու համարձակ հայտարարություն արեց: Խորհրդակցության հրավիրելով երկրի գինեգործներին` Սահակաշվիլին հայտարարեց, որ համաձայն է ՌԴ սանիտարական ծառայության հետ: Նշելով, որ գինեգործությունը խորը ճգնաժամի մեջ է, նախագահն ավելացրեց, որ իր երկրում արտադրվող գինիների մի մասն «արտադրվում է կղանքի յուղից»: Հենց այդ տարի էլ պետությունը սկսեց աջակցել գինեգործներին` արտադրության արդիականացման ու լավագույն ավանդույթների վերականգնման գործում: Արտադրության վերակառուցման ընթացքում շուկայից անհայտացավ խորհրդային տարիների հանրահայտ «Սամտրեստը»: Սակայն գինու որակի բարձրացումն, իհարկե, բերեց գնաճ: Այսօր Վրաստանում մեկ շիշ հանրահայտ ապրանքանիշի որակյալ գինին վաճառվում է 12-15 դոլարով: Վրացիներին ակնհայտորեն չհաջողվեց իրենց գինիներն անհրաժեշտ ծավալով իրացնել արևմտյան երկրներում: Ցանկացած գործարար ձեզ կբացատրի, որ նոր շուկա նվաճելը չափազանց խոշոր ներդրումներ է պահանջում: Ուստի ռուսաստանյան շուկա վերադառնալը վրաց գինեգործների համար գերնպատակ էր: Հատկապես, որ այդ շուկայում բարի հիշողություններ են մնացել: Ռուս սպառողն առ այսօր հիշում է դժվար արտասանելի «Խվանչկարա» ու «Կինձմառաուլի» ապրանքանիշերը: Անցած 6-7 տարիների ընթացքում հայ գինեգործներին չհաջողվեց լրացնել ռուսական շուկայում առաջացած բացը: Բայց սա մեր գինեգործների բիզնես-ապաշնորհության արդյունք համարելը ճիշտ չէ: Այդ բացը չլրացրեցին խորհրդային տարիներից ՌԴ շուկայում այս կամ այն չափով հեղինակություն ունեցող մյուս երկրների` Մոլդովայի, Ադրբեջանի, Ուկրաինայի (Ղրիմի) գինեգործները: 2010թ. Հայաստանից ՌԴ արտահանվել է 2 մլն 800 հազար դոլարի գինի և մոտ 2 մլն դոլարի հանքային ջուր: 2011թ. գինու արտահանման ծավալները կրճատվել են՝ կազմելով 2 մլն 400 դոլար, իսկ հանքային ջրինն՝ աճել է մինչև 2 մլն 800 հազար դոլար: Այսինքն` ռուսաստանյան շուկան կորցնելով՝ մեր տնտեսությունը` ֆինանսական իմաստով էական կորուստ չի ունենա: Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ խոսքը տնտեսության մեկ` առանձին ճյուղի կորստի մասին է: Միակ հույսն այս պահին վրացական գինու բարձր գինն է: 2005-ին վրացական գինին ՌԴ-ում վաճառվում էր մեկ շիշը 150-200 ռուսական ռուբլով: Հիմա փորձագետների կարծիքով` արտահանվող գինու գինը 250-400 ռուբլի է լինելու: Եթե, իհարկե, վրացական իշխանությունները հարկային արտոնություններով իրենց գինեգործներին դեմպինգի դիմելու հնարավորություն չտան: Հնարավոր է նաև` Ռուսաստանը սեփական գինեգործության պաշտպանության նպատակով արգելի այդ հավանական քայլը: Թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար ՌԴ շուկան ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման լրջագույն շուկա է: Այդ ապրանքատեսակների գծով 2010թ. Հայաստանի արտահանումը կազմել է 109,3 մլն դոլար: Այդ ծավալներից 87,5 մլն դոլարը Ռուսաստանի բաժինն է: 2011թ. Հայաստանը 147 մլն դոլարի ալկոհոլային խմիչք է արտահանել: Հիմնական ծավալն արտահանվել է Ռուսաստան` 107,5 մլն դոլար: Այս ապրանքատեսակների գծով առյուծի բաժինը կոնյակինն է: Հայկական կոնյակն այն ապրանքանիշն է, որին վրաց-ռուսական տնտեսական հարաբերությունների ջերմացումը բացասական հետևանք չի բերի: Ռուսաստանյան ստուգող կազմակերպությունները, գինու և հանքային ջրերի ներմուծումն արտոնելու հետ, թույլատրում են նաև վրացական կոնյակի ներմուծում: Մեր կոնյակագործներին այս մրցակցությունը չի անհանգստացնում: Ճիշտ այնպես, ինչպես վրաց գինեգործներին՝ մեր գինու ներկայությունը ռուսաստանյան շուկայում: Վրացիները պատրաստվում են 200 անուն գինի արտահանել ՌԴ: Վստահ եմ, որ այդ ճոխ քանակության հիմնական մասը կազմելու են թունդ և քաղցր գինիները, որոնք ամենապահանջվածն են ռուսական շուկայում: Թնդեցված ու քաղցր (բարձր սպիրտայնություն ունեցող) գինիներ խորհրդային տարիներին Հայաստանում էլ էր արտադրվում: Արտադրվում և իրացվում էր նույն Ռուսաստանում: Այդ հետո որոշվեց արտադրել միայն այն, ինչ մեր քիմքին է գալիս: «Սեփական կանոնադրությամբ ուրիշի մենաստան չեն մտնում» ռուսական ասացվածքը մենք մոռացել էինք: Վրաց գինեգործները` հավանաբար, ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս