Ֆրանսիան հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման հանդեպ

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Ֆրանիսայից առաջարկ է ստացվել՝ կապված սևծովյան Սինոպում Թուրքիայի երկրորդ ատոմակայանը կառուցելու հետ: Նշվում է, որ Սինոպի ատոմակայանի կառուցման նախաձեռնությամբ հանդես է եկել ֆրանսիական GDF Suez ընկերությունը:

Ֆրանսիական ընկերությունը տվյալ հարցով դիմել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը: Չի բացառվում, որ ֆրանսիական ընկերությանը հատկացվի Թուրքիայի երրորդ ատոմակայանը կառուցելու իրավունք:

Սինոպի ատոմակայանի կառուցման իրավունքի համար ներկայումս պայքարում է 4 երկիր՝ Չինաստան, Ճապոնիա, Կանադա և Հարավային Կորեա: Սինոպի ատոմակայանի կառուցումը գնահատվում է 20-25 միլիարդ դոլար: Պլանավորված է, որ Սինոպի ատոմակայանի հզորությունը կազմելու է 5000 մեգավատտ:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ Թուրքիայի կառավարությունը տարիներ առաջ Ատոմային էներգիայի ազգային ինստիտուտի առաջարկած 8-9 թեկնածու քաղաքներից ընտրեց Սինոպը (ընտրության հիմքում ընկած էին 43 չափանիշ` ներառյալ կլիմայական պայմանները), այդ քաղաքի և ընդհանրապես սևծովյան ծովափնյա բնակչությունը սկսեց բողոքել:

Միջին տարիքի կանայք ստորագրահավաք կազմակերպեցին և իրենց կազմակերպությունն անվանեցին «Մայրերն ընդդեմ ատոմային էներգիայի»: Ձկնորսները նույնպես բողոքեցին ատոմակայանի կառուցման դեմ` գտնելով, որ նախ` դա կսահմանափակի ձկնորսությունը և երկրորդ` ո՞վ կցանկանա միջուկային ռեակտորի շրջակայքում բռնված ձուկ ուտել:

Սակայն սևծովյան շրջանի բնակիչներն ատոմակայանի կառուցման դեմ ունեին ևս մեկ ծանրակշիռ փաստ: Ծովափնյա բնակչությունն իրեն համարում է Չեռնոբիլյան աղետի ուղղակի զոհը: Ուկրաինայից դեպի Թուրքիա քամու բերած ռադիոկատիվ ամպերի պատճառով երկրի արևելյան-սևծովյան շրջաններում անցկացված բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ մահացածների 48 տոկոսը տառապում է ուռուցքային հիվանդություններով:

Տեսանյութեր

Լրահոս