Բաժիններ՝

«Էրդողանի անձնական վրեժի» գործով Թուրքիայում ձերբակալվել է պաշտոնաթող գեներալ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում ձերբակալվել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Իզեթթին Իյիգյունը: Դա տեղի է ունեցել 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործի շրջանակներում:

Ձերբակալված պաշտոնաթող գեներալին ոստիկանների ուղեկցությամբ բերել են Անկարայի դատարան, ուր նա ցուցմունքներ է տալիս այդ հեղաշրջման գործով: Իյիգյունի ձերբակալման նախաձեռնությամբ հանդես է եկել Անկարայի հանրապետական դատախազությունը:

Ներկա դրությամբ տվյալ գործով արդեն իսկ կալանքի տակ է գտնվում ավելի քան 40 մարդ՝ նախկին բարձրաստիճան զինվորականներ ու լրագրողներ:

Հիշեցնենք, որ հետմոդեռնիստական հեղաշրջման հետևանքով տվյալ ժամանակ Ստամբուլի քաղաքապետ և ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը ստիպված եղավ բանտում անցկացնել մոտ 4 ամիս: Այդ պատճառով էլ ավելի քան 16-ամյա վաղեմություն ունեցող այդ իրադարձությանը ներկայումս անդրադառնալը շատերը որակում են որպես «Էրդողանի անձնական վրեժ»:

Այն ժամանակ թուրքական դատարանն Էրդողանին դատապարտել էր կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար, ինչի համար հիմք էր ծառայել ցույցերից մեկի ժամանակ Էրդողանի հնչեցրած հետևյալ խոսքերը. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս