Վ. Սեդրակյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Սեդրակյանին երկամսյա կալանքի վերցնելու` դատարանի որոշումը
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր պատրաստվում է բողոքարկման դիմում ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ երեկ ուշ երեկոյան կայացրած որոշման դեմ՝ այն է՝ Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի վերցնել:
«Հիմա նա կալանավորված է , գտնվում է ԱԱԾ-ում, բայց Վարդան Սեդրակյանն իր մեղքը չի ընդունում: Եվ մենք պատրաստվում ենք երեկվա առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկել: Այլ մանրամասներ ասել չեմ կարող այս պահի դրությամբ, որովհետև ինչ-որ եղել է, եղել է ընդամենը երեկ՝ ժամը 16-ից հետո, ժամանակ շատ չի անցել, մենք էլ պարոն Սեդրակյանի հետ պիտի նստենք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ամեն դեպքում սա փորձանք է, փորձանքն էլ մարդու համար է:
Մենք հիմա խնդիր ունենք հասկանալու՝ ինչո՞ւ են ձերբակալել»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է ԱԱԾ միջնորդությունը և թույլ տվել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի վերցնել:
Վ. Սեդրակյանը մեղադրվում է ԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձ պատվիրելու մեջ։