Վրացական արտադրանքը կարող է Ռուսաստան հասնել Ադրբեջանով անցնող երկաթուղով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին երեկ հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիտարկում են վրացական արտադրանքը ռուսական շուկա հասցնելու տրանսպորտային-լոգիստիկ ապահովման հարցերը.
«Ինձ թվում է, թե ամենահուսալի տարբերակը Լարսն է, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են և դիտարկվում են տարբեր տարբերակներ: Վրացական արտադրանքը կարող է ռուսական շուկա հասնել երկաթուղային տրանսպորտով: Դա ամենայն հավանականությամբ կիրականացվի Ադրբեջանի միջոցով: Եվս մեկ տարբերակ է լաստանավով այն Նովոռոսիյսկ հասցնելը՝ թեև այսօր չի գործում տվյալ ուղղությամբ լաստանավ: Սակայն եթե կա ցանկություն, ապա ամեն ինչ հնարավոր է:
Ռուսական շուկայում ներկայացված լինելու ցանկություն հայտնած վրացական ձեռնարկությունների երկրորդ խմբի գրանցումը ենթադրաբար կավարտվի մինչև ապրիլի վերջ: Հնարավոր է, որ մատակարարումները սկսվեն մինչև ամառ: Ռուս մասնագետների երկրորդ խումբը Վրաստան կժամանի մինչև մարտի վերջ, ինչից հետո կսկսվի մնացյալ ձեռնարկությունների գրանցումը: Սակայն բոլորին գրանցել չի ստացվի, դա շատ բարդ և տևական աշխատանք է: Իմ կարծիքով՝ առաջին խմբաքանակը կուղարկվի մայիսին կամ հունիսին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վրացական գինիների ու «Բորժոմի» հանքային ջրի վրա բեռնարգելք է դրել 2006 թվականի գարնանը՝ դա պատճառաբանելով վրացական արտադրանքի ցածր որակով: