Ուղիղ 16 տարի առաջ Թուրքիայում իրականացվեց հետմոդեռնիստական հեղաշրջում
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ ուղիղ 16 տարի առաջ՝ 1997 թվականի փետրվարի 28-ին, Թուրքիայում իրականացվեց հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջում: Այն այդպես է որակվել նրա համար, որ զինվորականները գործող կառավարության տապալման համար չեն ցուցաբերել բուն ռազմական միջամտություն, ինչպես որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին:
Զինվորականները պարզապես իրենց գործողություններով գործող կառավարությանը հարկադրել են հրաժարական տալ: Երեկ տվյալ գործի քննման շրջանակներում (որը համարվում է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի անձնական վրեժխնդրություն – 168.am) Անկարայի հանրապետական դատախազություն է կանչվել 5 կասկածյալ, որոնցից երկուսը կալանավորվել են: Նրանք երկուսն էլ հանդիսանում են պաշտոնաթող գեներալներ՝ ցամաքային զորքերի նախկին հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն, ինչպես նաև Յուջել Օզսըրը:
Հիշեցնենք, որ 1995 թվականին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ակնհայտ իսլամիստ Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած «Ռեֆահ» («Բարօրություն») կուսակցությունը: Դրա արդյունքում Էրբաքանին հաջողվել էր 1996 թվականի հուլիսին գլխավորել կոալիցիոն կառավարությունը, որն անմիջապես աչքի էր ընկել իր իսլամական քայլերով.
պաշտոնապես կանանց թույլատրվեց պետական և ուսումնական հաստատություններ հաճախել գլխաշորով, իսլամական ինստիտուտների շրջանավարտների դիպլոմները հավասարեցրեց աշխարհիկ հաստատությունների շրջանավարտների դիպլոմներին, կրճատեց աշխատանքային ժամերը սրբազան ռամադան ամսին և այլն:
Դրանից դժգոհ թուրք զինվորականները, որոնք երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պաշտպաններն են, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարում են Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևում է 9 ժամ: Նիստում զինվորականները կառավարությանն առաջ են քաշում 20 պահանջ, որոնց մեջ էին, մասնավորապես, մուսուլմանական նորամուծություններից հրաժարումը, պայքարը իսլամական ֆունդամենտալիզմի դեմ, Էրբաքանի կողմից պետության զուտ աշխարհիկ բնույթի ընդունումը և այլն:
Արդեն հունիսի վերջին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, իսկ 1998 թվականի հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ռեֆահ» կուսակցությունը ցրելու մասին: «Ռեֆահի» առաջնորդներից Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել ցույցի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:
1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտեց մեկամյա բանտարկության և նշանակեց 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք:
Էրդողանի բողոքարկումից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը՝ մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս: Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999 թվականի մարտի 26-ին, դուրս եկավ նույն թվականի հուլիսի 24-ին։
2012 թվականի գարնանը Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարեց, որ այդ հեղաշրջման հետևանքով Թուրքիայում փակվեց 18 հեռուստաալիք և 14 ռադիոալիք, քրեական գործեր հարուցվեցին 11.000 պետծառայողի ու 750 դասախոսի նկատմամբ, «սև ցուցակում» հայտնվեց իսլամիստական կողմնորոշում ունեցող Թուրքիայի 6 միլիոն քաղաքացի: